Ածելի, քսուքներ, թելեր, ունելի…Շատերը նյարդայնանում են պարբերաբար կրկնվող մազահեռացման գործողությունը այս միջոցներով կատարելիս և որոշում են էպիլյացիայի միջոցով ազատվել մազերից: Եթե որոշել եք կատարել էպիլյացիա, ապա այս տեղեկատվությունը Ձեզ անհրաժեշտ է:    

Ի՞նչ է  էպիլյացիան:

Էպիլյացիան այլընտրանքային ճանապարհով մազահեռացումն է: Ժամանակակից կոսմետոլոգիան առաջարկում է մազահեռացման տարբեր մեթոդներ՝ լազերային էպիլյացիա, ֆոտոէպիլյացիա, էլոս էպիլյացիա և այլն: Սովորաբար արդյունքը նկատելի է դառնում մազահեռացման մի քանի փուլից հետո:
Քանի որ մարդկանց օրգանիզմի առանձնահատկությունները տարբեր են, մազահեռացման  արդյունավետությունը յուրաքանչյուրի մոտ կարող է տարբեր լինել՝ պայմանավորված մազի հաստությունից, խտությունից, հորմոնալ խնդիրներից:
Հարց է առաջանում՝ էպիլյացիայի ո՞ր մեթոդն ընտրել: Ասեղային, ֆոտո- և լազերային, էլոս  էպիլյացիա, էլեկտրաէպիլյացիա. մազահեռացման այս ձևերով աշխատանք է տարվում մազարմատի հետ, արդյունքում աստիճանաբար նվազում է մազերի աճը: Օրինակ՝ լազերային էպիլյացիան հեռացնում է մազերը՝ մազի ֆոլիկուլները, լազերային ճառագայթման օգնությամբ։
Ոմանք կարծում են, թե էպիլյացիան կարող է վտանգավոր լինել առողջության համար  և հանգեցնել հայտնաբերված հիվանդությունների խորացման:

Բժիշկ-կոսմետոլոգ Անի Սիսակյանը նշում է, որ էպիլյացիոն մեթոդները կարող են լինել անվտանգ, եթե կատարվում են ճիշտ. «Եթե լիարժեք ճիշտ է կատարվում էպիլյացիան, ապա անվտանգ է: Նախընտրելի է կատարել էլոս էպիլյացիա, քան լազերային, իսկ էլեկտրաէպիլյացիան ավելի անվտանգ է, բայց այն ընտրելիս հարկավոր է ավելի ուշադիր լինել սանիտարահիգիենիկ պայմաններին»,-ասում է բժիշկ-կոսմետոլոգը:

Ասեղային էպիլյացիան կիրառելի է մարմնի բոլոր հատվածներում:  Էպիլյացիայի այս ձևը, ի տարբերություն մյուսների, ցավոտ է. ըստ անհրաժեշտության՝ կատարվում է տեղային ցավազրկում: Անհրաժեշտ է խուսափել խալերի շրջանում ասեղային էպիլյացիա կատարելուց:
Ներկայումս մեծ տարածում է ստացել նաև մազահեռացման էլոս էպիլյացիայի տարբերակը: Գործողության ընթացքում  տաքացվում և քայքայվում է մազի ֆոլիկուլը: Տղամարդիկ ևս օգտվում են մազահեռացման ծառայություններից՝ նախապատվությունը տալով անութափոսերի, մեջքի և կրծքավանդակի էպիլյացիային:


Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել:

Անհրաժեշտ է էպիլյացիա կատարելուց առաջ և հետո  արևայրուք ընդունած չլինել: Մաշկի այն հատվածը, որտեղ պետք է կատարվի էպիլյացիա, հարկավոր է սափրել, քանի որ գործողությունը կատարվում է մազարմատի հետ: Նկատված մաշկային կամ վարակիչ հիվանդությունների, հորմոնալ խնդիրների պարագայում պետք է կատարել համապաստախան հետազոտություններ, խորհրդակցել կոսմետոլոգի և մաշկաբանի հետ (կանայք՝ նաև գինեկոլոգի):

Չի կարելի էպիլյացիա անել, երբ...

Ֆոտոէպիլյացիան հակացուցված է նրանց, ովքեր շաքարային դիաբետ, քաղցկեղ, ինչպես նաև մաշկային հիվանդություններ ունեն: Էպիլյացիայի գրեթե բոլոր ձևերը չի կարելի կիրառել հղիության և դաշտանային ցիկլի շրջանում, այն հատվածներում, որտեղ կան  թարախային շերտեր, լայնացած անոթներ, խալեր:  
Էլոս  էպիլյացիան խորհուրդ չի տրվում կրծքով կերակրող մայրերին, արյան, մաշկային, ալերգիկ  հիվանդություններ ունեցողներին, ինչպես նաև զարկերակային ճնշման, շաքարային դիաբետի խնդիր ունեցողներին ևս: Լազերային էպիլյացիա չի կարելի կատարել վարակիչ հիվանդությունների, էպիլեպսիայի դեպքում:

Պետք է ուշադիր լինել:

  • Առողջական խնդիրներից խուսափելու համար անհրաժեշտ է պարբերաբար խորհրդակցել համապատասխան բժիշկների հետ:
  • Հետևել բոլոր ցուցումներին, պահպանել կանոնները, որոնք նախատեսված են էպիլյացիայից առաջ և հետո:
  • Ուշադիր լինել սանիտարահիգիենիկ պայմաններին (հատկապես գեղեցկության սրահներում), օգտագործվող սարքերին: Անհրաժեշտության դեպքում մասնագետին հիշեցնել դրանց մաքրության մասին:


Հեղինակ՝ Սոնա Շահվերդյան 

Աղբյուրը՝ Doctors.am