Ամանորն աշխարհում ամենահայտնի եւ սիրելի տոներից է: Յուրաքանչյուր ազգ այն յուրովի է տոնում, բայց երբեմն տոնական նախապատրաստությունները կարող են լինել հոգնեցուցիչ եւ սթրեսային: Տոներից առաջ, ընթացքում եւ հետո շատ մարդիկ ընկնում են սթրեսի մեջ: Իսկ ինչո՞ւ: Այս հարցի պատասխանը Doctors.am-ը փորձել է ստանալ հոգեբան Էլոննա Ավետյանից:
Ինչպե՞ս է ազդում Ամանորը մարդու հոգեկան առողջության վրա:
Ամանորը մարդկանց մեծամասնության համար եղել է մանկության ամենասիրելի տոնը եւ այժմ էլ շարունակում է մնալ այդպիսին, սակայն որքան մարդը մեծանում է, այնքան ավելի քիչ է կարեւորում այս տոնը: Ոչ բոլորի մոտ է տարիքի հետ պահպանվում, օրինակ, տոնածառ զարդարելու կամ տոնական սեղան պատրաստելու ցանկությունը: Եվ պատճառն այն է, որ ամանորյա տոները տարբեր տարիքում տարբեր կերպ են ազդում մեր հոգեկան աշխարհի վրա: Օրինակ՝ աշխատող մարդիկ նախատոնական օրերին սթրես են ապրում, քանի որ սովորաբար անավարտ մնացած գործեր են ունենում, որոնք չեն ցանկանում թողնել հաջորդ տարվա վրա, փորձում են ավարտին հասցնել մինչեւ Նոր տարի, եւ այդ պատճառով տքնաջան աշխատում են: Սա հանգեցնում է նրան, որ նախատոնական օրերին խնդիրները մարդու կամքից անկախ ձնագնդի նման մեծանում են, մարդը թեւաթափ է լինում, քանի որ հասկանում է՝ մի քանի օրում հնարավոր չէ ավարտին հասցնել ամբողջ տարում կուտակվածը: Հենց սա էլ կարող է ձեւավորել Ամանորի նկատմամբ բացասական վերաբերմունք, ինչն էլ, բնականաբար, անդրադառնում է առողջության վրա:
Որպեսզի թույլ չտաք ինքներդ Ձեզ թաղվել խնդիրների մեջ եւ փչացնել տոնական տրամադրությունը, պետք է փորձեք խնդիրները լուծել դրանց առաջանալուց հետո, չթողնել, որպեսզի կուտակվեն: Նախատոնական օրերին սթրեսային իրավիճակների բախվելիս փորձեք շեղել Ձեզ այլ բաներով, լիցքաթափվել եւ պարզապես հանգստանալ:
Որո՞նք են տոնական օրերի ամենամեծ սթրեսորները:
Ամանորի արձակուրդները պարզապես խրախճանք եւ հանգիստ չեն, այլեւ՝ սթրես, քանի որ երկարատեւ տոները խաթարում են մարդու կյանքի բնականոն ընթացքը:
Մարդու համար լրացուցիչ սթրես են ստեղծում նաեւ Նոր տարվա հետ ասոցացվող այնպիսի երեւույթներ, ինչպիսիք են տարվա ամփոփումը, նոր ծրագրերի մշակումը: Ամանորից հետո սովորաբար մարդիկ որոշում են նոր կյանք սկսել՝ թողնել խմելը, նիհարել, սկսել զբաղվել սպորտով եւ այլն: Սակայն ոչ բոլորին է հաջողվում հետեւողական լինել իրենց նպատակների իրականացման հարցում:
Եթե մարդու մոտ չկան լուրջ հոգեբանական խնդիրներ եւ նա, ընդհանուր առմամբ, գոհ է իր կյանքից, ապա հեշտությամբ կհաղթահարի Ամանորի հետ կապված սթրեսային իրավիճակները, սակայն եթե մարդու մոտ առկա է դեպրեսիա կամ նեւրոզ….այստեղ արդեն պետք է լրացուցիչ աշխատանք տարվի:
Անհրաժեշտ է գիտակցել սթրեսային իրավիճակների եւ դեպրեսիայի առաջացման կապը: Վերջին հետազոտության համաձայն՝ կյանքի ընթացքում ծանր դեպրեսիայի մեջ ընկնել կարող են կանանց 10 -15%-ը եւ տղամարդկանց 5-12% -ը:
