Հարազատ մարդու մահը ցավալի իրադարձություն է յուրաքանչյուրիս համար, մանավանդ երբ կյանքում առաջին անգամ ենք բախվում այդ իրավիճակին: Այն նույնքան ծանր փորձություն է նաև երեխաների համար: Շատ հաճախ մեծահասակները չգիտեն, թե ինչպես խոսել երեխայի հետ մահվան մասին և ինչպես հայտնել հարազատի մահվան լուրը: Մենք պատմել ենք այն մասին, թե ինչպես են տարբեր տարիքի երեխաներն ընկալում մահը, ինչու է կարևոր նրանց հետ խոսել այս թեմայով և ինչպես դա անել:
Ինչպե՞ս են երեխաներն ընկալում մահը
Երեխայի արձագանքը մահվան հանդեպ կարող է շատ տարբեր լինել՝ կախված տարիքից, կյանքի փորձառությունից, մահացածի հետ ունեցած հարաբերություններից, ինտելեկտից, տվյալ երկրի մշակութային առանձնահատկություններից և, իհարկե, երեխայի բնավորությունից: Հենց այդ պատճառով մենք ներկայացնում ենք, թե ինչպես են տարբեր տարիքային խմբի երեխաները սովորաբար արձագանքում մահվանը և ինչպես նրանց ներկայացնել կատարվածը:
Մինչև 3 տարեկան երեխաներ
Այս տարիքի երեխաները սովորաբար չեն ընկալում, որ մահը հավերժ է և կարող են հարցնել՝ արդյոք կվերադառնա մահացած մարդը: Նրանք նկատում են տվյալ մարդու բացակայությունը, ինչպես նաև զգում են իրենց խնամողների տրամադրության փոփոխությունը: Վարքային դրսևորումներն այս պարագայում կարող են տարբեր լինել, օրինակ կարող է դիտարկվել ռեգրեսիվ վարք (ձևավորված հմտությունների հետընթաց)՝ եղունգ կրծել, մատը ծծել, գիշերամիզություն և այլն: Նմանատիպ երևույթները բավականին տարածված են և սովորաբար ժամանակի հետ անհետանում են:
3-6 տարեկան երեխաներ
Այս տարիքում երեխաները մահվան մասին նախնական պատկերացումներ ունեն, սակայն վերջնական և հաստատուն ձևով այն չեն ընկալում: Նրանք կարող են այնպես խոսել մահացածի մասին ասես նա դեռ կենդանի է և սպասել, որ կվերադառնա: Լինում են նաև հուզական արձագանքներ՝ լաց, զայրույթ, վախեր, մեղքի զգացում: Երեխայի մոտ կարող են դրսևորվել նաև քնի և սննդի հետ կապված խնդիրներ, ինչպես նաև այլ ֆիզիկական գանգատներ:
6-11 տարեկան երեխաներ
Սկսում են ընկալել, որ մահն անդառնալի երևույթ է: Չնայած, որ շատ վեց-յոթ տարեկան երեխաներ կփորձեն ամեն կերպ մերժել մահը և վախենալ, որ ընտանիքի մյուս անդամները ևս կմահանան: Այս տարիքի երեխաները սովորաբար սկսում են բազմաթիվ հարցեր տալ և փորձել հասկանալ, թե ինչ է տեղի ունեցել:
Նրանք կարող են ունենալ հուզական դրսևորումներ, սակայն բացի դրանից այս տարիքին բնորոշ են անորոշության և հուսահատության զգացումները: Կարող են դիտվել նաև մեկուսացում շրջապատից, դժվարություններ ուսումնական գործընթացում և այլն:
Դեռահասներ
Մոտավորապես 12 տարեկանից, երբ սկսվում է դեռահասության շրջանը, երեխաները սկսում են հասկանալ, որ մահն անդառնալի է և տեղի է ունենում բոլորի հետ, ներառյալ իրենց:
Դեռահասները սկսում են հետաքրքրվել, թե ինչու են տեղի ունեցել այս կամ այն իրադարձությունները: Նրանց արձագանքները կարող են տարբեր լինել՝ ագրեսիա, անտարբերություն, հուսահատություն, անուշադրություն: Նման արձագանքների դեպքում կարևոր է հիշել, որ չկա վիշտն ապրելու մեկ ճիշտ տարբերակ:
Ինչու՞ է կարևոր երեխայի հետ մահվան մասին խոսելը
Շատ հաճախ մեծահասակները խուսափում են երեխային հայտնել հարազատի մահվան մասին նրան պաշտպանելու ձգտումով՝ մտածելով, որ այդ ցավալի լուրը հայտնելու դեպքում անդառնալի վնաս կհասցնեն երեխայի հոգեկան առողջությանը:
Բացի այս մեր մշակույթում մահվան մասին խոսելը տաբու է, հատկապես երբ խոսքը երեխաների հետ այդ թեման քննարկելուն է վերաբերում:
Ծնողները կամ երեխայի հարազատները սկսում են տարբեր պատմություններ հորինել՝ օրինակ ասել, որ մահացած մարդը գնացել է հեռու երկիր, կամ մահանալ բառից խուսափելու համար ասում են, որ նա հիմա երկնքում է, խորը քուն է մտել: Այս պարագայում երեխան հայտնվում է տարօրինակ վիճակում՝ մի կողմից նա զգում է հարազատների հուզած և լարված վիճակը, մյուս կողմից չի ստանում հստակ տեղեկություններ, թե ինչ է կատարվել, սպասում է հարազատի վերադարձին և նույնիսկ կարող է մեղքի զգացում ունենալ՝ մտածելով, որ տվյալ մարդն իր պատճառով է գնացել:
Ի վերջո, երեխայից մահվան լուրը թաքցնելով՝ նրան սովորեցնում ենք ստել: Մտածեք, թե Դուք Ձեզ ինչպես կզգայիք, եթե երեխան թաքցներ Ձեզնից շատ կարևոր իրադարձություն:
Ինչպե՞ս խոսել երեխայի հետ մահվան մասին
Ամենակարևորը երեխայից ճշմարտությունը չթաքցնելն է և մահվան մասին խոսակցությունը չհետաձգելը:
Բնական է, որ երեխայի ծնողները փորձում են հնարավորինս պաշտպանել նրան բացասական հույզերից, սակայն անկեղծությունն այս դեպքում ավելի առաջնային է:
Երեխայի հետ մահվան մասին ազատ խոսելը կօգնի ամրապնդել նրա հետ հուզական կապը, ձեռք բերել երեխայի վստահությունը և անել այնպես, որ երեխայի մոտ առողջ վերաբերմունք ձևավորվի կյանքի դժվարությունների հանդեպ: Բացի այս, տարիքից և երեխայի ցանկությունից կախված նա հնարավորություն է ունենում վերջին հրաժեշտը տալ իր հարազատին՝ մասնակցելով սգո արարողություններին:
Ահա թե ինչպես կարելի է խոսել երեխայի հետ մահվան մասին և հայտնել նրան հարազատի մահվան լուրը՝
- Խոսակցության սկզբում կարող եք հարցնել երեխային, թե նա ինչ պատկերացումներ ունի մահվան մասին և դրա համաձայն կառուցել Ձեր ասելիքը: Օրինակ, կարելի է ասել՝ ես շատ կարևոր, բայց ցավալի լուր ունեմ: Քո պապիկը մահացել է: Դա նշանակում է, որ նրա մարմինն այլևս չի գործում: Մենք նրան այլևս չենք կարող տեսնել:
