Եթե ունեք Գերմանիայում բուժման կարիք՝ այժմ կարող եք աշխատանքի կազմակերպման ողջ ընթացքը վստահել «Մուլտիմեդ» օպերատոր-կազմակերպությանը: Կազմակերպության գործունեության և մատուցվող ծառայությունների մասին Doctors.am-ը զրուցեց «Մուլտիմեդ» ընկերության գործադիր տնօրեն Հրանտ Պիվազյանի հետ:

Մանրամասնե՛ք խնդրեմ, ընդհանուր առմամբ, ի՞նչ է նշանակում բուժման կազմակերպում Գերմանիայում: Ի՞նչ ծառայություններ եք ներկայացնում:

«Մուլտիմեդ» կազմակերպությունը դեռևս նորաբաց, սակայն հստակ նպատակներ և սկզբունքներ ունեցող կազմակերպությունն է: Մեր առանցքային նպատակը որակյալ, ճշգրիտ  ախտորոշման և բուժօգնության ապահովումն է գերմանական առաջատար կլինիկաներից մեկում՝ «Ասկլեպիոս» կլինիկաների ցանցում:

Հաճախ են պատահում դեպքեր, երբ անձը՝ ունենալով որոշակի առողջական խնդիրներ, այցելելով բազմաթիվ բժիշկների և բուժհաստատություններ, չի կարողանում հստակ հասկանալ իր ախտորոշումը: Մեր առաքելությունը 100% ճշգրտությամբ ախտորոշման ապահովումն է Գերմանական լավագույն կլինիկաներից մեկում՝ «Ասկլեպիոս» կլինիկաների ցանցում:

Մարդը, ով ունի առողջական որոշակի խնդիրներ, արդեն իսկ դրված ախտորոշում և ունի ցանկություն բուժվել Գերմանիայում, դիմում է մեր կազմակերպություն՝ վստահելով մեզ աշխատանքի ողջ ընթացքի կազմակերպումը:

Մեր աշխատանքը ներառում է բոլոր փաստաթղթերի համակարգումը, դրանց  թարգմանությունը, մուտքի վիզայի տրամադրման աջակցությունը, դեսպանատան համար անհրաժեշտ բոլոր փաստաթղթերի հավաքագրումը, պացիենտին դիմավորումը, տրանսպորտային միջոցի ապահովումը՝ անհրաժեշտության դեպքում, նաև հատուկ ռեանոմոբիլով պացիենտի տեղափոխումը, թարգմանչի ծառայությունը, Գերմանիայում կեցության վայրի ապահովումը՝ կախված պացիենտի նախընտրությունից՝ շքեղ հյուրանոցային համարից մինչև բնակարանի վարձակալում:

Խիստ կարևոր եմ համարում խոսել նաև նախապես հիվանդին կլինիկայում հերթագրելու մեր հնարավորության մասին: Գերմանական և ընդհանուր առմամբ եվրոպական զարգացած կլինիկաներում մարդիկ ամիսներով սպասում են իրենց հերթին, իսկ կլինիկայի հետ մեր նախնական պայմանավորվածությունն ընձեռում է պացիենտին առավելագույնս սեղմ ժամանակահատվածում ընդունելու հնարավորությունը: Անհետաձգելի դեպքերում բուժման նշանակումը կարող է իրականացվել ընդհուպ 1 շաբաթվա ընթացքում:

«Մուլտիմեդ» կազմակերպությունն իրականացնում է նաև բժշկական ապահովագրությունը Գերմանիայում:

Ո՞ր հիվանդությունների դեպքում են մարդիկ առավել հաճախ նախընտրում բուժում ստանալ Գերմանիայում: Ենթադրում ենք՝ դրանք որոշակի ծանր հիվանդություններ են, որ մեր երկրում դեռևս լիովին բուժելի չեն:

Այո, իրավացի եք: Ուրախությամբ կարող ենք փաստել, որ միջին բարդության հիվանդությունների դեպքում շատ արդյունավետ բուժում  իրականացվում է նաև մեր երկրում: Հիմնականում, Գերմանիա բուժման ուղևորվում են, իհարկե, օնկոլոգիական հիվանդները: Պետք է ասել, որ «Ասկլեպիոս» կլինիկաներում քիմիոթերապիայի կուրսն անհամեմատ ավելի քիչ է հյուծում և վնասում մարդուն:

Հաճախ բուժման են մեկնում նաև սիրտ-անոթային հիվանդություններով, դիաբետով, նյարդաբանական խնդիրներով հիվանդները:

Ի՞նչ առանձնահատկություններ ունի բուժման կազմակերպումը Գերմանիայում:

