Հոգեբան Մանիկ Հակոբյանը ներկայացնում է հոգեբանի և հոգեթերապևտի աշխատանքի տարբերություններն ու նրբությունները:
Այսօր ուզում եմ պատասխանել հաճախ հնչող այն հարցին, թե ինչն է տարբերում հոգեբանին հոգեթերապևտից, խոսել նաև այն մասին, թե ոնց հասկանալ՝ քո առաջ պրոֆեսիոնալ է, թե դիլետանտ։
Սկսեմ առաջին հարցից․
Հոգեբանը ավելի ընդհանուր հասկացություն է, քան հոգեթերապևտը։ Հոգեբան դառնում են ավարտելով որևէ համալսարանի կամ ինստիտուտի համապատասխան ֆակուլտետը կամ բաժինը։ Հոգեբանը ակադեմիական կրթությունը է, ինչը ենթադրում է, որ այս մասնագետը պետք է զբաղվի հոգեկանի ուսումնասիրությամբ, դա լինի մարդկանց, կենդանիների։ Նա պետք է տիրապետի հոգեկանի ուսումնասիրության մեթոդներին և իրականացնի հետազոտական աշխատանք՝ ուսումնասիրի հոգեկանը։ Դրա հետ մեկտեղ նա պարտադիր չէ, որ տիրապետի հոգեթերապևտիկ մեթոդներին և շատ հաճախ չի էլ տիրապետում, քանի որ արդի բուհերը նման հնարավորություն ուսանողներին չեն ընձեռում։ Բուհական կրթության մակարդակում ենթադրվում է միայն մակերեսային ծանոթացում հոգեթերապիայի հիմնական ուղղություններին և մեթոդներին։ Ոչ մի բուհ, ոչ Հայաստանում, ոչ էլ ամբողջ աշխարհում, չի տրամադրում լուրջ պրակտիկա կամ խորացված ուսուցում, ինչը հնարավորություն կտա մասնագետին բուհն ավարտելուց անմիջապես հետո զբաղվել հոգեթերապիայիով։ Այսպիսով՝ բուհն ավարտած հոգեբանը շատ մակերեսային և ընդհանուր պատկերացում ունի հոգեթերապևտիկ մեթոդների մասին և գրեթե չի տիրապետում դրանց, քանի որ իմանալն ու տիրապետելը տարբեր հասկացություններ են։
Ամբողջ աշխարհում ընդունված պրակտիկայի համաձայն՝ հոգեթերապևտի մասնագիտացում մարդիկ ձեռք են բերում հետբուհական կրթության միջոցով, ավարտելով տարբեր հոգեթերապևտիկ ուղղությունների գծով մասնագիտացած ինստիտուտներ։ Սա նշանակում է՝ հոգեթերապևտի մասնագիտացումը ձեռք է բերվում հետբուհական շարունակական կրթության արդյունքում։ Հոգեթերապևտիկ հիմնական ուղղություններն ու դրանց հարող դպրոցները շատ են։ Մի առանձին գրառման մեջ կանդրադառնամ դրանց։ Այստեղ ասեմ միայն, որ հետբուհական մասնագիտացման այս ինստիտուտներում մասնագետին սովորեցնում են ոչ միայն տվյալ հոգեթերապևտիկ ուղղության մեթոդը, այլև հնարավորություն են տալիս ուսանողին պրակտիկա աշխատել այցելուի հետ, բնականաբար, պարբերական սուպերվիզիաների ուղեկցությամբ։ Սուպերվիզիայի ժամանակ ուսանողը ներկայացնում է առավել փորձառում մասնագետին իր աշխատանքը, տվյալ դեպքում այցելուի հետ կոնկրետ սեանսը, վերլուծում, քննարկում և ստանում է համապատասխան ցուցումներ և խորհուրդներ։ Բայց սա էլ դեռ ամենը չէ։ Այս ինստիտուտները ավարտելը դեռ իրավունք չի տալիս մասնագետին զբաղվել հոգեթերապիայով։ Հետբուհական կրթությունը ավարտելուց հետո նա պետք է առանձին քննություն հանձնի, ստանա լիցենզիա և նոր իրավունք ստանա վարել պրակտիկա, այսինքն զբաղվել հոգեթերապիայով։
Այսպիսով՝ հոգեբանը պարտադիր չէ, որ լինի հոգեթերապևտ։ Հոգեթերապևտ կարող է լինել և հոգեբույժը և ցանկացած այլ մասնագետ, եթե նա տիրապետում է հոգեթերապևտիկ մեթոդներին, ունի համապատասխան հետբուհական կրթություն և մասնագիտացած է հոգեթերապիայի որևէ ուղղության մեջ։ Իհարկե, ցանկալի է և շատ երկրներում պահանջվում է, որ հոգեթերապևտի մասնագիտացմանը հավակնող անձը ունենա կամ հոգեբանական կամ բժշկական, ցանկալի է հոգեբուժական կրթություն։
Հիմա այն մասին, թե ինչ վիճակ է տիրում Հայաստանում։ Արդի Հայաստանումմ հոգեբան և հոգեթերապևտ հասկացությունները գրեթե նույնական են և հանդես են գալիս որպես հոմանիշներ։
Արդի Հայաստանում, ցավոք, հոգեթերապևտիկ հետբուհական կրթություն և ինստիտուտներ չկան, այդ պատճառով ստեղծվում է երկակի մի իրավիճակ, երբ բարձրագույն հոգեբանական կրթություն ունեցող ցանկացած մեկը իրավունք ունի զբաղվել հոգեթերապիայով, ինչը ոչ միշտ է նպաստում որակյալ աշխատանքին և բարձր պրոֆեսիոնալիզմին։ Ստեղծված իրավիճակում շատ պատասխանատու հոգեբաններ մեծ ջանքերի գնով իրենք են նախաձեռնում իրենց կրթության ապահովումը կամ օնլայն տարբերակով կամ մեկնում արտասահման սովորելու՝ միաժամանակ ներգրավվելով տարբեր մասնագիտական հանրություններում, որպեսզի փորձ և գիտելիք ստանան ու կիսվեն դրանցով իրենց կոլեգաների հետ։
Անձամբ ես իմ կրթությունը իրականացնում եմ օնլայն տարբերակով, միաժամանակ սերտորեն համագործակցում իմ հայաստանյան այն կոլեգաների հետ, ովքեր հնարավորություն են ունեցել սովորել արտեկրում։ Բնականաբար, առիթը բաց չեմ թողնում լսել արտասահմանից Հայաստան ժամանաց մասնագետներին։
Այս բոլոր դժվարություններով հանդերձ պիտի ասեմ, որ Հայաստանում կան վստահության արժանի մասնագետներ և ընթերցողներից շատերն էլ կփաստեն, որ իրենք ունեցել են որակյան հոգեբանական օգնության ստանալու հնարավորություն։
Բոլոր դեպքերում, ի՞նչ անել, որպեսզի վստահ լինեքի վստահ լինեք այն հոգեբանի մասնագիտական բանիմացության վրա, ում պատրաստվում եք դիմել․
1. Համոզվելու համար, որ դուք դիմել եք նորմալ պրոֆեսիոնալի, լավ կլինի, որ նրան դիմելուց առաջ ուսումնասիրեք նրա մասնագիտական կենսագրությունը, որը ներկայացված է լինում CV- ներում։ Չէր խանգարի նաև համոզվել, որ տվյալ հոգեբանը ունի նվազագույնը գոնե բարձրագույն հոգեբանական կրթություն։