- Փորձեք գտնել լուռ, հանգիստ տեղ և ստեղծել վստահելի ու ապահով միջավայր:
- Եթե երեխան ունի որևէ սիրելի իր, օրինակ՝ խաղալիք, ապա լավ կլինի, որ խոսակցության ժամանակ այդ իրը նրա մոտ լինի:
- Խոսե՛ք դանդաղ և հանգիստ, դադարներ ունեցեք խոսքի ընթացքում, որ երեխան կարողանա ընկալել, թե ինչ եք ասում:
- Եթե նրա մոտ առաջանում են հարցեր, թույլ տվեք արտահայտել դրանք:
- Մի՛ թաքցրեք Ձեր հուզմունքը, դա կօգնի, որ երեխան ևս ազատ լինի իր էմոցիաներն արտահայտելիս:
- Երեխային փոխանցեք այն գաղափարը, որ մահը կյանքի անբաժան մասն է և յուրաքանչյուր կենդանի էակ ի վերջո մահանում է:
- Մահվան գաղափարը բացատրելու հարցում շատ օգտակար է բնության տարբեր երևույթների հետ համեմատություններ կատարելը: Օրինակ, ծառերը գարնանը բողբոջում են, պտուղ տալիս, այնուհետ տերևաթափ է լինում, տերևները միախառնվում են հողին և հիմք դառնում այլ բույսերի կյանքի համար: Այդպես էլ մարդը ծնվում է, հասունանում, երեխաներ ունենում, հետո անցնում հանգստի և ինչ-որ պահի իր տեղը զիջում է նոր կյանքերի:
- Մի՛ խուսափեք օգտագործել «մահ» և «մահանալ» բառերը և մի՛ համեմատեք մահը քնի հետ: Հակառակ դեպքում երեխայի մոտ կարող են քնի հետ կապված վախեր և քնելու դժվարություններ առաջանալ:
- Երեխան պետք է հստակ գիտակցի, որ մահացած մարդն այլևս չի շնչում, չի ծարավում, չի մրսում: Սա կօգնի, որ երեխան որևէ կերպ չանհանգստանա մահացածի համար:
- Երեխան պետք է վստահ լինի, որ ինքը մեղավոր չէ կատարվածի մեջ: Ուշադի՛ր եղեք, թե նա ինչպես է արձագանքում, ինչ վարքային փոփոխություններ են նկատվում և անհրաժեշտության դեպքում ասեք երեխային, որ նա ոչ մի կապ չունի հարազատի մահվան մեջ:
Երեխային այս լուրը հայտնելուց հետո նրա մոտ կարող են հարցեր առաջանալ՝ մայրիկ, իսկ դու՞ էլ ես մահանալու կամ ես նու՞յնպես մահանալու եմ: Այս հարցերը բնական են և դրանց կարելի է հետևյալ կերպ արձագանքել՝ ինչ-որ մի օր, ուշ ապագայում դա տեղի կունենա, քանի որ բոլոր կենդաի էակներն էլ մահանում են, սակայն այդ օրը շատ հեռու է: Եթե երեխան որևէ բան է հարցնում, որի մասին Դուք էլ չգիտեք, ապա լավ կլինի անկեղծ ասել այդ մասին և խոստանալ, որ կփորձեք գտնել նրա հարցի պատասխանը (փորձեք իսկապես գտնել այդ հարցի պատասխանը և ներկայացնել դա երեխային):
Իսկ վերջում ամենակարևոր խորհուրդներից մեկը՝ հո՛գ տարեք ինքներդ Ձեր մասին, չէ՞ որ մտերիմի կորուստը շատ ծանր շրջան է նաև Ձեզ համար: Հնարավորություն տվեք Ձեզ ապրել այն բոլոր հույզերը, որ ունեք այդ պահին: Միայն այդ դեպքում Դուք կկարողանաք աջակցել Ձեր երեխային և նպաստել, որ նա ի վերջո հաշտվի հարազատ մարդու մահվան փաստի հետ:
Նյութը պատրաստելիս մենք օգտվել ենք www.unicef.org կայքից