Մարտի 20-ն աշխարհում նշվում է որպես Երջանկության միջազգային օր: Doctors.am-ը նույնպես փորձել է նպաստել ձեր երջանկությանը՝ առաջարկելով օրգանիզմում սերոտոնինի մակարդակը բարձրացնող 6 գործուն մեթոդ:

1.Ավելի շատ տրիպտոֆան ստացեք սննդամթերքի միջոցով:

Տրիպտոֆանը ամինաթթու է, որն անհրաժեշտ է օրգանիզմին սերոտոնին արտադրելու համար: Տրիպտոֆանն առկա է մի շարք մթերքներում, հատկապես՝ կաթնամթերքների, ձվի, դառը շոկոլադի, բանանի, ընկույզի բաղադրության մեջ: Փորձեք այս բնական հակադեպրեսանտները առավել հաճախ ներառել ձեր կերակրացանկում:

2.Վիտամին B օգտագործեք

B խմբի յուրաքանչյուր վիտամինն էլ կարևոր է մեր լավ ինքնազգացողության համար, սակայն հենց վիտամին B12 և B6-ն են մասնակցում սերոտոնինի սինթեզավորման գործընթացում: Մարդկանց մեծ մասը ստանում են օրական մոտավորապես 50-100 մգ չափաբաժին, սակայն խորհրդակցելով բժշկի հետ, այդ չափաբաժինը հնարավոր է մեծացնել: Հասկանալու համար, թե օրգանիզմում ինչ վիտամինի պակաս կա, պետք է անպայման արյան համապատասխան հետազոտություն անցնել: Չի կարելի առանց բժշկի հսկողության վիտամինային հավելումներ ընդունել:

3. Այցելեք մերսման

Գաղտնիք չէ, որ մարդու տրամադրությունը մերսումից անմիջապես հետո լավանում է, բայց դրա պատճառը միայն մկանային լարվածության թուլացումը չէ: Մերսումից հետո սերոտոնինի մակարդակը բարձրանում է, ինչը  պայմանավորված է օրգանիզմում սթրեսի հորմոնի՝ կորտիզոլի 30% կրճատմամբ: Կորտիզոլի և սերոտոնինի քանակությունները գտնվում են հակադարձ կախվածության մեջ՝ կորտիզոլի քանակության ավելացումն էլ նպաստում է սերոտոնինի կրճատմանը:
 
4.Ձեր սննդակարգում ավելացրեք մագնեզիում:

Մագնեզիումը նույնպես մեծ դեր ունի սերոտոնինի բավարար մակարդակի պահպանման հարցում: Սթրեսը և օրգանիզմում մագնեզիումի պակասը կարող են մեկը մյուսի հետ փոխկապակցված լինել և իրար վրա ազդելով վատթարացնել ձեր վիճակը: Մագնեզիումի պակաս չունենալու համար ձեր ճաշացանկում ավելացրեք ձուկ, կանաչեղեն և բանան:

5. Ժամանակ գտեք սպորտով զբաղվելու համար:

Դուք հավանաբար ինքներդ էլ համոզվել եք, որ սպորտով զբաղվելը ձեզ առավել առույգ և երջանիկ է դարձնում է: Մարզումների ժամանակ և դրանից հետո օրգանիզմում արտադրվում են մեծ քանակությամբ էնդորֆիններ, բացի այդ, ֆիզիկական ակտիվությունը նպաստում է սերոտոնինի արտադրմանը:
 
6. Զարգացրեք լավատեսական մտածողություն:

Նեյրոհաղորդիչների արտադրության վրա դուք կարող եք ազդել ոչ միայն ձեր սննդակարգում նոր մթերքներ ավելացնելով, այլ նաև՝ փոխելով կյանքի հանդեպ ձեր վերաբերմունքը: Հասկացեք, թե ինչն է ձեզ իսկապես երջանկացնում և զբաղվեք դրանով առավել հաճախ: Ավելի շատ շփվեք մարդկանց հետ, ում սիրում եք: Ժամանակ տրամադրեք ձեր նախասիրություններով զբաղվելու համար:


Աղբյուրը՝ Doctors.am