Ի՞նչ անել, եթե երեխային խայթել է մեղուն. հարցին պատասխանում է Wigmore Clinic-ի մանկական ալերգոլոգ Լուսինե Ավետյանը:
Մեղուն խայթելուց հետո սովորաբար խայթը թողնում է մաշկի վրա։ Անհրաժեշտ է հնարավորինս արագ փորձել հեռացնել այն մաշկից (իշամեղուն խայթը չի թողնում մաշկի վրա, հետևաբար կարող է խայթել մեկ անգամից ավել), ապա անել հետևյալը՝
- լվանալ այդ հատվածը օճառով և ջրով,
- մի քանի րոպե սառույց դնել,
- տեղային հակաալերգիկ քսուք օգտագործել,
- արտահայտված ցավի դեպքում տալ Պարացետամոլ կամ Իբուպրոֆեն,
- քորի դեպքում տալ հակաալերգիկ դեղորայք երեխայի տարիքին և քաշին համապատասխան:
Չի՛ կարելի խայթոցի տեղում կիրառել առօրյայում օգտագործվող տեղային միջոցներ, ինչպիսիք են մածունը, ատամի մածուկը, շաքարը, սալորը, ցեխը և այլն։
Ե՞րբ է պետք դիմել բժշկի
- եթե մեղուն խայթել է բերանի մեջ, քանի որ այդ դեպքում արտահայտված այտուցի հետևանքով կարող է առաջանալ շնչուղիների փակվածություն,
- եթե մաշկի ցանը տարածվել է, արտահայտված այտուց է զարգացել, կամ այտուցը և ցավը պահպանվում են 3 օրից ավել, ինչը կարող է երկրորդային ինֆեկցիայի նշան լինել:
Կյանքին վտանգ սպառնացող նշաններն են՝
- դժվարաշնչություն և խզզոցներ
- կրծքավանդակում ճնշման զգացում
- շուրթերի, լեզվի կամ դեմքի այտուց
- գլխապտույտ և անհանգստություն
- սրտխառնոց կամ փսխում:
Եթե երեխան նախկինում ունեցել է ալերգիկ ռեակցիա մեղվի խայթոցից հետո, անհրաժեշտ է դիմել բժշկի՝ առաջին բուժօգնության համար Ադրենալինի ինքնաներարկիչի օգտագործման ցուցումներ ստանալու համար։
Աղբյուրը՝ Doctors.am