Անեսթեզիան բժշկության պատմության տարբեր փուլերում վտանգավորության տարբեր աստիճաններ է ունեցել՝ սկած հիվանդին թունավոր սունկ տալուց և թմրեցնելուց մինչև տարբեր վտանգավոր մեթոդներով կենտրոնական նյարդային համակարգն անջատելը, կամ, որ ավելի հեշտ է և պակաս տանջալից` անեսթեզիոլոգի թեթև ձեռքով ցավազրկվելը:
Անեսթեզիայի էվոլյուցիան բժշկությունը զարգացնելու համար շատ դռներ է բացել`շեմին թողնելով անզգայացման մասին առասպելներ և հնացած ու դաժան մեթոդներ: Բայց հին վախերը քաղաքային հորինված ուրվականի պես դուռը թակելու, հիվանդին սարսափեցնելու, իսկ ժամանակակից անեսթեզիոլոգին զարմացնելու հատկություն ունեն:
Անզգայացման տարբեր մեթոդների մասին առասպելներից կարելի է լեգենդներ հյուսել, ֆանտաստիկ ֆիլմեր նկարահանել կամ պարզապես հերքել դրանք: Մենք ընտրում ենք հերքելու կամ պարզաբանելու տարբերակը:
Վախ մի քանի անգամ անզգայացման ենթարկվելուց
Անզգայացման քանակային սահմանափակում չկա, ինչ խոսք, եթե առկա է անզգայացում իրականացնելու անհրաժեշտություն: Եթե վնասվածքը մեծ է, բնականաբար ամեն անգամ վիրակապելիս պետք է հիվանդին անզգայացնել, և այս դեպքում հիվանդին տրվող անզգայացնող դեղամիջոցներից վտանգն ու բարդություններն ավելի քիչ վտանգավոր են, քան այն ցավը, սթրեսը և դրանցով պայմանավորված՝ օրգանների ախտաբանական փոփոխությունները, որ հիվանդը կարող է ունենալ վիրակապման ժամանակ:
Երբեմն վիրահատության կարիք ունեցող մարդիկ հաճախ տագնապում են անզգայացումից` մտածելով, որ նախորդ վիրահատությունից կարճ ժամանակ է անցել, և չի կարելի կրկին վիրահատվել: Մարդիկ կարծում են, որ անզգայացումը «վատ բան է». Օրինակ՝ բարդ և ծանր վիրահատության դիմող անձը երբեմն վախենում է ոչ այնքան բուն վիրահատությունից, որքան անզգայացումից:
«Ասեղով քաշում են ուղեղի հեղուկը»
Ասում են՝ ողնուղեղային անզգայացումը վտանգավոր է նրանով, որ այդ ընթացքում բժիշկը մուտք է գործում ողնուղեղային տարածք: Իրականում այդ հատվածում ողնուղեղն ավարտվում է, և շրջանառվում է ուղեղ-ողնուղեղային հեղուկը: Ինչ խոսք, բարդություններ կարող են լինել, եթե մասնագետը չպահպանի գործելակերպի կանոնները, ինպես՝ ցանկացած բժշկական միջամտության ժամանակ։
Էպիդուրալ անզգայացումը չի կարող թուլացնել ոտքերը
Գրականության մեջ գրեթե չկան նկարագրված դեպքեր, որ էպիդուրալ անեսթեզիայի պատճառով ոտքերը թուլանան: Երբեմն բժշկական սխալի պատճառով կարող են ի հայտ գալ բարդություններ, սակայն տեխնիկապես,որակապես, դեղորայքային ճիշտ ներարկում կատարելիս նման վտանգներ չեն կարող լինել: Հնարավոր են դեպքեր, երբ ասեղի՝ փոքրիկ նյարդերին դիպչելու հետևանքով երբեմն դիտվեն մեջքի ցավեր:
Անզագայցումից հետո դեղորայքը փսխելը
Հաճախ են պացիենտները նշում, որ անզգայացումից հետո դեղորայքը պետք է փսխել: Իրականում ընդհանուր անզգայացման ժամանակ թուլանում են հիվանդի գրեթե բոլոր ներքին օրգանները և դրանց սեղմանները: Լեղին մասնակիորեն հոտ է լցվում ստամոքս, անզգայացումից արթնանալուց հետո հնարավոր է ստամոքսում կուտակված հեղուկը փսխել:
Բոլորը դա նույնացնում են դեղնավուն գույն ունեցող անեսթեզիայի դեղորայքներին: Իսկ որոշ դեպքերում կյանքի տարբեր փուլերում ձեռք բերած հիվանդությունները մարդիկ վերագրում են նրան, որ իրենց կարծիքով չեն փսխել «անզգայացման դեղամիջոցները»:
Մազաթափություն
Կա կարծրատիպ, որ ընդհանուր անզգայացումից հետո առաջանում է մազաթափություն: Օրինակ, աղիների բարդ վիրահատության ենթարկված անձը, որին կատարել են աղիների՝ միներալների, հանքային աղերի ներծծման համար պատասխանատու հատվածի հեռացում, ով մեկ ամիս հիվանդանոցում նորմալ չի սնվել՝ մոռանալով այս և նմանատիպ պատճառները, դիտվող մազաթափության համար մեղադրում է անզգայացումը: Սա,ընդունեք, որ խելամիտ չէ:
Իրականում, վիրահատությունը օրգանիզմի համար սթրես է և այդ սթրեսից, այո, կարող է նաև մազաթափություն առաջանալ, բայց դրա պատճառը անզգայացումը չէ:
Հիշողության կորուստ
Ալկոհոլը, ծխախոտը մի քանի անգամ ավելի վտանգավոր են գլխուղեղի աշխատանքի համար, քան ընդհանուր անզգայացման ժամանակ կիրառված դեղանյութը: Այն դեղերը, որոնք ներարկվում են, ունեն հիվանդի արյան ճնշումը նվազեցնելու հատկություն, և, երբեմն, անհետաձգելի վիրահատություններից առաջ, ցածր զարկերակային ճնշումը, սակավարյունությունը հանգեցնում են նրան, որ անզգայացման ժամանակ գլխուղեղին թթվածին բավարար քանակությամբ չի մատակարարվում: Դա կարող է առաջացնել գլխուղեղի բջիջների վնասում, և դրա հետևանքով՝ հիշողության կորուստ, սա անզգայացման լուրջ բարդություն է և
հետևանք, որի մասին պետք է հիվանդը տեղեկացված լինի: Նման բարդությունները շատ քիչ են առաջանում։
Նյութի սկզբնաղբյուրը՝ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ ամսագիր