Հեպատիտ B-ի հարուցիչը հեպատոտրոպ ԴՆԹ պարունակող վիրուսն է (HBV): Սեռականորեն փոխանցված վարակները կազմում են հեպատիտ B-ի դեպքերի շուրջ 40%-ը: Վիրուսակրության բարձր տոկոսներ են հայտնաբերվում ռիսկի խմբերի անձանց` ներառյալ ն/ե թմրամոլների, արվամոլների, մարմնավաճառների և այդ հիվանդության բարձր էնդեմիկությամբ երկրներից ներգաղթողների մոտ: Սեռական փոխանցումը գլխավորապես տեղի է ունենում արվամոլների մոտ, հետանցքով անպաշտպան կենակցումից, ինչպես նաև բերան-հետանցք հարաբերության ժամանակ: Վարակումը տեղի է ունենում նաև հետերոսեքսուալ ճանապարհով: Վարակը փոխանցվում է նաև պարենտերալ (արյան, այդ թվում` փոխներարկման և արյան պատրաստուկների միջոցով) և ուղղահայաց (վարակված մորից` պտղին): Հնարավոր են նաև վարակման եզակի դեպքեր` չախտահանված բժշկական գործիքների, ներարկիչների օգտագործման հետևանքով:

 

 

Ախտորոշում

Կլինիկական
- Սուր դեղնուկային հեպատիտի ինկուբացիոն շրջանը 40-160 օր է:
- Մարդկանց 10-50%-ը (հատկապես ՄԻԱՎ-դրականները) ունեն անախտանշան սուր վարակ:
- Քրոնիկ վարակների դեպքում մեծ մասամբ ախտանշաններ չեն հայտնվում: Տարիներ անց վարակի առկայությամբ, կարող են հայտնվել լյարդի քրոնիկ հիվանդության նշաններ:

Լաբորատոր
Վարակի յուրաքանչյուր փուլի համար կիրառելի շճաբանական հետազոտությունների արդյունքների մեկնաբանման համար:

Այլ փորձեր
- Սուր վարակ - շիճուկում ամինոտրանսֆերազները բարձրացած (ALT և AST)` հազվադեպ ավելի բարձր քան 10.000 ՄՄ/լ: Շիճուկի բիլիռուբին` հազվադեպ ավելի քան 300 մկրմոլ/լ: Հիմնային ֆոսֆատազան` նորմայի վերին սահմանից կրկնակիից ավելի, բացի լեղականգով ընթացող դեպքերից: Պրոթրոմբինային ժամանակը երկարացված մինչև 5 վրկ: Ավելին մատնանշում է լյարդի անբավարարություն:
- Քրոնիկ վարակ - մեծ մասամբ առկա է ամինոտրանսֆերազների թույլ տեղաշարժ (սովորաբար 100ՄՄ/լ նվազ), իսկ լյարդի փորձերը բնականոն են լինում հիվանդների մեծ մասի մոտ:

Հեպատիտ B-ի հետազոտման ցուցումներ
Սուր դեղնուկային հեպատիտի առկայություն
Հեպատիտ B-ի մակերեսային հակածնի հետազոտում (HBsAg) (ինչպես նաև լյարդի փորձեր, պրոթրոմբինային ժամանակ, միզանյութ և էլեկտրոլիտներ): Եթե HBsAg-ն դրական է, շարունակել e հակածնային (HBeAg) և հակակորիզային IgM հետազոտություններով: Կասկածելի դեպքերում միայն (օր.` HBeAg բացասական) անհրաժեշտ կլինի որոշել HBV ԴՆԹ: Նաև ստուգել հեպատիտ A-ի և C-ի համար:

Անձի պատկանելությունը բարձր ռիսկի խմբերին
Ստուգել բարձր ռիսկի խմբերի անձանց (արվամոլներ, մարմնավաճառներ, ներերակային թմրամոլեր, ՄԻԱՎ-դրական վարակակիրներ, սեռական բռնության զոհեր և HBsAg-դրական անձանց զուգընկերներ կամ այդ ռիսկի խմբերի անձինք), ինչպես նաև ՍՎ-ներով հաճախակի վարակվողները, միաժամանակ մի քանի ՍՎն երով հիվանդները:

Դիտարկումային (սքրինինգային) հետազոտում
Հակա-հեպատիտ B կորիզային հակամարմնի (anti-HBc) հետազոտումը դիտարկման հարմար եղանակ է` պարզելու բնականոն իմունիտետը կամ վիրուսակրությունը: Դիտարկման այլընտրանքային ռազմավարություն է նաև նախապես HBsAg ստուգելը:
Ոչ իմուն անձանց առաջարկել պատվաստում: Եթե հայտնաբերվի քրոնիկ վիրուսակրություն` կազմակերպել բուժումը վարակաբանի հսկողությամբ:

Առաջնային կանխարգելում/պատվաստում
- Հեպատիտ B-ի փոխանցումը կարելի է կանխել խուսափելով անպաշտպան հարաբերությունից, ինչպես նաև օրո-անալ կոնտակտից, կամ` օգտագործելով պահպանակ:
- Հեպատիտ B-ի կանխարգելման ամենաարդյունավետ միջոցներից է պատվաստումը, որն առաջարկվում է բարձր ռիսկի անձանց:
- Բոլոր նորածինները պետք է ենթարկվեն պատվաստման (կրկնակի, առաջինը ծնվելուց 24 ժամվա ընթացքում, իսկ երկրորդը` 1,5 ամսական հասակում):
Ներարկումները կատարվում են ազդրից կամ դելտայաձև մկանից:
- ՄԻԱՎ-դրական անձինք ցուցաբերում են պատվաստի նկատմամբ ցածր պատասխան (մոտ 40%) և կարող են հակա-HBs-բացասական դառնալ մեկ տարվա ընթացքում:
- Բարձր ռիսկի անձանց (HBsAg դրական անձանց, սեռական կամ կենցաղային կոնտակտներին) պատվաստման արագացված կուրս տրամադրել առաջին ներարկումից 1, 2 և 12 ամիս հետո: Անարդյունավետ պատվաստումների դեպքում` նշանակել հավելյալ ներարկումներ (մինչև 3 անգամ), այդպիսով արդյունավետությունը հասցնելով գրեթե 100%-ի:
- Եթե պատվաստման առաջնային կուրսը անավարտ է մնում, ապա անհրաժեշտ բացը կարող է լրացվել նույնիսկ 4 տարի անց, առանց կուրսը կրկնելու կարիքի:
- Պատվաստված անձինք ժամանակի ընթացքում կարող են ենթարկվել լրացուցիչ` խթանիչ պատվաստման, որը թարմացնում է նախապես ստեղծված իմունիտետը հեպատիտ B-ի նկատմամբ: Առողջ իմունիտետով երեխաներն ու հասուն անձինք, ովքեր բնականոն պատվաստվել են, կարիք չունեն խթանիչ պատվաստման մինչև 15 տարի: Սակայն, ընկճված իմունիտետով հիվանդները (օրինակ` ՄԻԱՎ վարակակիրները, երիկամային անբավարարություն ունեցողները) կարիք ունեն պատվաստի խթանիչ ներարկումների, երբ հակա-HBs-ի մակարդակն իջնում է 10 ամ/լ-ից ցածր:

HBsAg դրական անձանց վարումը
- Հիվանդները պետք է խուսափեն անպաշտպան սեռական հարաբերությունից մինչև ոչ վարակիչ դառնալը կամ մինչև իրենց զուգընկերների պատվաստվելը:
- Հիվանդներին պետք է տրամադրվի հիվանդության և դրա համաճարակաբանության մասին տեղեկատվություն, հատուկ շեշտելով արյուն և օրգան/հյուսվածքներ չհանձնելու (դոնոր չլինելու) հանգամանքը:
- Ռիսկի խմբերի անձանց պետք է ստուգել այլ ՍՎ-ների նկատմամբ:
- Մանրամասն հետազոտումները (լյարդի բիոպսիա և այլն) պետք է կատարվեն վարակաբանների կողմից:

Քրոնիկ վարակի բուժման ցուցումները - 6 ամսից ավելի HBeAg-դրական վարակով անձանց պետք է նկատի առնել ալֆա-ինտերֆերոնով բուժման համար` 5-20 mu մ/մ կամ խոր ե/մ սրսկումով, շաբաթը 3 անգամ, 12-32 շաբաթ: Հավելյալ խոստումնալից բուժումները, առանձին կամ համակցված, ներառում են լամիվուդին, ֆամցիկլովիր, ադեֆովիր, թիմոզին ալֆա-1 և ռիբավիրին: Առողջ իմունիտետով հասուն տարիքում ձեռքբերված հեպատիտի (ամինոտրանսֆերազների բարձրացում կամ լյարդի բիոպսիայով հաստատված քրոնիկ ակտիվ հեպատիտ) դեպքում Ինտերֆերոնի արդյունավետությունը ամենաբարձրն է (40-50%): Այս բուժումը ծախսարդյունավետ է (cost-effective) և նվազեցնում է հետագա բարդությունները, ինչպիսիք են ցիռոզն ու լյարդի քաղցկեղը:
- Բուժման ընթացքում, լամիվուդինը ճնշում է հեպատիտ B-ի վիրուսային ռեպլիկացիան և կարող է հետաձգել լյարդի ախտահարումը ՄԻԱՎ-դրական անձանց մոտ: Բուժումը նման դեպքերում նվազ վստահելի է և հակավիրուսայինների նկատմամբ ընդհանրապես կայունություն է զարգանում հեպատիտ B-ի վիրուսում, երբեմն առաջ բերելով նույնիսկ հեպատիտի սրացում:
- Բացի լյարդի հիվանդության դեկոմպենսացված վիճակի առկայությունից, սպեցիֆիկ բուժում ցուցված չէ, չնայած հեպատիտ A-ի պատվաստում պետք է առաջարկվի, քանզի զույգ վարակը հղի է ծանր կանխատեսումով:

