Տարիքի հետ ձեր մարմնում տեղի են ունենում բազմաթիվ փոփոխություններ, և վարսերը բացառություն չեն: Ժամանակի ընթացքում վարսերը փոխում են իրենց գույնն ու կառուցվածքը, և լավ տեսքը պահպանելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել: 

Վարսերը կազմված են սպիտակուցային մանրաթելերից: Մեկ վարսի նորմալ կյանքի տևողությունը կազմում է 2-7տարի: Վարսերն աճում են ամսական 0,5 մատնաչափից մինչև տարեկան 6 մատնաչափ: Այնպիսի գործոններն, ինչպիսիք են տարիքը, սննդակարգը, գենետիկան և ընդհանուր առողջական վիճակը պայմանավորում են վարսերի աճի արագությունը: 

Վարսերի ծերացմանն զուգահեռ՝ դրանց կյանքի ցիկլը կրճատվում է, իսկ կարճ և բարակ վարսերը թափվում են: Այս վարսերը սովորաբար փոխարինվում են նոր բարակ վարսերով: Այնուամենայնիվ, ժամանակի ընթացքում, ծերանալուն զուգահեռ գրեթե բոլորը բախվում են մազաթափության խնդրի հետ:  Կանայք և տղամարդիկ տարբեր պատճառներով են մազաթափություն ունենում: Դրանցից են՝

  • ժառանգականությունը, 
  • էնդոկրին խանգարումները, 
  • վահանաձև գեղձի հիվանդությունները, 
  • հորմոնների և սննդանյութերի պակասը: 

Կանանց մոտ շատ կարևոր դեր է խաղում մենոպաուզան (դաշտանադադարը), երբ նրանք հասնում են 40-ի սահմանին: Սեռական հորմոնները, որոնք օգնում են ֆոլիկուլային մանրաթելերի խթանմանը, պակասում են, և հաճախ տեստոստերոնը դոմինանտում է: Ծերացման և շրջակա միջավայրի փոփոխությունների պատճառով որոշ ֆոլիկուլներից այլևս նոր մազեր չեն աճում: Ժամանակի ընթացքում մազերի մանրաթելերը բարակում են և ընկնում, ցավոք դրանք այլևս չեն վերականգնվում:

Տարեցտարի վարսերում նույնպես տեղի են ունենում բնական պիգմենտի փոփոխություններ: Պիգմենտային բջիջներն արդեն այդքան պիգմենտ չեն արտադրում, և ձեր՝ երբեմնի խիտ շագանակագույն վարսերը դառնում են բարակ, փշրվող և մոխրագույն: Այնուհետև դու գրանցվում ես ոճաբանիդ մոտ գունային փոփոխություն կատարելու համար: Դե, էլ ի՞նչ կարող ես անել: Սակայն դրանից հետո դու բախվում ես ներկերի մեջ պարունակվող քիմիական նյութերի պատճառած վնասներին: Այս ամենը բավական է քեզ փակուղու մեջ զգալու համար: Բայց, հույս դեռ կա:  

«Դուք կարող եք մենոպաուզայից առաջ և հետո քայլեր ձեռնարկել բնական փոփոխությունները դանդաղեցնելու համար», ասում է մաշկաբան բ.գ.թ. Վիլմա Բերգֆելդը: «Դուք շատ բան կարող եք անել ձեր վարսերն ամրացնելու, վերականգնելու և ավելի խիտ ու փայլուն դարձնելու համար», ասում է նա:  
Բժշկուհի Բերգֆելդը առաջարկում է հետևյալ հնարքները՝ ցանկացած տարիքում սեփական վարսերը սիրելու համար.

1. Հաճախակի չլվանալ

Թե որքան հաճախ եք դուք լվանում ձեր վարսերը, կախված է դրանց որակից: Սակայն անկախ ձեր վարսերի տեսակից, վարսերի հաճախակի լվացումը կարող է պատճառ հանդիսանալ, որպեսզի դրանք դառնան չոր և փշրվող: Բժշկուհի Բերգֆելդն ասում է. «Չափազանց շատ շամպունը ցանկալի չէ, բայց դուք պետք է ձեր գլխամաշկը լվանաք շաբաթական առնվազն երկու անգամ»: Օգտագործեք հատուկ ձեր վարսերի տեսակի համար նախատեսված շամպուն՝ նորմալ, յուղոտ կամ չոր: 

2. Մի մոռացեք կոնդիցիոների և ծավալ հաղորդող միջոցների մասին 

Շամպունով լվանալուց հետո կոնդիցիոների կիրառումը էապես կարևոր է վարսերի առողջության համար: Կոնդիցիոները վարսերի խնամքի համար կենսական կարևոր քայլ է, որը խոնավացնում է՝ օգնելով վերականգնելու վարսերի փայլն ու շամպունով լվանալու ընթացքում կորցրած բնական յուղերը: Իսկ ծավալ հաղորդող միջոցներն աշխատում են որպես կապան՝ ամրացնելով յուրաքանչյուր վարս և ապահովելով ծավալ յուրաքանչյուրի համար:

3. Ընտրեք ճիշտ միջոցներ

Եթե դուք ցանկանում եք գունային փոփոխության ենթարկել ձեր վարսերը, ամենալավ տարբերակն այն ոճաբանի մոտ կատարելն է: Մասնագետը կօգնի որոշել ձեր վարսերի տեսակին համապատասխան ամենաանվնաս ներկը և խորհուրդ կտա, թե ինչ շամպուն, կոնդիցիոներ կամ խնամքի այլ միջոց ընտրել ներկած վարսերի համար: Խելամիտ կլինի նաև խուսափել վարսերի ամենօրյա հարդարումից և չգնել պարաբեններ ու ֆթալատներ պարունակող միջոցներ:  

4. Օգտագործեք սպիտակուցներով հարուստ սննդամթերք

Դուք չեք կարող վերահսկել գենետիկական կամ տարիքային գործոնները, բայց կարող եք օգնել ձեր վարսերին՝ առողջ սնվելով: Հին ասացվածքն ասում է՝ «Մենք այն ենք, ինչ ուտում ենք», և այս խոսքերը միանգամայն ճշմարիտ են վարսերի դեպքում: 

Քանի որ վարսերի ֆոլիկուլները մեծամասամբ կազմված են սպիտակուցներից, մի՛ շրջանցեք այս կենսական կարևոր սննդանյութը: Սպիտակուցների պակասը հանգեցնում է մազաթափության: Բժշկուհի Բերգֆելդը կանանց առաջարկում է շաբաթական երկու անգամ ուտել ցածր յուղայնությամբ կարմիր միս: Կարմիր միսը նաև օգնում է պակասացնելու սակավարյունությունը (անեմիան): 



Աղբյուրը՝ ClevelandClinic