Շատերի համար մազերն իրենց անհատականության մի մասն են և քիմիաթերապիայի ընթացքում դրանք կորցնելու վախը սարսափ է առաջացնում: Սակայն հիվանդները պետք է հիշեն, որ բուժումը ոչնչացնում է նաև քաղցկեղային բջիջները և օգնում ձերբազատվել ուռուցքից: Մազաթափությունը քիմիաթերապիայի հետևանքով հաճախակի հանդիպող կողմնակի ազդեցություններից է, այնուամենայնիվ ոչ բոլոր դեղամիջոցներն են դա առաջացնում: Եթե նման կողմնակի ազդեցությունը հավանական է կոնկրետ բուժման դեպքում, ապա բժիշկն անպայման կտեղեկացնի այդ մասին: Սկզբում մազերը կնոսրանան, այնուհետև կարող են ամբողջովին թափվել, և այդ գործընթացը տեղի կունենա մարմնի մազածածկ բոլոր հատվածներում (գլուխ, դեմք, ձեռքեր, ոտքեր, թևատակեր): Բուժման ավարտից հետո ինչպես գլխի, այնպես էլ մարմնի այլ հատվածների մազերը նորից կսկսեն աճել, որը երբեմն կարող է տեղի ունենալ հենց բուժման ընթացքում: Նոր աճած մազերը կարող են տարբերվել նախորդներից իրենց գույնով, խտությամբ և որակով:
Հնարավոր է՝ մազերը թափվեն ոչ թե բուժման ամենասկզբում, այլ քիմիաթերապիայի առաջին կուրսից մի քանի շաբաթ անց, ինչպես նաև՝ բուժման մի քանի կուրս ընդունելուց հետո: Մազաթափությունը կարող է տեղի ունենալ աստիճանաբար կամ զանգվածային կերպով, իսկ պահպանված մազերը դառնալ չոր և փխրուն:
Ինչպե՞ս խնամել մազերը և գլխամաշկը քիմիաթերապիայի ընթացքում
- Օգտագործեք նուրբ ու խոնավեցնող շամպուններ ու բալզամներ:
- Մազերը հարդարեք փափուկ խոզանակով:
- Վարսահարդարիչ կիրառելիս ընտրեք ցածր ջերմաստիճան:
- Կարճ սանրվածք ընտրեք. այդպես մազերը ավելի խիտ ու փարթամ տեսք կունենան, որի շնորհիվ փոքր-ինչ դյուրին կլինի մազերի կորստի հետ հաշտվելը:
- Եթե մազերն ամբողջությամբ են թափվել, ապա գլխամաշկի պաշտպանության համար արևապաշտպան քսուք օգտագործեք և գլխարկ կրեք:
- Մի՛ օգտագործեք հարդարման տաք սարքեր մազերը գանգրացնելու համար:
- Մի՛ ներկեք կամ գունաթափեք մազերը: Դա կարելի է անել բուժումից նվազագույնը վեց ամիս հետո:
- Օգտագործեք փափուկ, հարթ, առանց ասեղնագործության բարձի երես:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ American Society of Clinical Oncology