Հատուկ իրավիճակներ
Հղիություն և ստնտվություն
- Հղիության 65-90% դեպքերում, երբ մայրը HBeAg-դրական է և շուրջ 10% դեպքերում` երբ HBsAg-դրական, HBeAg-բացասական է, վարակը փոխանցվում է մորից` պտղին: Վարակված երեխաների մեծ մասը (90%) դառնում է քրոնիկ վարակակիր:
- HBsAg-դրական մայրերից ծնված երեխաները պատվաստվում են, սովորաբար համակցությամբ հեպատիտ B-սպեցիֆիկ իմունոգլոբուլինով (HBSIg) 200 ա.մ. մ/մ: Դա նվազեցնում է ուղղահայաց փոխանցումը շուրջ 90%-ով: Սակայն եթե HBSIg առկա չէ, պատվաստումն առանձին կանխում է ուղղահայաց փոխանցումը 66-100%: Երեխաները պետք է ստուգվեն հեպատիտ B-ի նկատմամբ (HBsAg և anti-HBs) պատվաստի 3-րդ ընդունումից 4-6 շաբաթ անց:
- Վարակված մայրերը պետք է շարունակեն ստնտվությունը, քանի որ փոխանցման հավելյալ վտանգ գոյություն չունի:

Զուգընկերների և այլ կոնտակտների վարումը
- Զուգընկերները պետք է հետազոտվեն և անհրաժեշտության դեպքում բուժվեն կամ պատվաստվեն:
- Քանի որ հեպատիտ B-ի վարակիչ շրջանը սկսում է դեղնուկից 2 շաբաթ առաջ և շարունակվում մինչև հիվանդը դառնա HBsAg-բացասական, հետևաբար քրոնիկ վարակների դեպքում որոնել որևէ մեկ կոնտակտի մոտ դեղնուկի դրսևորման միջադեպ: Հեպատիտ B-ի նկատմամբ հետազոտվում են բոլոր այն երեխաները, ովքեր ծնվել են վարակակիր մայրերից ու չեն պատվաստվել: - Կասկածելի սեռական հարաբերությունից կամ վարակակրի օգտագործած ասեղող վնասում ստացած անձին խորհուրդ է տրվում ներարկել ոչ իմուն HBSIg 500 ա.մ. մ/մ: Սա արդյունավետ է` հնարավոր վարակմանը հաջորդող 48 ժամվա ընթացքում, սակայն ոչ պիտանի` 7 օրից ավելի անցնելու դեպքում:
- Ռեկոմբինացված պատվաստի արագացված կուրս պետք է առաջարկվի նրանց, ում ներարկվել է HBSIg, ինչպես նաև բոլոր սեռական և կենցաղային կոնտակտներին (կրկնել 1, 2 և 12 ամիս անց):
- Խուսափել սեռական, հատկապես անպաշտպան պենետրատիվ սեքսից, մինչև լիակատար պատվաստումը (հակա-HBs տիտրերը ավելի քան 10ա.մ./լ):

Հսկողություն
- Սուր վարակ. ԼՖՓ (շաբաթական 1-4 անգամ) մինչև լավացում: - Քրոնիկ վարակի հավանականության պատճառով` շիճուկի HBsAg-ն պետք է ստուգվի 6 ամիս անց, նույնիսկ եթե ԼՖՓ բնականոն են:
- Քրոնիկ վարակ. չբուժելու դեպքում, հիվանդները պետք է պարբերաբար ստուգվեն 1 տարի (կամ ավելի պակաս) ժամանակահատվածում:
- Լավացումից հետո իմունիտետը (մակերեսային հակածին-բացասական) կայուն է 90%-ից ավելի դեպքերում:

Հեպատիտ D (դելտա վիրուսի վարակ, HDV) 
Հարուցիչն է անկատար ՌՆԹ վիրուսը: Հայտնաբերվում է միայն հեպատիտ B-ով տառապող հիվանդների մոտ` մեծ մասամբ ն/ե թմրամոլների, մարմնավաճառների, ինչպես նաև նրանց զուգընկերների մոտ, ուստի հարկավոր է կասկածել HDV-ի մասին, հատկապես եթե սուր հեպատիտը ծանր է ընթանում, կամ` քրոնիկ HBsAg կրողների մոտ արձանագրվում է հեպատիտի սրացում, կամ` քրոնիկ HBV-ի կրողների մոտ արագորեն զարգանում է լյարդի հիվանդություն: Ախտորոշումը հաստատվում է դրական հակա-HDV հակամարմնով կամ HDV-ՌՆԹ թեստով: