Դասական երաժշտությամբ, Բաբաջանյանի նոտաներով և լեփ-լեցուն դահլիճում. հենց այսպես սկսվեց Ոսկրամկանային ճառագայթաբանության եվրոպական ասոցիացիայի դասընթացը:
Մայիսի 25-ին և 26-ին Երևանում առաջին անգամ անցկացվող այս դասընթացի ընթացքում Եվրոպայից ժամանած առաջատար մասնագետները կարդալու են դասախոսություններ՝ կլինիկական դեպքերի ներկայացումով և քննարկումներով:
Մայիսի 25-ին՝դասընթացի առաջին օրը, իր հայ գործընկերների համար դասախոսություն կարդաց նաև ռադիոլոգիայի ասպարեզում մեծ հաջողությունների հասած և հռչակ ձեռք բերած Արա Կազարջյանը:
Ռադիոլոգների հայկական ասոցիացիայի նախագահ Կոստան Գալումյանի խոսքով`սեմինարի թեման բարդ է և արդիական, այն ուղղաված է ոսկրամկանային համակարգի խնդիրների ախտորոշմանը և նպատակ ունի ամերիկյան և եվրոպական փորձի միջոցով նպաստել ոլորտի զարգացմանը.
«Հայաստանի ռադիոլոգիայի եվրոպական ուղին սկսված է, իսկ առաջին կարևոր քայլը մենք կատարել ենք 3 ամիս առաջ, երբ դարձանք Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի 46-րդ ազգային ասոցիացիան: Ի դեպ, ԱՊՀ երկրներից այստեղ ներկայացված են ընդամենը 5 պետություն»:
Ռադիոլոգիայի համաշխարհային ասոցիացիայի առանձին ճյուղերից մեկը Ոսկրամկանային համակարգի կոմիտեն է: Հաշվի առնելով այս թեմայի կարևորությունը՝ Հայաստանի տարբեր բժշկական կենտրոններից ոլորտի առաջատար մասնագետները հավաքվել էին՝ լսելու համաշխարհային փորձի, մասնագիտության մեջ կրառվող նորամուծությունների մասին:
Հայաստանի ռադիոլոգների ասոցիացիայի և Ռադիոլոգիայի եվրոպական ասոցիացիայի համագործակցության շնորհիվ՝ այս ոլորտում կդրվի ևս մեկ բարձր նշաձող՝ մասնագետների վերապատրաստումը կընթանա պաշտոնական հիմքով: Այս համագործակցության շնորհիվ՝ պլանավորվում է Հայաստանում հյուրընկալել Ռադիոլոգների եվրոպական ասոցիացիայի նախագահին, անցկացնել համահայկական ռադիոլոգիական ֆորում:
Աղբյուրը՝ Doctors.am