Մարդու հիգիենան կարեւոր է միշտ, բայց հատկապես սեռական հարաբերությունների պարագայում, երբ սեռավարակներ ձեռք բերելու վտանգ կա, ճիշտ հիգիենան ավելի քան անհրաժեշտ է դառնում:

Իսկ ինչպե՞ս պետք է սեքսից հետո պահպանել սեռական օրգանների հիգիենան: Ահա մի քանի պարզ կանոն.

Կարիք չկա սեքսից հետո անմիջապես վազել ցնցուղի տակ, բայց սեռական հարաբերությունից հետո հնարավոր վարակներից խուսափելու համար թե՛ տղամարդիկ, թե՛ կանայք պետք է լվանան իրենց սեռական օրգանները: Ցանկալի է՝ առանց օճառի, սովորական տաք ջրով:

Շատ կանայք կարծում են, որ սեքսից հետո պետք է լվանան հեշտոցը, մինչդեռ դա սխալ է: Պետք է լվանալ միայն արտաքին սեռական օրգանը: Հատկապես խորհուրդ չի տրվում լվացումներն անել օճառով, գելերով կամ այլ հիգիենիկ միջոցներով: Դրանք կարող են խախտել հեշտոցի բնական բակտերիալ բալանսը: Հեշտոցն ինքնամաքրվող օրգան է, եւ սեքսից հետո կարիք չկա այն լվանալու: Եվ հիշեք, որ հեշտոցն ունի իրեն հատուկ բույր, որը բնական է եւ չի վկայում որեւէ հիվանդության մասին:

Սեքսի ժամանակ որոշ բակտերիաներ կարող են անցնել միզապարկի մեջ, ինչը կարող է հետագայում վարակների աղբյուր դառնալ: Այդ իսկ պատճառով սեքսից հետո ջուր կամ թեյ խմեք եւ գնացեք զուգարան: Միզելու ընթացքում այդ բակտերիաները դուրս կգան Ձեր օրգանիզմից: Կանայք միզելուց հետո իրենց  սեռական օրգանը պետք է մաքրեն առջեւից դեպի ետ ուղղությամբ, որպեսզի խուսափեն բակտերիաների ներթափանցումից:

Ներքնազգեստը սեքսում եւս կարեւոր է: Տաք, քրտնած հատվածները բակտերիաների զարգացման համար իդեալական միջավայր են, հետեւաբար՝ պետք է ընտրել «շնչող» ներքնազգեստ: Կանայք պետք է խուսափեն զուգագուլպաներից, սեղմիրաններից եւ վարտիքներից, որոնք շատ նեղ են: Թե՛ տղամարդկանց, թե՛ կանանց համար իդեալական է բամբակյա ներքնազգեստը: Կամ էլ սեքսից հետո պարզապես առանց ներքնազգեստի քնեք:

Եթե սեռական հարաբերության ժամանակ Ձեր ձեռքերը դիպել են Ձեր կամ զուգընկերոջ սեռական օրգաններին, ապա անպայման պետք է լվանալ ձեռքերը, որպեսզի խուսափեք հնարավոր վարակների տարածումից: Ձեռքերը պետք է լվանալ օճառով:

Եթե ակտիվ սեռական կյանքով եք ապրում եւ հատկապես, եթե սեքսով եք զբաղվել նոր զուգընկերոջ հետ, ապա ցանկալի է այցելել բժիշկի եւ թեստեր հանձնել:


Աղբյուրը՝ Webmd.com