Ի՞նչն է խանգարում ունենալ առողջ և գեղեցիկ մազեր: Շատ հաճախ մենք հետևում ենք տարածված միֆերին և սկսում օգնելու փոխարեն վնասել ինքներս մեզ: Մենք առանձնացրել ենք մազերի խնամքի հետ կապված ամենատարածված միֆերն ու մի քանի կարևոր խորհուրդ, որ միանշանակ կօգնեն ունենալ Ձեր երազանքի փարթամ մազերը:
Միֆ 1. Մազերը հաճախ կտրելը նպաստում է, որ դրանք ավելի արագ աճեն
Նշանակություն չունի, թե որքան հաճախ եք կտրում մազերը: Ամսական նրանք աճում են 2-3սմ չափով: Մազերը մի փոքր ավելի արագ են աճում ամռանը, քանի որ այդ շրջանում օրգանիզմի կենսագործունեությունն արագանում է: Իհարկե, մազերը պարբերաբար կտրելը կօգնի ազատվել ճյուղավորումից և ավելի թարմ տեսք հաղորդել Ձեր սանրվածքին, սակայն սա չի նպաստում, որ մազերն ավելի արագ կաճեն:
Միֆ 2. Անհրաժեշտ է ամեն օր լվանալ մազերը
Մեծամասամբ մազերն ամեն օր լվանալու կարիք չկա: Առողջ գլխամաշկ ունենալու համար ամենահարմար տարբերակը մազերն օրումեջ լվանալն է: Եթե Դուք զբաղվում եք ակտիվ սպորտով կամ Ձեր գլխամաշկը հաճախ է յուղոտվում, հնարավոր է, որ ավելի հաճախ լվանալու կարիք ունենաք, իսկ չոր գլխամաշկի դեպքում կարելի է լվանալ մի քանի օրը մեկ հաճախականությամբ:
Միֆ 3. Եթե պոկեք սպիտակ մազերը, ապա դրանք կշատանան
Հավանաբար Դուք էլ եք լսել այս տարածված կարծիքը, որն իրականում չի համապատասխանում իրականությանը: Եթե Դուք պոկեք մոխրագույն կամ սպիտակած մազը, ապա դրա փոխարն երկու նորը չեն ավելանա, քանի որ այդ երկու գործոնները փոխկապակցված չեն:
Միֆ 4. Չի կարելի քնել կապված կամ հյուսված մազերով
Ժամանակ առ ժամանակ կարելի է քնել հյուսված կամ կապված մազերով: Կարևոր է հիշել, որ մազերը պետք է թույլ կապել կամ հյուսել, հակառակ դեպքում չեն բառացվում գլխացավերը, հնարավոր է նաև մազերի որակի վատացում: Ուշադրություն դարձրեք նաև մազերի ժապավենների ընտրությանը: Ցանալի է, որ դրանք լինեն հնարավորինս առաձգական, որ չվնասեն մազափնջերին:
Միֆ 5. Մազերն անհրաժեշտ է հաճախ սանրել
Եթե Դուք մազերը հաճախ սանրելու սովորություն ունեք, ապա ցանկալի է հրաժարվել դրանից: Հակառակ դեպքում մազարմատները սկսեն թուլանալ, իսկ մազերը ավելի շատ կճյուղավորվեն: Մազերը սանրելու ամենահարմար քանակը օրական 2-3 անգամն է հնարավորինս նուրբ ձևով, ինչը օգտակար կլինի գլխամաշկի համար և կնպաստի առողջ մազերի աճին:
Միֆ 6. Օրական մոտ 100 մազ կորցնելը նորմալ չէ
Մեզնից շատերը մոտ 100.000 մազ ունեն, իսկ օրական մոտ 100 մազ կորցնելը բնականոն երևույթ է: Սակայն եթե ամեն անգամ մազերը լվանալուց հետո դրանք ինչպես ընդունված է ասել «բռերով թափվում են», ապա դիմեք բժշկի օգնությանը: Մազերը սանրելուց կամ լվանալուց հետո ընդամենը մի քանի մազ թափվելու դեպքում մի՛ անհանգստացեք, դրանց փոխարեն կաճեն նորերը:
Միֆ 7. Թաց մազերը սանրելը վնասակար չէ
Ջուրը թուլացնում է մազերը և ավելի զգայուն դարձնում դրանք: Թաց մազերը սանրելը վնասակար չէ միայն այն դեպքում, երբ մենք անում ենք դա առավելագույն խնամքով և նրբությամբ: Լվանալուց հետո խճճված մազերից խուսափելու լավագույն տարբերակը մեծ ատամներով սանր օգտագործելն է՝ խուսափելով ուժգին և կտրուկ շարժումներից:
Իսկ վերջում՝ 3 կարևոր խորհուրդ, որ կօգնեն ունենալ առողջ մազեր
- Առողջ գլխամաշկ և մազեր ունենալու համար սննդացանկում ներառեք ավելի շատ ընդեղեն, կանաչ տերևավոր բանջարեղեն, օրինակ՝ կաղամբ, բրոկոլի, բազուկի ճավ, հազար և այլն, ինչպես նաև լոբազգիներ:
- Մազերի փայլը չկորցնելու համար լվացեք դրանք գոլ ջրով: Իսկ այդ գործընթացն ավելի հաճելի դարձնելու համար լվացեք գլխամաշկը մերսող շարժումներով:
- Հնարավորինս քիչ չորացրեք մազերը վարսահարդարիչով կամ արդուկով: Եթե Ձեր դեպքում վարսահարդարիչ կիրառելն անհրաժեշտություն է, ապա փորձեք հարդարել մազերը համապատասխան սարքի նվազագույն ջերմաստիճանով և այն շատ չմոտեցնելով մազերին: Եվ հիշե՛ք, որ մազերը առավելագույնս առողջ են, երբ չորանում են մաքուր օդին:
Հետևե՛ք մեր խորհուրդներին առողջ և փայլուն մազեր ունենալու համար: Իսկ եթե կան խնդիրներ, մի՛ հապաղեք դիմել բժշկի օգնությանը: Մեր կայքում գրանցված մասնագետները պատրաստ են սիրով օգնել Ձեզ: