Ո՞վ է հաճախ հիվանդանում հեպատիտ C-ով
Հեպատիտ C-ով հիմնականում հիվանդանում են երիտասարդները: Սակայն հիվանդության «տարիքն» աստիճանաբար աճում է:
Աշխարհում 170 մլն. մարդ վարակված է քրոնիկ հեպատիտ C-ով: Ամեն օր վարակվում է 3-4 մլն մարդ: Այն տարածված է ողջ աշխարհում:
Որտե՞ղ է հնարավոր վարակվել հեպատիտ C-ով
Հեպատիտով վարակվել հնարավոր է դաջվածքներ և փիրսինգներ անելիս՝ համապատասխան սրահներում: Թեև, վիճակագրության համաձայն՝ վարակն առավել հաճախ տարածվում է ներարկային թմրամիջոցների խմբակային օգտագործման ժամանակ: Մեծ է վտանգը նաև քրեակատարողական հիմնարկներում:
Բուժաշխատողների՝ հեպատիտ C-ով վարակման վտանգը մեծ է աշխատանքի ժամանակ՝ հիվանդանոցներում վարակված արյան դեպքում` տրավմաների հետ գործ ունենալիս:
Բժշկական հաստատություններում հեպատիտ C-ով վարակման վտանգը մեծ է հիմնականում զարգացող երկրներում: Սանիտարական նորմերի կոպիտ խախտումների դեպքում հիվանդանոցային ցանկացած կաբինետ, որտեղ իրականացվում են բժշկական գործողություններ, կարող է դառնալ վարակի օջախ:
Հաճախ հեպատիտ C-ով վարակման հստակ աղբյուրն այդպես էլ հնարավոր չի լինում պարզել:
Ինչպե՞ս է փոխանցվում վարակը
Վարակումը մեծամասամբ տեղի է ունենում հեմատոգեն, պարենտերալ (արյան միջոցով): Առավել հաճախ վիրուսով վարակումը կատարվում է ընդհանուր օգտագործման ասեղի պատճառով:
Վարակումը հնարավոր է նաև ածելիների, մանիկյուրի պարագաների, նույնիսկ, ատամի խոզանակների ընդհանուր օգտագործման պարագայում:
Զարգացած երկրներում հեպատիտ C-ով վարակումը քիչ հավանական է ստոմատոլոգիական կենտրոններում, ինչը չի կարելի ասել հետամնաց կամ զարգացող երկրների մասին:
Վարակումը սեռական ճանապարհով
Հեպատիտ C-ի սեռական ճանապարհով վարակումը քիչ հավանական է: Անպաշտպան սեռական հարաբերության պարագայում, վարակման հավանականությունը 3-5% է: Վտանգը նվազագույն է մոնոգամ ամուսնական կապի դեպքում: Օրալ սեքսի գործոնը՝ որպես հեպատիտ C-ով վարակման պատճառ, դեռևս անհայտ է:
Հեպատիտ C-ով հիվանդ կամ վիրուսակիր մարդկանց հետ սեռական հարաբերություններ ունեցած անձանց խորհուրդ է տրվում մշտապես կիրառել պահպանակներ: Թեև, մարդու արտաքին տեսքից անհնար է եզրակացնել՝ արդյո՞ք նա հիվանդ է հեպատիտով, թե՝ ոչ:
Հեպատիտ C-ի փոխանցումը մորից երեխային
Վարակակիր մորից երեխային վիրուսի փոխանցումը հազվադեպ կարելի է համարել՝ ոչ ավելի, քան 5% դեպքերում: Վարակումն առավել հավանական է ծննդաբերության ընթացքում:
Մեծամասամբ, երեխաները ծնվում են առողջ:
Հեպատիտ C-ով հիվանդ մոր՝ կրծքով կերակրման դեպքում հարկավոր է խորհրդակցել բժշկի հետ, եթե մայրը նկատում է կրծքագեղձի մաշկի ամբողջականության խախտում, վնասում, արյունահոսություն:
Տեղի՞ է ունենում արդյոք հեպատիտ C-ի վարակի փոխանցում սովորական շփման ժամանակ
Հեպատիտ C-ն չի փոխանցվում օդակաթիլային ճանապարհով (խոսքի ընթացքում, փռշտալիս, թքի միջոցով), ձեռքսեղմման, գրկախառնության ժամանակ, ընդհանուր սպասքից օգտվելիս, սննդի կամ ընպելիքների միջոցով:
Հեպատիտ C-ով հիվանդ կամ վարակակիր անձինք չպետք է մեկուսացված լինեն հասարակությունից, ընտանիքից, նրանց համար պետք չէ ստեղծել հատուկ պայմաններ աշխատավայրում, ուսման վայրում և այլուր:
Ինչպե՞ս հասկանալ, կա՞ արդյոք ինձ մոտ հեպատիտ C-ով վարակված լինելու վտանգ
Գոյություն ունեն մարդկանց խմբեր՝ վարակման ավելի բարձր ռիսկայինությամբ:
Բարձր ռիսկային
- Ներարկային թմրամիջոցներ օգտագործող մարդիկ
- Մարդիկ, ում կատարել են արյան մակարդման գործոնների փոխպատվաստում մինչև 1987 թվականը
Միջին ռիսկային
- Հեմոդիալիզի ենթարկված պացիենտներ («արհեստական երիկամի» ապարատ)
- Մարդիկ, ում կատարել են օրգանների կամ արյան փոխպատվաստում մինչև 1992 թվականը
- Լյարդի չախտորոշված հիվանդություններ ունեցող մարդիկ
- Վարակակիր մայրերի նորածին երեխաներ
Թույլ ռիսկային
- Բուժաշխատողներ և սանիտարա-համաճարակային ծառայության աշխատակիցներ
- Սեռական շատ զուգընկերներ ունեցած անձինք
- Վարակակիր սեռական զուգընկեր ունեցող անձինք
Ի՞նչ անել, եթե ընտանիքում կա հեպատիտ C վարակակիր/հիվանդ
Հեպատիտ C հիվանդ կամ վարակակիր անձը պետք է պահպանի որոշակի կանոններ՝ ընտանիքի անդամներին վիրուսի փոխանցումը կանխելու համար, այդ թվում՝
- չհանդիսանալ արյան կամ օրգանների դոնոր,
- մի քանի հոգով չօգտագործել խնամքի այնպիսի պարագաներ, որոնք կարող են վարակի փոխանցման պատճառ դառնալ՝ ածելիներ, էպիլյատոր, ատամի խոզանակ և ատամնաթել, մանիկյուրի պարագաներ,
- վերքերի կամ վնասվածքների դեպքում փաթաթել, ծածկել դրանք բինտով կամ բժշկական կպչուն ժապավենով, որպեսզի արյան հոսք չլինի դեպի դուրս (եթե անհրաժեշտ է վարակակրին բժշկական օգնություն ցուցաբերել, վիրակապ դնել՝ անել դա միայն բժշկական ձեռնոցներով):
Սահմանված է, որ հեպատիտ C-ի վիրուսը արտաքին միջավայրում (օրինակ՝ չորացած արյան կաթիլների մեջ) կենսունակ է մինչև 4 օր: Այդ պատճառով, բոլոր այն վայրերը, որտեղ հնարավոր է ընկած լինեն վարակակրի արյան կաթիլներ, պետք է մշակել հատուկ դեզինֆեկցիայի համար նախատեսված լուծույթով, օրինակ՝ քլոր պարունակող լվացող միջոցներով:
Սկզբնաղբյուր՝ Doctors.am