Հաճախ մեր ընթերցողները մեզ հղում են հարցեր ամենատարբեր ոլորտներից:
Doctors.am–ը որոշել է անդրադառնալ և գտնել հաճախ տրվող հարցերի պատասխանները:
Այսօր կներկայացնենք վինիրների մասին հաճախ տրվող տասը հարցերը.
Եվ այսպես. Ի՞նչ պետք է իմանալ վինիրներ տեղադրելուց առաջ.
1. Արդյո՞ք ցավոտ է վինիրների տեղադրումը:
Ճիշտ և զգույշ աշխատանքի դեպքում տեղադրումը ցավոտ չէ:
2. Վնասո՞ւմ են վինիրները ատամների էմալը:
Որոշ չափով հղկվում է, բայց որպես օրենք և՛ եզրերը, և՛ ցանկալի է վինիրի ամբողջ մակերեսը, ավարտվի էմալի մակարդակի վրա:
3. Պարտադիր է արդյո՞ք վինիրների պատրաստման ժամանակ հեռացնել ատամի կակղանը (նյարդը):
Ոչ պարտադիր չէ: Եթե հիմնարանային ատամը թեքված չէ մեծ անկյան տակ, և օրթոպեդիկ բուժում չի ներառվելու, ապա կակղանազերծում չի իրականացվում:
4. Որքա՞ն երկար են ծառայում վինիրները:
Բավականին երկար: Իրենք ադհեզիվ կառույցներ են և, եթե օկլուզիոն խնդիրներ չեն առաջանում, պացիենտը ճիշտ է օգտագործում և բժշկի տված ցուցումներին հետևում է, ուրեմն խնդիր չի ունենա:
5. Կարելի՞ է կոշտ սնունդ (խնձոր, գազար և այլն) ուտել, եթե բերանի խոռոչում կան վինիրներ:
Խնձոր, գազար կարելի է կծել, բայց բոլոր դեպքերում պետք է հիշել, որ ցուցված չէ, օրինակ, լավաշը կծելու ժամանակ քաշել դեպի առաջ: Այն կարող է մակերեսային շերտը անջատել հիմքի շերտից: Պետք է խուսափել անջատող շարժումներ կատարելուց, որոնք կարող են վերտիկալ ուժի ազդեցությամբ պոկել վինիրը:
6. Կա՞ն վինիրների տեղադրման հակացուցումներ:
Ցանկալի չէ ատամը երեսպատել վինիրով, եթե մեծ է ախտահարման մակերեսը և եթե առկա են գունափոխված ատամներ, վինիրը շատ բարակ և թափանցիկ շերտ է, որով շատ հաճախ հիմքի մուգ գույնը ծածկել չի հաջողվում:
7. Փոխո՞ւմ են վինիրները ուտելիքի համը:
Ոչ, բացարձակ:
8. Պետք է արդյո՞ք մաքրել վինիրները, եթե այո, ապա ինչպե՞ս:
Իհարկե պետք է մաքրել: Մաքրում ենք նույն սկզբունքով, ինչպես որ մնացած ատամները: Միջատամնային տարածությունները մաքրում ենք ֆլոսերով, եթե մեծ են տարածությունները՝ միջատամնային խոզանակներով, և սովորաբար փոքր աբրազիվության ատամի մածուկով և խոզանակով:
9. Որքա՞ն է մեկ վինիրի տեղադրման արժեքը:
Վինիրի շուկայական արժեքը մոտ հարյուր հազար դրամ է:
10. Հնարավո՞ր է վինիր տեղադրել միայն մեկ ատամի վրա:
Հնարավոր է տեղադել: Այն մասնագետը, ով իրականացնում է այդ աշխատանքը, պետք է կատարի բարձր վարպետությամբ և պետք է կարողանա վերարտադրել հարևան ատամների գույնը:
Հարցերին պատասխանեց «Դելյուքս» ստոմատոլոգիական կլինիկայի
օրթոպեդ-ստոմատոլոգ, բ.գ.թ. Կարեն Արմենի Մաշինյանը