Գրիպը եւ սուր շնչառական այլ հիվանդությունները շարունակում են տարածվել մեր երկրում եւ տարածաշրջանում: Արձանագրվել են նաեւ H1N1 վիրուսի կամ, այլ կերպ ասած, «խոզի գրիպի» դեպքեր, որոնցից մի քանիսը՝ մահվան ելքով: Սա չէր կարող հասարակության մոտ խուճապ չառաջացնել, սակայն մինչ խուճապի մատնվելը՝ եկեք հասկանանք, թե ինչ է H1N1 վիրուսը եւ առաջին հերթին ում համար է վտանգավոր:

H1N1-ը գրիպի վիրուսի համեմատաբար նոր շտամ է, որի բռնկումը տեղի է ունեցել 2009 թվականին եւ ստացել «խոզի գրիպ» անվանումը:

«Խոզի գրիպը» համարվում է սուր ինֆեկցիոն հիվանդություն, որը Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից ճանաչվել է պանդեմիկ (համաճարակ):

Այն աչքի է ընկնում հիվանդության ծանր ընթացքով, գրիպի մյուս ձեւերի համեմատ ավելի բարձր մահացությամբ, արագ տարածվելու հատկությամբ: 

Գրիպի այս տեսակը ստացել է «խոզի գրիպ» անվանումը, քանի որ նախկինում մարդիկ վարակվել են խոզերի հետ շփվելու արդյունքում: Ներկայում այս վիրուսը փոխանցվում է մարդուց մարդուն: H1N1 վիրուսը տարիների ընթացքում ենթարկվել է փոփոխությունների: Սա նշանակում է, որ մարդկանց մեծամասնությունը չունի իմունիտետ այդ վիրուսի նկատմամբ: Եվ սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութերը չեն կարող պաշտպանել մարդուն այս վիրուսից:

H1N1 վիրուսի կլինիկական ախտանիշները շատ նման են սեզոնային գրիպի ախտանիշներին՝ հազ, կոկորդի ցավ, բարձր ջերմություն, գլխացավ, մարմնի ջարդվածության զգացողություն, հոգնածություն, սրտխառնոց եւ այլն: Սա նշանակում է, որ միայն ախտանշաններից ելնելով՝ հնարավոր չէ պարզել, թե արդյոք մարդու մոտ «խոզի գրիպ» է, թե ոչ: Դա կարող է պարզ դառնալ միայն լաբորատոր թեստի միջոցով:

«Խոզի գրիպը» միանգամից չի դրսեւորվում: Դրա ինկուբացիոն շրջանը 24-48 ժամ է տեւում՝ մինչ ի հայտ կգան առաջին նախանշանները: Այս շրջանում վիրուսն ակտիվորեն կարող է տարածվել եւ փոխանցվել այլ մարդկանց: Օրինակ՝ երբ վիրուսակիր մարդը փռշտում է կամ հազում՝ առանց բերանը փակելու, կամ երբ Դուք դիպչում եք վիրուսակիր մարդուն, իսկ հետո ձեռքերը տանում դեպի Ձեր բերանը կամ քիթը:

Ինչպե՞ս է վիրուսն ազդում մարդու օրգանիզմի վրա

Վիրուսը փոփոխություն է առաջացնում արյան կազմության մեջ՝ նպաստելով թրոմբոցիտների քանակի ավելացմանը, ինչի արդյունքում մեծանում է թրոմբի ձեւավորման ռիսկը:
Հիվանդության բարդություններից է թոքերի, երիկամների բորբոքումը, միոկարդիտը:

«Խոզի գրիպի» բարդությունները մահացու դեպքերի հիմնական պատճառն են: 

Ամենավտանգավոր բարդությունը, որն առաջացնում է H1N1-ը, թոքաբորբն է: Այն կարող է առաջանալ հիվանդությունից 2-3 օր անց եւ ուղեկցվել հետեւյալ ախտանշաններով՝

  • հաճախաշնչություն
  • ցիանոզ (քթի, շրթունքների, վերջույթների մատների կապտում)
  • չոր հազ

Ովքե՞ր են ռիսկի խմբում

  • հղի կանայք
  • երեխաները՝ հատկապես 2 տարեկանից ցածր
  • թոքերի քրոնիկ հիվանդություն ունեցող մարդիկ
  • սիրտ-անոթային հիվանդություններ ունեցող մարդիկ
  • լեղապարկի, երիկամների հետ խնդիրներ ունեցող մարդիկ
  • շաքարային դիաբետ ունեցող մարդիկ
  • տարեց մարդիկ (65-ն անց)

Եթե Դուք ռիսկի խմբում եք, ապա հետեւեք գրիպից պաշտպանվելու կանոններին եւ ժամանկին դիմեք բժիշկի:



Աղբյուրը՝ Doctors.am