Նոյեմբերի 2-ին եւ 3-ին Գաստրոէնտերոլոգների հայկական ասոցիացիան կազմակերպել էր գիտաժողով՝ Հելիկոբակտերի եւ միկրոբիոտայի ուսումնասիրման եվրոպական խմբի հետ համատեղ, որի թեման էր «Հելիկոբակտեր պիլորի (helicobacter pylori) վարակի վարման եւ ֆեկալ տրանսպլանտացիայի եվրոպական ուղեցույցերի ադապտացումը Հայաստանի պայմաններին՝ որպես մոդել ցածր ռեսուրսներով երկրների համար»:

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի բժիշկ գաստրոէնտերոլոգ, լյարդաբան, ԵՊԲՀ դասախոս Մանիկ Գեմիլյանը Doctors.am-ի հետ զրույցում պարզաբանեց, որ շուրջ մեկ տարի եվրոպացի գործընկերների հետ համատեղ ուսումնասիրություն են իրականացրել Հայաստանում՝ պարզելու հելիկոբակտերի տարածվածության աստիճանն ու դրա կայունությունը անտիբիոտիկների նկատմամբ:

«Գոյություն ունի հելիկոբակտերի ախտորոշման, բուժման եւ կանխարգելման եվրոպական ուղեցույց, որը թեեւ ընդհանուր է, այնուամենայնիվ, յուրաքանչյուր երկրի համար դրանում պետք է ներառվեն որոշակի տվյալներ, որոնց հիմա վրա պետք է իրականացնել անհրաժեշտ գործողությունները: Որպեսզի այդ ուղեցույցը ադապտացնեինք Հայաստանին, մենք շուրջ մեկ տարի պիլոտային հետազոտություն իրականացրեցինք, որից պարզ դարձավ, որ հելիկոբակտերի տարածվածությունը մեր երկրում կազմում է 46-48 տոկոս»,- մեզ հետ զրույցում նշեց Գեմիլյանը՝ հավելելով, որ ուղեցույցը ադապտացնելիս հաշվի են առել նաեւ դեղերի հասանելիությունն ու մատչելիությունը Հայաստանի բնակիչների համար:

Հելիկոբակտեր պիլորին բակտերիա է, որը բնակվում է մարդու ստամոքսում եւ առաջացնում է գաստրիտ, որոշ դեպքերում՝ խոց, իսկ ավելի քիչ դեպքերում նաեւ կարող է լինել ստամոքսի քաղցկեղի պատճառ:

Մանիկ Գեմիլյանի խոսքով՝ աշխարհի բնակչության 50 տոկոսից ավելին ունի այս բակտերիան, բայց դա, իհարկե, չի նշանակում, որ նրանք բոլորն անպայման կունենան ստամոքսի խոց.

«Եթե մարդը գանգատ չունի, ապա կարիք չկա նրան ստուգելու, սակայն եթե նա այցելում է բժիշկի մարսողական որեւէ  հատուկ գանգատներով՝ ստամոքսի շրջանում ցավ, վաղ կշտացման զգացում, ուտելուց հետո վքնում է կամ ստամոքսում այրոց է ունենում, ապա կարիք է առաջանում, որպեսզի ստուգենք հելիկոբակտերի առկայությունը»,-ասաց գաստրոէնտերոլոգը:

Նա նշեց, որ հելիկոբակտերը բուժվում է անտիբիոտիկներով, եւ ոչ թե մեկ, այլ առնվազն երկու անտիբիոտիկ պետք է ներառված լինի բուժման մեջ, որի տեւողությունը պետք է լինի ամենաքիչը 14 օր:

Հելիկոբակտերը մարդուց մարդ է փոխանցվում, երբ հիգիենան պատշաճ չի պահպանվում:

«Հաճախ են հարցնում՝ արդյոք կարելի է վարակվել համբուրվելիս: Այս հարցը վերջնական պարզված չէ, սակայն եթե մարդու մոտ կա թթվի հետհոսք ստամոքսից դեպի բերան, որում արդեն կա այդ բակտերիան, այդ դեպքում գուցե հնարավոր լինի վարակվելը համբույրի ժամանակ»,- պարզաբանեց Գեմիլյանը:

Բժշկուհուն խնդրեցինք նաեւ նշել, թե հիգիենան ինչպես է պետք իրականացնել.

«Պետք է պահպանել հիգինեաի համընդհանուր նորմերը, լվանալ ձեռքերը ամեն զուգարան գնալուց հետո կամ մարդաշատ վայրերում գտնվելուց եւ ինչ-որ իրերի դիպչելուց հետո»:

Ի դեպ, հելիկոբակտերին նվիրված գիտաժողովը ֆինանսավորվել է Եվրոպական գաստրոէնտերալոգիայի միության կողմից:


Աղբյուրը՝ Doctors.am

Զրուցեց Շուշան Շատիկյանը