ԱՄՆ-ում յուրաքանչյուր հինգերորդ հղի կին ստիպված է պահպանել անկողնային ռեժիմ` կապված բարդությունների հետ: Անկողնային ռեժիմն անշուշտ ունի ինչ-ինչ առավելություններ, սակայն այն մեծացնում է շաքարախտի զարգացման և արյան մեջ թանձրուկների առաջացման ռիսկը, ինչպես նաև կարող է հանգեցնել դեպրեսիայի և մկանային զանգվածի կորստի: Բացի այդ, երկար ժամանակ պառկած վիճակում հղիությունն անցկացրած մայրերի նորածին երեխաների մոտ հաճախ մարմնի զանգվածը փոքր է լինում, գրում է The Daily Mail պարբերականը:
 
Մոր և պտղի բուժման բժշկական կենտրոնի հետազոտողներն այլևս խորհուրդ չեն տալիս նման կանանց լրիվ սահմանափակել իրենց ֆիզիկական ակտիվությունը: Բազմաթիվ հարցումների տվյալներով, մանկաբարձները և գենեկոլոգները հաճախ նշանակում են անկողնային ռեժիմ, չնայած նրանցից շատերը չեն հավատում, որ այն ինչ-որ կերպ կօգին: Նման ռեժիմ նշանակում են այնպիսի բարդությունների դեպքում, ինչպիսիք են՝ վաղաժամ ցավերը, բարձր զարկերակային ճնշումը, պտղի աճի թերությունները, ինչպես նաև՝ վիժման բարձր ռիսկը: 
 
Այնուհանդերձ, անկողնային ռեժիմը գրեթե երբեք չի հանգեցնում դրական ազդեցության: Օրինակ, այն հաճախ նշանակվում է՝ փորձելով մեծացնել արյան հոսքը դեպի ընկերք, եթե երեխան բավականաչափ արագ չի աճում: Հետազոտողները որևէ օգուտ չեն հայտնաբերել նման պրակտիկայում: Միաժամանակ հայտնի փաստ է, որ սահմանափակ ակտիվությունը հանգեցնում է մկանային և ոսկրային զանգվածի նվազեցմանը: 
 
Անկողնային ռեժիմը մեծացնում է ոտքերում թրոմբների առաջացման ռիսկը, ինչպես նաև թոքերում թանձրուկների տեղափոխման հավանականությունը: Դա էլ, իր հերթին, կարող է հանգեցնել մահվան: Առանց այդ էլ հղի կանանց մոտ թրոմբներ հաճախ են հանդիպում, իսկ ֆիզիկական ակտիվության նվազեցումը միայն բարդացնում է այդ վիճակը: 
 
Ակտիվության սահմանփակումը կարող է նաև մեծացնել հեստացիոն շաքարախտի (հղիների շաքարախտ) ռիսկը: Նույնիսկ ոչ հղի կանանց անկողնային ռեժիմ նշանակելու դեպքում՝ նրանց մոտ հաճախ բարձրանում է արյան մեջ գլյուկոզայի մակարդակը: Այդ ռեժիմով պայմանավորված՝ մեծանում է նաև անհանգստության և դեպրեսիայի առաջացման ռիսկը, ինչը թերևս տեղի է ունենում հարկադրված անգործության պատճառով: Բացի այդ, այն հանգեցնում է նաև նյութական վիճակի վատթարացմանը՝ պայմանավորված աշխատելու հնարավորության բացակայությամբ:  

Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Doctors.am
Նյութը՝ Dailymail.com