Եթե ցանկանում եք կատարել ռինոպլաստիկա, բայց ունեք հարցեր, որ Ձեզ անհանգստացնում են, ապա մենք պատրաստել ենք հաճախ տրվող 8 հարցերի պատասխանները:

1. Ինչպե՞ս ճիշտ ընտրել պլաստիկ վիրաբույժին:  

Պլաստիկ վիրաբույժին ընտրելուց, խորհուրդ կտամ դիմել մի քանի վիրաբույժի, մանրամասն բացատրել, թե պացիենտը ինչ արդյունք է ուզում ստանալ, տեսնել պլաստիկ վիրաբույժի արդեն կատարած վիրահատության արդյունքները՝ հետվիրահատական նկարներով: Մանրամասնել, արդյո՞ք վիրաբույժն ունի պլաստիկ վիրաբույժի որակավորում, թե պարզապես ունի հարակից մասնագիտությունների՝ դիմածնոտային, ԼՕՌ  կամ ընդհանուր վիրաբույժի որակավորում: Պետք է նաև իմանալ, արդյոք ունի նեղ որակավորում նման վիրահատություններ կատարելու համար, քանի որ պլաստիկ վիրաբուժությունը շատ մեծ ծավալ է ներառում:
 

2. Ինչպե՞ս ընտրել դեմքի համապատասխան նոր քիթ:

Դեմքին համապատասխան նոր քիթը կօգնի ընտրել հենց ինքը` վիրաբույժը: Ելնելով ձեր դիմագծերից, դեմքի որոշակի չափումներից: Անպայման հաշվի են առնվում պացիենտի ցանկությունները, եթե դրանք համընկնում են վիրաբույժի կարծիքի հետ: Դեմքին նոր քիթ ընտրելուց պետք չէ ընկնել համակարգչային տեխնոլոգիաների հետևից, որովհետև համակարգչով ընտրվում է պլաստիկ քիթ, որը կարող է համապատասխանել բոլորին: Յուրաքաչյուր դեմքի համար քիթը պետք է ընտրել դիմագծերին  համապատասխան: 
 

3. Տարվա ո՞ր եղանակին է ավելի նպատակահարմար կատարել ռինոպլաստիկա:

Ռինոպլաստիկան նպատակահարմար է կատարել ոչ շատ շոգ, և ոչ շատ ցուրտ եղանակներին: Ցանկալի է խուսափել վիրահատությունից ամռան ամենաշոգ ամիսներին, որ բարդություններն ավելի քիչ լինեն:
 

4. Ո՞րն է ռինոպլաստիկայի միջին գինը Հայաստանում:

Ռինոպլաստիկայի միջին գինը Հայաստանում տատանվում է 500-ից 600 հազար դրամի սանդղակում:
 

5. Ռինոպլաստիկայից հետո ե՞րբ կարելի է ֆիզիկական վարժություններ անել:  

Ֆիզիկական վարժություններ թույլ ենք տալիս կատարել առաջին ամսվա վերջից, հետո ծանրաբեռնվածությունը մեծանում է մինչև առաջին տարվա վերջ:
 

6. Ռինոպլաստիկայից հետո որքա՞ն ժամանակ կարող են մնալ սպիերը:

Ռինոպլաստիկան կատարվում է մի քանի եղանակով: Փակ եղանակի դեպքում ընդհանրապես սպիեր չեն լինում: Բաց եղանակի դեպքում սպին շատ բարակ է և երևացող տեղերում չէ:
 

7. Ո՞ր տարիքից է թույլատրվում կատարել պլաստիկ վիրահատություն:

Քթի պլաստիկան թույլատրվում է կատարել 16-ից 17 տարեկանից` աղջիկների դեպքում, 17-ից 18 տարեկանից` տղաների դեպքում:
 

8. Ինչպե՞ս պետք է նախապատրաստվել ռինոպլաստիկային, ի՞նչ հետազոտություններ են արվում:

Ռինոպլաստիկայի ժամանակ կատարվում են ընդհանուր հետազոտություններ, որոնք կբացահայտեն օրգանիզմում առկա առողջական խնդիրներ կապված սրտի, շնչառական և մարսողական համակարգերի հետ: Պետք է հաշվի առնել ընդհանուր օրգանիզմի վիճակը, մաշկի վիճակը, քթի և ատամների և ընդհանրապես օրգանիզմում պետք է բացակայեն բորբոքային, թարախային գործընթացները:


Հարցերին պատասխանեց «Քանաքեռ-Զեյթուն» ԲԿ-ի 

Պլաստիկ և վերականգնողական վիրաբուժության բաժնի վարիչ 

Աննա Մովսեսի Սարգսյանը