Հարուցիչը ՌՆԹ վիրուսն է: Էնդեմիկ է աշխարհով մեկ, ունենալով բարձր տարածվածություն Հարավարևելյան Ասիայում և Արևելյան ևրոպայում: Տարածվածությունը տատանվում է 0,06-1% Հյուսիս ևրոպական արյան դոնորների մոտ և 1,5-12% Հարավային և Արևելյան ևրոպայում, և մինչև 90%` ն/ե թմրամոլների մոտ:

Փոխանցում
- Դեպքերի մեծ մասը փոխանցվում է պարենտերալ ճանապարհով` փոխանակվող սրսկիչ/ասեղներով, ն/ե թմրամոլների շրջանում, վարակված արյան կամ արյան բաղադրիչների փոխներարկմամբ, երիկամային դիալիզ, ածելիներ փոխանակելով կամ ասեղներից վնասումով:
- Սեռական փոխանցման հավանականությունը խիստ ցածր է, սակայն այն աճում է, եթե վարակի աղբյուրն ունի նաև ՄԻԱՎ կամ այլ ՍՎ: Արվամոլների, մարմնավաճառների, բանտարկյալների, դաջվածների և գինեմոլների մոտ վարակման տոկոսը բարձր է:
- Մորից` մանկան փոխանցումը քիչ է հանդիպում (5% կամ պակաս), մեծ մասամբ` HCV-ՌՆԹ դրական կանանց մոտ: Ավելի բարձր տոկոս (մինչև անգամ 40%) է գրանցվում, եթե կինը միաժամանակ ՄԻԱՎ և HCV դրական է:

Ախտորոշում

Կլինիկական
- Սուր հեպատիտի ատիպիկ դեպքերում գաղտնի շրջանը տևում է 4-20 շաբաթ:
- Հիվանդների մեծ մասը (80%) ունենում է անախտանշան սուր վարակ:
- Մինչև 20% դեպքերում հիվանդներն ունենում են սուր դեղնուկ: ֆուլմինանտ հեպատիտը առաջանում է հատկապես հեպատիտ C-ի վիրուսակիրների մոտ, որոնք վարակվում են հեպատիտ A-ով:
- Վարակված անձանց շուրջ 50-85%-ը դառնում է քրոնիկ վիրուսակիր, սովորաբար անախտանշան, սակայն ոմանց մոտ կարող են նկատվել ոչ յուրահատուկ նշաններ (ընդհանուր թուլություն, գլխացավ և այլն): Քրոնիկ վիրուսակրությունը ինքնուրույն գրեթե չի վերանում: Ախտանշաններն ավելի բուռն են դրսևորվում խմիչքի չարաշահման կամ լյարդի այլ հիվանդության առկայության դեպքում: Վիրուսակիրների 35%-ի մոտ հնարավոր է լյարդի լուրջ ախտահարում, առանց ամինոտրանսֆերազների մակարդակի ավելացման:

Լաբորատոր
- Նախապես կատարվում է դիտարկիչ հակամարմինային թեստ (սովորաբար ֆերմենտի կապման իմունոանալիզ, ELISA, HCV-ի մակերեսային սպիտակուցների դեմ հակամարմիններ հայտնաբերելու համար): Դրական պատասխանի դեպքում անհրաժեշտ է այն հաստատել ռեկոմբինացված իմոնոբլոթի (ՌԻԲ) հետազոտությամբ: Դիտարկիչ հին ԻՖԱ թեստերով կեղծ դրական պատասխանների հաճախակի արձանագրման պատճառով դրանք չպետք է առանձին օգտագործվեն: Նորագույն ԻՖԱ թեստերը (ELISA-3) ավելի քան 95% զգայունություն և յուրահատկություն ունեն և չեն պահանջում ՌԻԲ- ով հաստատում: Այն հիվանդները, ովքեր ՌԻԲ կամ ELISA-3 դրական են երկու ստուգումներով, 6 ամիս ընդմիջումով, համարվում են քրոնիկ վարակակիրներ:
- Վիրուսային ՌՆԹ-ի հայտնաբերման մոլեկուլային կենսաբանական տեխնիկաները` հակադարձ տրանսկրիպտազի պոլիմերազային շղթայական ռեակցիան (ՀՏ-ՊՇՌ), և ճյուղավորված շղթայական ԴՆԹ (ճԴՆԹ), հաստատում են վարակը, սակայն ընդհանուր առմամբ չեն պահանջվում, քանի որ HCV հակամարմինների (ՌԻԲ կամ ELISA-3) հանդեպ դրական 85-95% հիվանդները լինում են նաև HCV-ՌՆԹ դրական: HCV-ՌՆԹ թեստավորման համար ցուցումներն ընդգրկում են այն հիվանդներին, ովքեր ունեն հակամարմիններով թեստերի սահմանային դրական պատասխան, և ախտորոշման կասկածների դեպքում, օրինակ` հաստատելու հեպատիտի հնարավոր բազմաթիվ պատճառների համեմատական մասնակցությունը: ՀՏՊՇՌ և ճԴՆԹ թեստերը միշտ չէ, որ հայտնաբերում են HCV-ի բոլոր գենոտիպերը և ենթակա են միջլաբորատոր փոփոխականության:
- Սովորաբար դեպքերի 90%-ի մոտ HCV շիճուկաբանական թեստերը դրական են դառնում վարակումից 3 ամիս անց, սակայն երբեմն այդ ժամկետը ձգվում է մինչև 9 ամիս: Սակավադեպ, նույնիսկ ՀՏ-ՊՇՌ-ով հաստատված, որոշ վարակակիրներ չեն լինում ԻՖԱ դրական:
- Սուր վարակ - շիճուկում ամինոտրանսֆերազների (ALT և AST) մակարդակը բարձրացած է սակայն հազվադեպ ավելի քան 10.000 ՄՄ/լ-ից: Շիճուկում բիլիռուբինը հազվադեպ է ավելի բարձր քան 300 միկրոմոլ/լ: Ալկալին ֆոսֆատազան նորմայի վերին սահմանից կրկնակիից նվազ է, բացի լեղականգով ընթացող դեպքերից: Պրոթրոմբինի ժամանակը երկարացված է մինչև 5 վրկ: Ավելի երկարացումները մատնանշում են լյարդի անբավարարության զարգացում:
- Քրոնիկ վարակ - դեպքերի մեծ մասում հայտնաբերվում է ամինոտրանսֆերազների թույլ անկանոնություն (սովորաբար նվազ քան 100 ՄՄ/լ) և հիվանդների մեծ մասի մոտ ԼՖՓ-ները լինում են սովորական:
HCV հետազոտման ցուցումներ
Սուր դեղնուկի առկայություն
Շիճուկաբանական թեստերից բացի հարկ է հետազոտել նաև ԼՖՓ, պրոթրոմբինի ժամանակը, միզանյութը և էլեկտրոլիտները: Եթե հակամարմինային թեստերը բացասական են, պետք է դրանք կրկնել դեղնուկի սկսվելուց 3 և 9 ամիս անց, իսկ դեղնուկի առկայության դեպքում, անմիջապես հետազոտել, օգտագործելով ՀՏՊՇՌ: Հարկ է հետազոտել նաև հեպատիտ A-ի և B-ի նկատմամբ:

ՍՎ դիտարկումային հետազոտում
- բոլոր ն/ե թմրամոլներին, հատկապես եթե փոխանակում են սրսկիչները, արյուն կամ արյան բաղադրիչներ ստացողներին և այն անձանց, ովքեր ստացել են ներարկիչների ասեղներից վնասվածքներ, երբ դոնորի HCV ստատուսը դրական կամ անհայտ է:
- HCV դրական անձանց զուգընկերներին, արվամոլներին (հատկապես ՄԻԱՎ- դրական), մարմնավաճառներին, դաջվածներին, գինեմոլներին և բանտարկյալներին:

Առաջնային կանխարգելում/պատվաստում
- Խրախուսել պահպանակի օգտագործումը վարակի փոխանցումը նվազեցնելու համար:
- Հետազոտել դոնորական արյունը HCV-ի նկատմամբ:
- Ներդնել թմրամոլների շրջանում ասեղների և սրսկիչների փոխանակումը` HCV, HBV և ՄԻԱՎ վարակների փոխանցումը նվազեցնելու համար:

