Գլխի վնասվածքը լինում է փակ կամ բաց (թափանցող).
- գլխի փակ վնասվածքի դեպքում գանգի կոտրվածք չի լինում,
- գլխի բաց վնասվածքի դեպքում առկա է գանգի կոտրվածք և ուղեղի վնասում:
Տարբերում են գլխի հետևյալ տիպի վնասվածքներ.
- գլխուղեղի ցնցում, որն ուղեղի վնասման ամենատարածված տիպն է,
- գլխամաշկի վերքեր,
- գանգի կոտրվածքներ:
Գլխի վնասվածքները կարող են արյունահոսության պատճառ դառնալ՝
- գլխուղեղի հյուսվածքում,
- գլխուղեղը պատող թաղանթներում՝ ենթոստայնային արյունահոսություն, ենթակարծրենային և արտակարծրենային հեմատոմաներ:
Գլխի վնասվածքները շտապօգնության դիմելու ամենահաճախակի պատճառներից են: Դրանցից շատերը լինում են երեխաների շրջանում։
Գլխուղեղի վնասվածքը վնասվածքներին առնչվող հոսպիտալացման 6 դեպքերից մեկն է:
Պատճառներ
Գլխի վնասվածքների հիմնական պատճառ կարող են լինել.
- դժբախտ պատահարները՝ տանը,աշխատավայրում, բակում կամ սպորտով զբաղվելիս,
- վայր ընկնելը,
- ֆիզիկական հարձակումը,
- ճանապարհատրանսպորտային պատահարները:
Այս վնասվածքների մեծ մասն աննշան է, քանի որ գանգատուփը պաշտպանում է գլխուղեղը: Սակայն որոշ վնասվածքներ բավական ծանր են լինում, և հոսպիտալացման կարիք է զգացվում:
Ախտանշաններ
Գլխի վնասվածքները կարող են հանգեցնել արյունահոսության ուղեղային հյուսվածքում և գլխուղեղը պատող թաղանթներում (ենթոստայնային արյունահոսություն, ենթակարծրենային և արտակարծրենային հեմատոմաներ):
Գլխի վնասվածքների ախտանշանները կարող են ծագել անմիջապես կամ զարգանալ դանդաղ՝ մի քանի ժամից մինչև մի քանի օրվա ընթացքում:
Նույնիսկ եթե գանգոսկրերը կոտրված չեն, գլխուղեղը կարող է հարվածել գանգի ներքին մակերեսին և առաջանալ գլխուղեղի սալջարդ: Գլուխը կարող է արտաքինից նորմալ լինել, սակայն գանգում զարգացող արյունահոսությունը (կամ այտուցը) կարող է լուրջ հետևանքներ ունենալ:
Լուրջ վնասվածքի դեպքում կարող է վնասվել նաև ողնուղեղը:
Գլխի որոշ վնասվածքներ կարող են հանգեցնել գլխուղեղի ֆունկցիայի փոփոխությունների. դա գլխուղեղի տրավմատիկ վնասումն է: Ցնցումը գլխուղեղի թեթև աստիճանի վնասվածքն է: Սակայն ցնցման ախտանշանները կարող են տատանվել թույլից ծանր աստիճանի:
Անհրաժեշտ է դիմել բժշկական օգնության, երբ տուժածը.
- դառնում է քնկոտ,
- դրսևորում է տարօրինակ վարք,
- նշում է սաստիկ գլխացավ կամ պարանոցի կարկամություն,
- ունենում է անհավասարաչափ բիբեր (աչքի կենտրոնական մուգ մասը),
- չի կարողանում շարժել ձեռքը կամ ոտքը,
- կորցնում է գիտակցությունը՝ անգամ կարճ ժամանակ,
- փսխում է ավելի քան մեկ անգամ:
Այնուհետև պետք է ձեռնարկել հետևյալ միջոցառումները.
