Հոգեմետ դեղորայքի, դրա հետ կապված տարրակարծությունների մասին խոսել ենք հոգեբույժ, հայկական հոգեբուժական ասոցիացիայի բարեփոխումների գծով քարտուղար։ Հոգեբուժական և հոգեթերապևտիկ արտահիվանդանոցային ծառայության հիմնադիր-ղեկավար Վահան Սիմոնյանի հետ:

Առհասարակ, ո՞ր դեղերն ենք  անվանում «հոգեմետ»:

Դրանք բոլոր այն դեղերն են, որոնք օգտագործվում են հոգեկան և վարքային խանգարումների բուժման մեջ: Պայմանականորեն այդ դեղերն անվանում ենք հոգեմետ: 

Ունենք հիմնականում 5 խումբ դեղեր: 

Առաջին խումբ՝  հակափսիխոտիկներ «ԽՍՀՄ- ում վերջիններս անվանվում էին նեյրոլեպտիկներ»,
Երկրորդ խումբ՝ հակադեպրեսանտներ, 
Երրորդ խումբ՝ տագնապմարիչներ, 
Չորորդ խումբ՝ նորմոտիմիկներ կամ հակացնցումային, հակաէպիլեպտիկ դեղամիջոցներ,
Հինգերրորդ խումբ նոոտրոպ (ուղեղը սնուցող դեղեր):

Իսկ որո՞նք են այդ դեղերի ազդեցության մեխանիզմները:

Դեղերի յուրաքանչյուր խումբ ունի ազդեցության իր մեխանիզմները: 2000 թվականին շվեդ դեղագետ Արվիդ  Կարլսսոնը իր բացահայտման համար ստացել է Նոբելյան մրցանակ: Նա պարզել է, որ դոֆամինի քանակի ավելացումը կամ նվազումը ուղեղի որոշ հատվածներում, մի շարք հոգեկան խանգարումների պատճառ է հանդիսանում, ինչպիսիք են շիզոֆրենիան, դեպրեսիան և այլն։ Հոգեկան խանգարումների առաջացման մեջ մեծ է նաև մի շարք այլ նեյրոխթանչինրի դերը, որոնցից են՝ սերոտոնինը, նորադրենալինը։

Ո՞վ է իրավասու նշանակել հոգեմետ դեղեր: Նյարդաբանը արդյոք կարող է նույն արդյունավետությամբ հոգեմետ դեղեր նշանակել, ինչ հոգեբույժը:

ՀՀ-ում գործում է հոգեբուժության մասին օրենք, ըստ որի հոգեկան և վարքային խանգարումներ ախտորոշել և բուժել իրավունք ունի հոգեբույժի որակավորում ունեցող բժիշկը:

Դեպրեսիաները, տագնապային խանգարումները բավականին տարածված են: Այս պաթոլոգիանորով տառապում է բնակչության մոտ 10 տոկոսը, սա ահռելի թիվ է: Ելնելով այդ ծավալից՝ մենք չունենք այդքան հոգեբույժներ, որպեսզի կարողանանք բոլորին ախտորոշել և բուժել։ Եվ այս դեպքում ցանկալի է , եթե պացիենտը դիմի նյարդաբանին, նա ուղղորդի իրեն հոգեույժի մոտ, կամ ոչ արտահայտված դեպքերում ցուցաբերի բուժօգնություն, որն ավելի նախընտրելի է, քան պացիենտը մնա բժիշկների տեսադաշտից դուրս։ Չմոռանանք նաև այն մասին, որ ամբողջ աշխարհում հոգեույժի մասնագիտությունը ամենախարանվածներից է։

Իսկ ի՞նչ եք կարծում,  հնարավո՞ր է  միայն հոգեմետ դեղերի կիրառմամբ վերջնական արդյունքի հասնել  թե՞ հոգեթերապիան պարտադիր է:

Սա այն հարցն է, որի շուրջ կարելի է շատ երկար խոսել: Իհարկե կան շատ դեպքեր, որ դեղերն օգնում են և ի սպառ վերացնում են խնդիրը: Իմ անձնական տեսակետն այն է, որ առավել արդյունավետ է դեղերի, հոգեթերապիայի և հոգե-սոցիալական միջամտոթյան   համատեղ կիրառումը։

Հոգեթերապիան ոչ միշտ է պարտադիր, բայց եթե կա այդ հնարավորությունը, ապա հոգեթերապիան բուժումը դարձնում է առավել արդյունավետ: 

Երբեմն այցելուն լսում է, որ անհրաժեշտ է հոգեմետ դեղամիջոց ընդունել՝ միանգամից վախենում է և հրաժարվում: Խնդրում են օգնել իրեն միայն հոգեթերապիայի միջոցով:

Եթե մարդն ունի  թեթև արտահայտված դեպրեսիա, տագնապային խանգարում, ապա միգուցե հնարավոր է օգնել միայն հոգեթերապիայի միջոցով, բայց եթե առկա է հիվանդության արտահայտված  ախտանշաններ, ապա խոսք գնալ անգամ չի կարող միայն հոգեթերապիայով բուժման մասին:

Ինչպե՞ս մարդկանց բացատրենք, որ հոգեմետ դեղերը ընդունելը վնաս չէ:

Երբ ես այցելուին ասում եմ, որ նա պետք է ընդունի հոգեմետ դեղեր, 90 տոկոսի սկզբնական վերաբերմունքը հետևյալն է՝ չեմ խմի դեղ, կդառնամ բույս, կախվածություն կունենամ: Սակայն սա թերի գիտելիքի և կարծրատիպերի արդյունք է և շատ պնդումները պարզապես առասպել են:
ՀՀ-ում հոգեմետ կոչված  դեղորայքից գրեթե 10-20 տոկոսն է, որ դեղատոմսով է վաճառվում, մնացածը ազատ վաճառքի են: Գոյություն ունեն դեղորայքի նոր սերունդներ: Դեղորայքի արտադրությունը շատ մեծ տեմպերով առաջընթաց է ունենում: Կան դեղեր, որոնք բավական անվտանգ են և գրագետ նշանակման դեպքում չեն կարող կախվածություն առաջացնել և  արտահայտված վնասել հասցնել օգանիզմին։

Իսկ հոգեմետ դեղերը բուժում, վերացնո՞ւմ են խնդիրը, թե՞ ունեն միայն «ժամանակավոր» օգնելու հատկություն:

Այդ դեղերը խորքային բուժող հատկություն ունեն, այսօր մենք բավականին լուրջ արդյունքներ ենք ստանում:

Կարևոր է նշել, որ դեղորայքի ընդունմումը և դադարեցումը  պետք է վերահսկի բժիշկ-հոգեբույժը՝ դա շատ կարևոր գործընթաց է: Դեղերի ընդունումը չպետք է դադարեցնել ինքնուրույն, կտրուկ և առանց հսկողության, հակառակ դեպքում կարող է առաջանալ հանման համախտանիշ, որը շատ տհաճ երևույթ է և հիվանդաթյան ռեցեդիվ: Կարող է լինել ներքին դող, անհանգստություն, շարունակ շարժվելու ցանկություն: 

Հոգեմետ դեղերի բնութագրերում հաճախ նշվում են սարսափեցնող կողմնակի ազդեցություններ, որքանո՞վ են դրանք հավանական:

Մինչ դեղերը հայտնվում են դեղատներում, անցնում են բավականին մանրազննին և երկարատև կլինիկական հետազոտությունների փուլ, որը տևում է մինչև 10 տարի: Հետազոտությունների մեջ ներառվում են հազարավոր մարդիկ և իհարկէ մասնագետների ուշադրությունը պետք է սևեռել այն կողմնակի երևույթների վրա, որոնք 10 տոկոս և ավելի դեպքերում են հանդիպում։ Ա՛յո, հոգեմետ դեղերը կարող են ունենալ կողմնակի երևույթներ, ինչպես ցանկացած այլ խմբի դեղերը, այդ իսկ պատճառով բուժման ընթացքում պետք է ցուցաբերել անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին՝ հաշվի առնելով իր ֆիզիկական առանձնահատկույունները և առկա հիվանդությունները։ 

Որքնո՞վ կարող են վնասակար լինել հոգեմետ դեղերը պտղի վրա:

Քանի որ կանանց մոտ արյան շրջանառությունն ընդհանուր է պտղի հետ՝ շատ դեղեր անցնում են պլացենտար պատնեշը, այդ պատճառով այս խմբի դեղեը ցանկալի չէ օգտագործել հղիության ընթացքում, քանի որ կարող են պտղի մոտ արատների առաջացման պատճառ դառնալ։ Այս խմբի դեղերի բնութագրում նշված է, որ դրանք հղիության ընթացքում կարելի է կիրառել, կնոջ համար, ըստ կենսական ցուցման։

Բուժման ավարտից որքա՞ն ժամանակ հետո կարելի է  պլանավորել հղիություն:

Յուրաքանչուր դեղ ունի իր կիսատրոհման շրջանը, դա այն շրջանն է, որի ժամանակ դեղամիջոցի կես քանակն օրգանիզմից դուրս է գալիս: Յուրաքանյուր դեղի կիսատրոհման ժամանակահատվածը տարբեր է։  Դեղահաբերի դեպքում միջինում երկու շաբաթում դեղի ազդող նյութը ամբողջովին դուրս է գալիս օրգանիզմից։ Սակայն կան ներարկման ձևեր, որոնք ունեն երկարատև ազդեցություն, (պրոլոնգ) որոնք օրգանիզմից կարող են դուրս գալ մինչև 3 ամսում։


Պատրաստեց Արմինե Սարգյանը