Դեպրեսիայի պատճառները շատ են, սակայն սթրեսը ամենագլխավորներից է: Երբ մարդն ամեն օր ապրում է ինտենսիվ սթրեսային իրավիճակներ, նրա օրգանիզմը գրեթե առանց դադարի արտադրում է այնպիսի հորմոններ, ինչպիսին են ադրենալինը եւ կորտիզոլը, որոնց չափից շատ քանակը բացասաբար է անդրադառնում նյարդային համակարգի վրա:
Մարդուն լրացուցիչ սթրես կարող են հաղորդել Նոր տարվա նվերները, քանի որ դրանք ոչ միշտ են ուրախության եւ շնորհակալության զգացողություն առաջացնում: Սրա վերաբերյալ վերջերս նոր հետազոտություն է հրապարակել Psychology Today ամսագիրը: Համաձայն այդ հետազոտության՝ Ամանորի նվերները ոմանց համար վերածվում են բարդ էմոցիոնալ իրադարձության, ինչը պայմանավորված է նրանով, որ նվիրողի եւ ստացողի պատկերացումները երբեմն չեն համընկնում: Որոշ մարդիկ տոներին ոչ մի յուրահատուկ նշանակություն չեն տալիս եւ որեւէ զգացմունքներ չունեն, այն դեպքում, երբ մյուսները շատ սրտատրոփ են սպասում Նոր տարվան, հետեւաբար՝ տոնական նվերը ոմանց համար կարող է լինել հերթական իր, մինչդեռ պետք է հասկանալ, որ ամանորյա նվերը խորհրդանշական է: Որպեսզի ճիշտ նվեր ընտրեք եւ խուսափեք հոգեկան տրավմաներից, կարող եք նախապես պայմանավորվել, թե ինչ կցանկանայիք նվիրել կամ ստանալ:
Ինչպե՞ս դարձնել Ամանորը քիչ սթրեսային:
Տոները անհրաժեշտ են մարդուն դրական հույզեր պարգեւելու համար, ուստի պետք չէ Ամանորին հաջորդող օրերն անցկացնել միապաղաղ: Իհարկե, հյուր գնալ եւ ընդունելը լավ է, սակայն մաքուր օդը եւ շարժումն ավելի լավ է: Հաճախ զբոսանքի դուրս եկեք, սահեք կամ լողավազան գնացեք, տարբերակները շատ են:
Լավ կլինի, որպեսզի Նոր տարվա խորհրդանիշ տոնածառը զարդարեք ամբողջ ընտանիքով: Ցանկալի է, որ խաղալիքները լինել կլոր, քանի որ դա ներդաշնակություն է խորհրդանշում: Խաղալիքները կախելով՝ երազանք պահեք եւ տրամադրվեք դրա իրականացմանը:
Տոների ժամանակ մարդկանց հետ շփումն առավել մտերմիկ է ստացվում, նոր հարաբերություններ են հաստատվում, իսկ արդեն գոյություն ունեցող հարաբերություններն ավելի են ամրապնդվում: Սակայն անհրաժեշտ է հիշել, որ Ամանորը տոնելիս պետք է պահպանել խելամտությունը եւ չափը չանցնել:
Ինչպե՞ս տոներից հետո ճիշտ վերադառնալ աշխատանքի:
Տոնական օրերի ավարտին ավելի լավ է չչարաշահել ալկոհոլը եւ նախապատվությունը տալ պասիվ հանգստին:
Ամանորից հետո աշխատանքի վերադառնալիս սկզբնական շրջանում ինքներդ Ձեր հանդեպ շատ պահանջկոտ մի եղեք: Հոգեբանները ղեկավարներին կոչ են անում հիշել, որ տոներից հետո առաջին աշխատանքային օրերին սովորաբար աշխատունակությունն ընկնում է, եւ եթե այդ շրջանում աշխատակիցներին ստիպեք շատ աշխատել, ապա արդյունքը միանգամայն բացասական կլինի:
Թող Նոր տարին Ձեզ երջանկություն, սեր եւ հաջողություն բերի: Լավատեսորեն տրամադրվեք, եւ թող մանդարինների, եղեւնու եւ տոնական ուտեստների բույրը օգնի զգալ այս հրաշալի տոնի կախարդանքը:
Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը