Դիմածնոտային վիրաբույժի աշխատանքի սպեկտորն ավելի լայն է, քան պատկերացնում են շատերը: Հենց այդ թյուր պատկերացման արդյունքում է, որ երբեմն պացիենտները այս կամ այն խնդրի դեպքում դիմում են ոչ ճիշտ մասնագետի:

Doctors.am-ն այս թեմայով զրուցել է դիմածնոտային վիրաբույժ Գուրգեն Մխիթարյանի հետ՝ խնդրելով նրան առանձնացնել այն խնդիրներն ու հիվանդությունները, որոնց դեպքում անհրաժեշտ է դիմել դիմածնոտային վիրաբույժին:

Եվ այսպես, դիմածնոտային վիրաբույժի մասնագիտությունն իր մեջ ներառում է՝

•    բորբոքային հիվանդությունների ախտորոշում եւ բուժում,
•    դեմքի վնասվածքների բուժում,
•    դիմածնոտային նյարդերի եւ հոդերի հիվանդությունների բուժում,
•    դեմքի շրջանում ձեռքբերովի արատների շտկում,
•    դեմքի պլաստիկա եւ այլն:

Յուրաքանչյուր բաժնի համար առանձնացնենք դրանց բնորոշ հիվանդություններից օրինակներ:

Սկսենք բորբոքային հիվանդություններից, որոնց շարքին է դասվում հայմորիտը:

Քթի փակվածություն, թարախային քթարտադրություն, գլխացավ, դեմքի շրջանում ճառագայթող ցավեր, ջերմություն…

Եթե այս ախտանշանները ծանոթ են Ձեզ եւ չեն լքում տեւական ժամանակ, ապա, ամենայն հավանականությամբ, գործ ունենք հայմորիտի հետ:

Հայմորիտը քթի հարակից խոռոչների լորձաթաղանթի բորբոքումն է, որը կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով, ինչպիսիք են՝

•    շնչառական, բակտերիալ, սնկային վարակները
•    ատամնածին (օդոնտոգեն) պատճառները
•    ալերգիկ ռինիտը
•    քթի միջնապատի ծռությունը
•    պոլիպները, ադենոիդները
•    եղանակային անբարենպաստ պայմանները եւ այլն:

Հիվանդության ընթացքը լինում է սուր կամ քրոնիկ: Երկու դեպքում էլ կարիք կա համալիր հետազոտության եւ բուժման, որը լինում է ինչպես դեղորայքային, այնպես էլ վիրահատական:

Ատամների հետ կապված որոշ խնդիրների դեպքում նույնպես կարիք կա դիմելու դիմածնոտային վիրաբույժի: Օրինակ՝ իմաստության ատամների հեռացման դեպքում, քանի որ իմաստության ատամի հեռացումը դասվում է վիրաբուժական միջամտությունների շարքին, եւ պետք է կատարվի համապատասխան որակավորում ունեցող ստոմատոլոգի կամ դիմածնոտային վիրաբույժի կողմից:

Ընդհանրապես, եթե խոսք է գնում իմաստության ատամը հեռացնել/չհեռացնելու մասին, հարկ է նշել, որ աշխարհի մի շարք զարգացած երկրներում վաղուց արդեն գործում է պրակտիկա՝ հեռացնել իմաստության ատամները՝ պրոֆիլակտիկ նկատառումներից ելնելով: Բացատրեմ, թե ինչու:

Իմաստության ատամներն, ի տարբերություն մյուս ատամների, ծկթում են ավելի ուշ, հիմնականում՝ 18-25 տարեկանում, երբ ատամնաշարը լիովին ձեւավորված է լինում: Այդ է պատճառը, որ բերանի խոռոչում տեղ չի լինում նոր ատամների ծկթման համար, եւ շատ հաճախ իմաստության ատամները ծկթում են ոչ ճիշտ դիրքով կամ մասնակի, երբեմն էլ կարող են ընդհանրապես չծկթել՝ մնալով ոսկրի հաստության մեջ:

Սխալ դիրքով ծկթած, մասնակի կամ լրիվ չծկթած իմաստության ատամները կարող են մի շարք ֆունկցիոնալ եւ էսթետիկ խնդիրների պատճառ դառնալ`

• կծվածքի խանգարում
• կարիոզ խոռոչ
• ուռուցքային գոյացություններ
• օդոնտոգեն աբսցես եւ այլն:
Ատամների պերիօդոնտիտ, օդոնտոգեն (ատամնածին) աբսցես, լեյկոպլակիա եւ մի շարք այլ հիվանդությունների դեպքում նույնպես կարող եք դիմել դիմածնոտային վիրաբույժի:

Եվ, իհարկե, դիմածնոտային վիրաբույժի աշխատանքն իր մեջ ներառում է դեմքի պլաստիկա՝ ռինոպլաստիկա, սեպտոպլաստիկա, օտոպլաստիկա, բլեֆարոպլաստիկա:

Օտոպլաստիկան  ականջների վիրահատությունն է, որն արվում է այն դեպքում, եթե պացիենտի մոտ առկա է՝
•    լոշտակություն
•    մեծ ականջախեցիներ
•    ականջների ասիմետրիա

Վիրահատությունն անցկացվում է ընդհանուր կամ տեղային անզգայացման պայմաններում:

Բլեֆարոպլաստիկան պլաստիկ վիրաբուժության ձեռքբերումներից է, որի շնորհիվ հեռացվում են վերին եւ ստորին կոպերի մաշկի ավելցուկներն ու ճարպային պարկերը, ինչի շնորհիվ պացիենտ ավելի երիտասարդ տեսք է ստանում:

Ժամանակի ընթացքում փոխվում է ոչ միայն մեր աչքերի տեսողությունը, այլեւ կոպերի ձեւը: Դրանք կախվում են՝ մաշկի ավելցուկի պատճառով:

Սրան նպաստում են մի շարք գործոններ, ինչպիսիք են՝
•    տարիքը
•    ժառանգական նախատրամադրվածությունը
•    մաշկի էլաստիկությունը

Սեպտոպլաստիկան քթի միջնապատի շտկման վիրահատությունն է, որն արվում է առողջական նկատառումներից ելնելով:

Ո՞ր դեպքում է ցուցվում սեպտոպլաստիկա.

Եթե Ձեզ մոտ առկա է՝

•    դժվարացած քթային շնչառություն
•    քրոնիկական հարբուխ
•    հայմորիտ
•    քնի ապնոէ
•    գլխացավեր
ապա սեպտոպլաստիկան լավագույն լուծումն է՝ այս խնդիրներից մեկընդմիշտ ազատվելու:

Հավելեմ, որ միջնապատի շտկման վիրահատությունը կարելի է համատեղել ռինոպլաստիկայի՝ քթի պլաստիկ վիրահատության հետ:

Ռինոպլաստիկան քթի պլաստիկ վիրահատությունն է, որն արվում է էսթետիկ նպատակով:

Քիթը մեր դեմքի ամենաերեւացող հատվածն է, եւ եթե այն չափերով մեծ է կամ դեֆորմացված, ապա կարող է բարդույթների եւ հոգեբանական խնդիրների պատճառ դառնալ

Վիրահատությունը կատարվում է ընդհանուր անզգայացմամբ: Սովորաբար պացիենտը մեկ օր անց դուրս է գրվում հիվանդանոցից, իսկ քթի վերջնական տեսքը կայունանում է վիրահատությունից վեց ամիս անց:



Աղբյուրը՝ Doctors.am