2. Շատ կարևոր է պարզել և հասկանալ թե ինչ ուղղության է հարում այն հոգեբանը կամ հոգեթերապևտը, ում պատրաստվում եք դիմել, ինչ մասնագիտական միության անդամ է նա։ Բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված հոգեբանը, հոգեթերապևտը երբեք մեկուսացած չի լինում, սա մասնագիտության պահանջն է, որ նա անդամակցի որևէ մասնագիտական հանրությանը, միությանը։ Սա օգնում է նրան, մնալու մասնագիտության ֆոկուսում և անհրաժեշտության դեպքում իր դեպքերը ներկայացնի իր կոլեգաներին և ստանա համապաստախան օգնություն։
3. Հիշեք, որ երբեք ամոթ չէ հարցնել մասնագետից նրա կրթության մասին։ Մասնագետը, ով թաքցնելու բան չունի, հպարտությամբ կպատմի ձեզ իր մասնագիտացման և հոգեթերապևտիկ այն ուղղության մասին, որին ինքը հարում է և որի մեթոդները ինքը կիրառում է։ Այն հոգեբանները, ովքեր չեն հարում որևէ ուղղության անորոշ պատասխաններ կտան ձեզ և չպետք է ակնկալել, որ նրանք Ձեզ լուրջ հոգեբանական օգնություն կցուցաբերեն։ Առավելագույնը, որ կարելի է ակնկալել նման հոգեբանից, ով չունի մեթոդ, ապրումակից վերաբերմունքն է ձեր դարդ ու ցավին, սովորական մարդկային սփոփանք է և առօրյա խորհուրդը, թե ինչ անեք այս կամ այն իրավիճակում։ Եվ եթե Ձեր խնդիրը շատ խորը չէ, հնարավոր է, դուք դրանից ձեզ լավ ու բավարարված զգաք։ Սակայն, եթե դուք ունեք լուրջ հոգեկան պրոբլեմներ, խրոնիկ նևրոզ, դեպրեսիա, այլ լուրջ խնդիրներ, այս հոգեբանը ձեզ շատ օգտակար լինել չի կարող։
4. Մի չափանիշ էլ կա, որ տարբերում է դիլետանտ հոգեբանին բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված հոգեթերապևտից։ Լուրջ հոգեթերապևտը Ձեզ երբեք որևէ խորուրդ չի տա Ձեր անձնական կյանքի կամ պրոբլեմի վերաբերյալ, չի լուծի ձեր հարցերը։ Նրա հանձնարարականները, խորհուրդները սահմանափակվելու են միայն իր մասնագիտական օգնության շրջանակում։ Օրինակ՝ նա չի ասի ձեզ՝ բաժանվի ամուսնուցդ կամ մի բաժանվի, նա առավելագույնը կասի ձեզ հետևյալը՝ եթե դժվարանում եք որոշում կայացնել, ես կարող եմ առաջարկել ձեզ հոգեբանական աշխատանք, որպեսզի դուք ընդունակ դառնաք ինքնուրույն որոշում կայացնելու։ Այսքանը, ոչ ավել։ Նաև պրոֆեսիոնալ հոգեթերապևտը աշխատում է բացառապես իր կաբինետի ներսում։ Նա բացի մասնագիտական հարաբերություններից այլ տիպի հարաբերությունների մեջ չի մտնում այցելույի հետ։ Նա չի գա ձեր տուն, չի հանդիպի ձեզ հետ սրճարանում, թատրոն չի գնա ձեզ հետ, ձեր փոխարեն չի զրուցի ձեր ամուսնու, սկեսրոջ հետ և այլն։
5. Եվ վերջինը, բարձր պրոֆեսիոնալիզմով օժտված հոգեբանը շատ բացառիկ դեպքերում է աշխատում անվճար և գրեթե երբեք ձեզ երբեք պարտքի տակ չի թողնում, ու չի առաջացնում ձեզ մոտ ավելորդ մեղքի զգացում։ Սա էլ մեկ այլ չափորոշիչ, ինչը տարբերում է դիլետանտին պրոֆեսիոնալից։