Wigmore Clinic-ի մանկաբույժ Սեդա Հարությունյանը ներկայացնում է երեխայի համար խաղալիք ընտրելու կանոնները:

Խաղալիքները երեխաների զվարճանքի ամենասիրելի միջոցներն են: Դրանք ունեն որոշակի ֆունկցիաներ՝ հանգստացնող, ուսուցանող, զվարճացնող, հմտություններ զարգացնող և այլն: Բայց կան խաղալիքներ, որոնք կարող են լինել շատ վտանգավոր, նույնիսկ՝ երեխայի կյանքին սպառնացող: Ուստի խաղալիք ընտրելիս շատ կարևոր է ուշադրություն դարձնել որակի վրա:

Խաղալիքները պետք  է՝

  • Լինեն տարիքին համապատասխան - անհրաժեշտ է հետևել տարիքային հանձնարարականներին, դրանք վերաբերում են խաղալիքի անվտանգությանը և ոչ թե երեխայի ինտելեկտին և հնարավորություններին: Մանր դետալներ պարունակող խաղալիքները նախատեսված չեն մինչև 3 տ. երեխաների համար՝  ասպիրացիայի՝ շնչուղիների փակում օտար մարմնով, ինչպես նաև ականջ, քթանցքեր չտանելու առումով:
  • Չունենան սրածայր եզրեր - տրավմաներից խուսափելու նպատակով:
  • Չլինեն այրվող և թունավոր - օր.՝ կապար նյութերից:
  • Չարձակեն կայծեր - հիմնականում՝ աչքերի լուրջ վնասվածքների կանխման նպատակով:
  • Փրփուրներ չպարունակեն:
  • Չունենան մանր մագնիսային բաղադրիչներ - օրինակ՝ 1-ից ավելի մասեր. կուլ տալու դեպքում դրանք կարող են երեխայի օրգանիզմում, այսպես ասած, ձգել  իրար և մահացու հետևանքներ ունենալ:
  • Չունենան պարաններ, լարեր, առկայության դեպքում՝ չգերազանցեն 10 սմ-ը - քանի որ կարող են առաջացնել պարանոցի օղակում, ավելի երկար լարերի դեպքում՝ մարմնի այլ մասերի փաթաթում դրանցով:

 Խուսափե׳ք՝

  • Օգտագործված խաղալիքներ ձեռք բերելուց՝ դրանք կարող են մաշված լինել, հեշտ կոտրվել և վնասվածքի պատճառ դառնալ: Եվ որ ամենակարևորն է՝ դրանք փաթեթավորված չեն և չկան անվտանգության կանոնների մասին հրահանգներ:
  • Տարբեր տարիքային խմբերում գտնվող երեխաների՝ միասին նույն խաղալիքներով խաղալուց, քանի որ դրանք կարող են չհամապատասխանել ավելի փոքր տարիքում գտնվող երեխայի անվտանգության կանոններին:
  • Փափուկ խաղալիքների օգտագործումից մինչև 12 ամսական երեխաների դեպքում՝ հատկապես քնած ժամանակ, քանի որ դրանք կարող են մանկան հանկարծամահության պատճառ դառնալ:

 Կարևոր կանոններ

  • Մեկից ավելի մարտկոցով աշխատող խաղալիքների մարտկոցները պետք է փոխել միաժամանակ, քանի որ հնի և նորի միաժամանակյա օգտագործումը կարող է շատ վտանգավոր լինել:
  •  Կոճակի նման մարտկոցներով աշխատող խաղալիքների դեպքում վստահ եղեք, որ այն ապահով ֆիքսված է, քանի որ դրա պատահական կուլ տալը կարող է կյանքին վտանգ սպառնալ:
  • 1,5 տարեկանից սկսած՝ երեխաներին սովորեցրեք հավաքել խաղալիքները վերջացնելուց հետո:
  • Նոր խաղալիքի՝ առաջին անգամ օգտագործումը պետք է լինի ծնողի ներկայությամբ:


Աղբյուրը՝ Doctors.am