Eli Lilly դեղագործական ընկերությունը ավարտել է փսորիազի բուժման նոր դեղամիջոցի կլինիկական հետազոտության երրորդ փուլը: Այդ դեղամիջոցի աշխատանքային անվանումն է՝ իկսեկիզումաբ: Ապացուցվել է, որ տվյալ միջոցն ավելի լավ է պայքարում թեփուկների առաջացման դեմ, քան պլացեբոն և էտաներցեպտը, գրում է Ռեմեդիում պարբերականը:
 
Մասնագետները համեմատել են պլացեբոյի և տարբեր դեղաչափերով իկսեկիզումաբի անվտանգությունը և արդյունավետությունը: Բուժումը շարունակվել է 12-60 շաբաթ: Բացի այդ 12 շաբաթվա ընթացքում այս դեղամիջոցը համեմատել են էտաներցեպտի հետ: Փսորիատիկ ախտահարումների նվազումը գնահատվել է փսորիազի տարածվածության և ծանրության ինդեքսով և Static Physician Global Assessment-ի սանդղակով: Դեղամիջոցի փորձարկմանը մասնակցել են միջին և ծանր ձևերի ախտահարում ունեցող մարդիկ:
 
Արդյունքն այսպիսինն էր՝ իկսեկիզումաբով 12 շաբաթյա բուժումից հետո (ամեն 2 կամ 4 շաբաթը մեկ տրվել է 80 միլիգրամ) հիվանդների 78-90%-ի մոտ ախտահարման արտահայտվածությունը նվազել է 75%-ով:  Իսկ մասնակիցների 31-41%-ի մոտ բուժման ավարտից հետո ախտահարումն ամբողջությամբ վերացավ: Պլացեբո կամ էտաներցեպտ օգտագործած հիվանդների միայն 5-7%-ի մոտ էր մաշկը մաքրվել:
 
Ինչ վերաբերում է կողմնակի էֆեկտներին, ապա հաճախակի առաջացել է ռինոֆարինգիտ կամ ներարկման հատվածի բորբոքում: Հաջորդ տարի մշակողները կհրապարակեն աշխատանքի մանրամասն հաշվետվությունը: Իսկ հաջորդ տարվա առաջին կեսին փորձարկման արդյունքները կուղարկեն կարգավորող մարմիններ՝ դեղամիջոցի գրանցման մասին հայտի հետ միասին:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ psoriasis.org