- Ստուգել տուժածի շնչուղիները, շնչառությունն ու անոթազարկը: Եթե անհրաժեշտ է, դիմել արհեստական շնչառության և սիրտ-թոքային վերակենդանացման:Եթե տուժածի շնչառությունն ու անոթազարկը նորմալ են, բայց նա անգիտակից է, ապա վարվել ինչպես ողնուղեղային վնասվածքի դեպքում:
- Կայունացնել գլուխն ու պարանոցը՝ օգնողի ձեռքերը տեղադրելով տուժածի գլխի երկու կողմերում: Գլուխը պահել ողնաշարի երկայնքով՝ կանխելով որևէ շարժում և սպասելով բուժօգնության:
- Դադարեցնել ցանկացած արյունահոսություն՝ վերքն ամուր սեղմելով մաքուր կտորով: Եթե վնասվածքը լուրջ է, խուսափել տուժածի գլուխը շարժելուց: Եթե արյունը թափանցում է կտորի միջով, չհեռացնելով այն՝ տեղադրել ևս մեկ կտոր:
- Եթե կա գանգի կոտրվածքի կասկած, ՉԿԻՐԱՌԵԼ ուղիղ ճնշում արյունոսության տեղամասին: Վերքը փակել ախտազերծված վիրակապով:
- Եթե տուժածը փսխում է, շնչահեղձությունից խուսափելու համար նրան թեքել մի կողմի՝ միաժամանակ շրջելով գլուխը, պարանոցն ու մարմինը (պետք է կատարել երկու հոգով):Դա կօգնի պաշտպանել ողնուղեղը. գլխի վնասվածքի դեպքում միշտ հավանական է ենթադրել, որ վնասված լինի: Երեխաները հաճախ գլխի վնասվածքից հետո ընդամենը 1 անգամ են փսխում: Դա կարող է խնդիր չլինել, սակայն հետագա հսկողության և վարման համար, այնուամենայնիվ, պետք է բժիշկ հրավիրել:
- Այտուցված հատվածներին տեղադրել սառցե պարկեր:
Գլխի լուրջ վնասվածքը, որը ներառում է արյունահոսություն կամ գլխուղեղի վնասվածք, պետք է բուժել ստացիոնար պայմաններում: Գլխի թեթև վնասվածքի դեպքում բուժման կարիք կարող է չլինել: Այուամենայնիվ, տուժածին պետք է ուշադիր զննել՝ հնարավոր ախտանշանները հայտնաբերելու համար, քանի որ դրանք կարող են ի հայտ գալ ավելի ուշ:
Բժիշկը կբացատրի՝ ինչ ակնկալել, ինչպես վարվել գլխացավի, այլ ախտանշանների դեպքում, երբ վերադառնալ դպրոց, աշխատանքի, մարզման և այլ գործունեության, նաև կներկայացնի այն նշաններն ու ախտանիշները, որոնց դեպքում պետք է անհանգստանալ:
- Անհրաժեշտ է լինում հետևել երեխաներին և փոխել նրանց ակտիվությունը:
- Չափահասները նույնպես կարիք են ունենում հսկողության և ակտիվությունը փոփոխելու:
Երբ դիմել բժշկի
Անմիջապես զանգահարել՝ 1-03, եթե՝
- Առկա է գլխի կամ դեմքի ծանր արյունահոսություն:
- Տուժածը շփոթված է, հոգնած կամ անգիտակից:
- Տուժածը դադարում է շնչել:
- Առկա է գլխի կամ պարանոցի լուրջ վնասվածքի կասկած, կամ զարգանում է գլխի լուրջ վնասվածքի որևէ ախտանիշ:
Կանխարգելում
Անշուշտ, հնարավոր չէ կանխել գլխի բոլոր վնասվածքները, սակայն կարելի է փոքր-ինչ ապահով զգալ՝ հետևելով հետևյալ պարզ քայլերին՝
- միշտ օգտագործել անվտանգության պարագաներ (ամրագոտիներ, հեծանիվի կամ մոտոցիկլետի սաղավարտներ, գլխապաններ և այլն) այնպիսի դեպքերում, որոնք կարող են գլխի վնասվածքի պատճառ դառնալ,
- սովորել և հետևել հեծանվային անվտանգության կանոններին,
- որևէ փոխադրամիջոց խմած չվարել և չթողնել, որ որևէ մեկը խմած վարի:
Աղբյուրը՝ «Առողջապահություն» ամսագրի 2016 նոյեմբեր