Պատմականորեն և աշխարհագրորեն այնպես է ստացվել, որ համեմունքները դարձել են մեր խոհարարական կյանքի անբաժանելի մասը: Համաձայնեք, որ դժվար է պատկերացնել ժամանակակից մարդու խոհանոցն առանց բուրումնավետ պարունակությամբ տարաների և փաթեթների: Համեմունքներն ազդում են ոչ միայն մթերքի համային հատկությունների, այլև մեր առողջության վրա, ինչի մասին խոսում են ինչպես հին բժշկական գրառումները, այնպես էլ՝ վերջին գիտական հետազոտությունները:
Համեմունքների արժեքը
Ինչ-որ ժամանակ բառիս բուն իմաստով համեմունքներն ունեին ոսկու գին: Համեմունքներ ձեռք բերելու համար ճանապարհ էին ընկնում ամբողջ նավախմբերով, իսկ այդ ճանապարհորդությունների ընթացքում նույնիսկ կատարվում էին աշխարհագրական հայտնագործություններ: Նման վերաբերմունքը պայմանավորված էր համեմունքների հատկությամբ ևսննդամթերքի համը փոխելու կարողությամբ: Հին ժամանակներում դժվար էր երկար պահպանել սննդամթերքը, իսկ համեմունքներն օգնում էին ազատվել տհաճ համից: Ինչպես ցույց է տալիս հնդկական փորձը, քարրին, որի բաղադրության մեջ մտնում են մի շարք բաղադրիչներ, համարվում է նաև հիանալի կոնսերվանտ:
Համեմունքների անվանումները մեծաթիվ են ՝ սև և կարմիր պղպեղ, դարչին, վանիլին, քունջուտ, մեխակ, ռեհան և այլ համեմունքներ: Սրանցից յուրաքանչյուրն ունի բուսական ծագում և օժտված է յուրահատուկ համային որակներով և հատկություններով:
Զգուշացե՛ք
Մեր օրերում պարտադիր չէ գնալ հեռավոր երկրներ՝ տարատեսակ համեմունքների ետևից: Սակայն համեմունքի հասանելիության հետ՝ հաճախ կորում է նրա որակը: Համեմունքները կարող են վտանգ պարունակել: Հատկապես պետք է զգուշանալ այն խառնուրդներից, որոնք հանդես են գալիս այնպիսի ընդհանուր անվանումներով, ինչպիսիք են՝ «Համեմունք ձկան համար», «Համեմունք մսի համար», «Համեմունք փլավի համար» «Պրովանսի խոտաբույսեր»: Տարբեր բաղադրիչներից կազմված նման խառնուրդների մեջ սովորաբար լինում է համը բարելավող քիմիական բաղադրիչ:
Մյուս վտանգը ոչ թե որակի, այլ քանակի մեջ է: Մեծ քանակությամբ (5-10 գրամ և ավելի) համեմունքների կիրառումը իրոք կարող է լուրջ վնաս հասցնել առողջությանը: Ընկույզը, եղեսպակը և դարչինը կարող են առաջացնել ցնցումներ: Իսկ ծիտրոնը և շաֆրանը հակացուցված են հղիության ժամանակ: Մեխակն իր հանգստացնող հատկության շնորհիվ առաջացնում է քնկոտություն:
Համեմունքը բավականին ուժեղ գրգռիչ է, որը կարող է խթանել հիվանդությունը: Գաստրիտի, խոցի, ալերգիկ ռեակցիաների, բրոնխիալ ասթմայի և ցիստիտի ժամանակ ցանկանլի է կրճատել համեմունքների օգտագործումը կամ ընդհանրապես բացառել դրանք սննդակարգից: Խորհուրդ չի տրվում օգտագործել մի քանի համեմունք դեղորայքի հետ համատեղ, օրինակ՝ կարին և ասպիրինը, քանի որ համեմունքը չեզոքացնում է դեղի ազդեցությունը:
Համեմունքի օգտակար հատկությունները
Բացի յուրահատուկ համային և հոտային հատկություններից, յուրաքանչյուր համեմունք ունի իր օգտակար հատկությունները և որակները: Մեխակը և դափնու տերևը՝ համեմունքի կամ յուղի տեսքով օգնում են վերին շնչուղիների հիվանդությունների ժամանակ: Գրացի բժշկական համալսարանում կատարված փորձերի արդյունքում ապացուցվել է, որ քրքումը կանխում է լյարդի ցիռոզի զարգացումը, նորմալացնում է լեղու հոսքը և կանգնեցում է բորբոքային գործընթացը:
Քունջուտն ազդում է արյան մեջ խոլեստերինի մակարդակը վրա, նորմալացնում է զարկերակային ճնշումը: Քունջուտի յուղը խթանում է աղիների նորմալ աշխատանքը: Պոլիֆենոլների առկայության շնորհիվ վանիլինն օժտված հակաօքսիդանտային հատկությամբ, կանխարգելում է քաղցկեղային բջիջների առաջացումը, դանդաղեցնում է ծերացման գործընթացը, հանդիսանում է Ալցեյմերի և Պարկինսոնի հիվանդության կանխարգելիչ:
Բոլորին հայտնի է, որ կարմիր և սև պղպեղները նույնպես խոչընդոտում են քաղցկեղային բջիջների առաջացմանը և համարվում են մրսածության դեմ պայքարի հիանալի միջոց: Բացի այդ, կարմիր պղպեղը կանոնավորում է արյան մակարդելությունը, ամրացնում է ոսկրային հյուսվածքը, և խորհուրդ է տրվում ծխողներին, քանի որ այդ պղպեղի մեջ պարունակվող բետա-կրիպտօքսանտինը չեզոքացնում է ծխախոտի ազդեցությունը:
Օգտագործե՛ք համեմունքները չափավոր քանակությամբ և մի՛ մոռացեք, որ ի թիվս իր բազմաթիվ հատկությունների, դրանք նաև հիանալի ֆերոմոններ են:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ passion.am