HCV-դրական հիվանդների վարումը
- Հիվանդներին պետք է արգելվի արյուն, սերմ կամ օրգաններ հանձնել և բացատրվի վարակի փոխանցման այլ ուղիների մասին:
- Հիվանդներին մանրամասն տեղեկացնել իրենց և իրենց զուգընկերների առողջության վրա հիվանդության ազդեցության մասին:
- Հետազոտել այլ սեռավարակների նկատմամբ:
- Մանրամասն հետազոտումները (լյարդի բիոպսիա և այլն) պետք է կատարվեն վարակաբանների կողմից:

Բուժման ցուցումներ
- Սուր դեղնուկով հեպատիտ. բարձր դեղաչափով ալֆա և/կամ բետա- ինտերֆերոնի նշանակում:
- Քրոնիկ վարակ. ալֆա-ինտերֆերոնի 5-10 մլն ա.մ. մ/մ սրսկումները, շաբաթը 3 անգամ, 6-12 ամսով վերացնում են քրոնիկ վարակը շուրջ 20-30% հիվանդների մոտ: Թիմոզին ալֆա-1-ը ինտերֆերոնի հետ համակցմամբ բավականին խոստումնալից է: Հիվանդներին ավելի արդյունավետ է ինտերֆերոնը եթե`

- ունեն նվազ ծանրության հիվանդություն (ֆիբրոզի ցածր ցուցիչ լյարդի բիոպսիայով հաստատված).
- շիճուկում HCV-ՌՆԹ-ն ցածր աստիճան (նվազ քան 2 մլն ՌՆԹ պատճեն/մլ).
- վարակվել են HCV տիպ1-ից այլ գենոտիպով կամ եթե դարձել են HCVՌՆԹ- բացասական, բուժումն սկսելու 4 շաբաթվա ընթացքում:
- Բուժումը ծախսարդյունավետ է: ՄԻԱՎ-դրական անձանց բուժումն արդյունավետ է, հատկապես եթե CD4+ լիմֆոցիտների քանակը բարձր է (լավագույն դեպքում ավելի քան 500 բջիջ/մմ3):
- Պարզ չէ, թէ բնականոն ԼՖՓ-ով (2 առիթներով հետազոտված) քրոնիկ վարակով անձանց պետք է բուժել, թե ոչ: Եթե առկա է բիոպսիայով հաստատված լյարդի ախտահարում, հնարավոր է, որ բուժումն արդյունավետ լինի, սակայն ավելի պակաս, քան այն հիվանդները, ովքեր ունեն անկանոն ԼՖՓ:
- Հեպատիտ C վիրուսակիրներին պետք է առաջարկվի հեպատիտ A-ի (նաև Bի եթե առկա են ռիսկի գործոններ) պատվաստում: Նրանք պետք է տեղեկացվեն ալկոհոլի օգտագործումից լյարդի վնասման բարձր ռիսկի մասին:

Հատուկ իրավիճակներ
Հղիություն և ստնտվություն
- Կանայք պետք է տեղեկացվեն հղիության ընթացքում վարակի փոխանցման վտանգի մասին (տես` փոխանցում):
- Ստնտվությամբ փոխանցելու վտանգի մասին ստույգ փաստարկներ չկան, բացի HCV վիրուսային բարձր ծանրաբեռնվածությամբ (ավելի քան 2.5 X 108 ՌՆԹ պատճեն/մլ)ընթացող դեպքերից:

Զուգընկերների վարում
- Զուգընկերների հայտնաբերումը կարևորվում է հետագա խորհրդատվություն և հսկողություն սահմանելու համար:
- Թեստավորել վարակակիր զուգընկերուհուց ծնված երեխաներին:

Հսկողություն
- Սուր վարակի դեպքում հաճախակի հետազոտել ԼՖՓ (շաբաթական 1-4 անգամ) մինչև բնականոնացումը: Քրոնիկ վարակի հնարավորության տեսանկյունից, հակա-HCV կամ ՀՏ-ՊՇՌ-ն պետք է կրկնվեն 6 ամիս անց, նույնիսկ բնականոն ԼՖՓ-ի դեպքում:
- Բուժում չստացած քրոնիկ վարակակիրները պետք է կանոնավոր կերպով հետազոտվեն առնվազն տարին մեկ անգամ:


Doctors.am ՍԵՌԱԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՃԱԽԱԿԻ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