Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների համաձայն՝ ամեն 10 վայրկյանը մեկ աշխարհում մահանում է մեկ կանոնավոր ծխող մարդ (2020 թվականին այս արդյունքը կարող է փոխվել. մահ՝ ամեն 3 վայրկյանը մեկ):
Ըստ վիճակագրության` Հայաստանում մեծահասակ (16 տարեկանից սկսած) բնակչության 27%-ը կանոնավոր (ամենօրյա) ծխող է, ուր տղամարդկանց մասնաբաժինը կազմում է 52%, իսկ աշխատունակ տղամարդկանց (20-ից բարձր)` 57.7%ը:
Տղամարդկանց շրջանում ծխախոտամոլության նման պատկերը երկրում պայմանավորում է այն հիվանդությունների հիվանդացության բարձր ցուցանիշը, որոնց համար ծխախոտի օգտագործումը հիմնական ռիսկի գործոն է:
Կանանց մոտ ցուցանիշները հուսադրող են: Այստեղ առկա է ծխելու տարածվածության ցուցանիշների զգալի տարբերություն Երևանի /ավելի բարձր/ և այլ մարզերում բնակվող կանաց շրջանում: Նշենք, որ տարիների ընթացքում տղամարկանց շրջանում ծխախոտի օգտագործման տարածվածության նվազեցման առումով որոշակի դրական տեղաշարժ է արձանագրվել:
Ըստ հետազոտությունների` դպրոցականների շրջանում (13-15 տարեկան) ընթացիկ ծխողներ են 3.5%-ը (6.1% տղաները և 1.2% աղջիկները), չնայած Եվրոպական տարածաշրջանում այս տարիքի երեխաների մոտ ծխելու տարածվածությունը կազմում է 27-30% և մեր համեմատ այն բավական բարձր է, բայց դա չի կարող մխիթարանք լինել:
Երկրորդային ծխախոտի ծխի ներգործությունը նույնպես լուրջ գործոն է հայաստանցիների համար: Թեև հասարակական վայրերում ծխելը կանոնակարգող մի քանի օրենք և օրենսդրական ակտեր արդեն ընդունվել են, սակայն գոյություն ունեն դրանց կիրառման հետ կապված որոշ խնդիրներ:
Տեղեկատվությունը՝ ՀՀ Առողջապահության նախարարության