Գերմանիայում բուժման կազմակերպման մեջ կարևորում եմ հատկապես հեռահար բժշկության կիրառումը: Այսինքն, Եվրոպայի, ԱՄՆ-ի առաջատար բժիշկները ինչպես հիվանդի ախտորոշման ընթացքը, այնպես էլ բուժման նշանակումը մշտապես միասին քննարկում են: Սա, ինչ խոսք, միմիայն նպաստում է բուժման որակի և արդյունավետության բարձրացմանը:

Ի՞նչ գործընկերներ ունեք գերմանական կլինիկաների շարքում:

Գերմանիայում ներկա պահին  մեր գործընկերն է «Ասկլեպիոս» կլինիկաների ցանցը,որը համալրված է նորագույն տեխնիկայով և ամենաբարձր մակարդակի պրոֆեսորական կազմով:

Շուտով նախատեսում ենք համագործակցություն նաև Հեյդելբերգի համալսարանական կլինիկայի հետ, որը մասնագիտացված է հատկապես արյունաբանության ոլորտում և բարձր արդյունքներ է ցուցաբերում:

Իհարկե, բժշկության ոլորտում դժվար է որևէ բան երաշխավորել, սակայն ինչպե՞ս կարելի է վստահ լինել, որ այցը Գերմանիա զուր չի անցնի:

Գուցե ասածս շատ համարձակ թվա, սակայն աշխարհում բուժելի համարվող ցանկացած հիվանդություն կարող է բուժում գտնել Ասկլեպիոս կլինիկաների ցանցում: Այն աշխարհում նորարարական զարգացումների կիզակետում գտնվող բժշկական մի համալիր է, որտեղ իսկապես ներդրված են գերժամանակակից մոտեցումներ և աշխատում են խիստ պրոֆեսիոնալ մասնագետներ: Մեզ համար սկզբունքային հարց է նաև , որ «Մուլտիմեդ» կազմակերպության միջնորդությամբ Գերմանիա մեկնած պացիենտները բուժում ստանան միայն պրոֆեսոր-բժիշկների մոտ:

Ի՞նչ կասեք վճարումների և ֆինանսական կողմի թափանցիկության մասին:

Պացիենտն ամբողջությամբ կարող է վերահսկել ֆինանսական բոլոր գործարքները, քանի որ ինքն իր հաշվեհամարից անձամբ է գումարը փոխանցում կլինիկայի բանկային հաշվին, և ընթացքում հնարավոր բոլոր, թեկուզ և մանր ծախսերին մշտապես տեղյակ է լինում: Մեր ծառայության համար անձը վճարում է որոշակի գումար՝ միայն աշխատանքի կազմակերպման համար:

Իսկ հնարավո՞ր է արդյոք ստանալ մասնագետի խորհրդատվություն՝ առանց Գերմանիա այցելելու:

Քանի որ միայն ախտորոշման համար Գերմանիա հասնելը մեծ գումարների հետ է կապված՝ մեր կազմակերպությունն առաջարկում է այլ ծառայություններ ևս: Վստահելի լաբորատորիաներում իրականացված հետազոտությունների արդյունքները կամ բիոպսիայի նմուշը հնարավոր է ուղարկել «Ասկլեպիոս» կլինիկա, ստանալ մասնագետի նախնական խորհրդատվություն և նախնական ախտորոշում, այնուհետ՝ անհրաժեշտության դեպքում միայն անձամբ այցելել Գերմանիա՝ բուժման նպատակով: Այս հնարավորությունը, կարծում եմ բավական նախընտրելի տարբերակ է ժամանակի և ֆինանսական միջոցները խնայելու առումով: Եվ ի վերջո, հնարավոր է դառնում առցանց ստանալ բարձրակարգ մասնագետի խորհրդատվություն և բուժման պլանավորում:

Պրն. Պիվազյան, շնորհակալ ենք ինֆորմատիվ հարցազրույցի և տեղեկատվության համար: Մաղթում ենք նոր հաջողություններ և առաջընթաց: Ի՞նչ ծրագրեր ունեք ապագայի համար:

Ես ևս շնորհակալ եմ անդրադարձի համար, անչափ կարևորում եմ ընթերցողի, պացիենտի տեղեկացված լինելը:

Պետք է ասեմ, որ իմ սկզբունքային նպատակներից է երեխաների բուժման անվճար կազմակերպումը Գերմանիայում: Հուսամ՝ շուտով կկարողանանք հովանավորների միջոցով անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող երեխաներին անվճար ախտորոշել և բուժել Գերմանիայում:


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
05 Օգոստոսի, 2015