Ինքնասպանությունը բացատրվում է որպես մարդու կողմից դիտավորյալ կատարվող գործողություն, որը իր կանխատեսմամբ պետք է բերի մահվան: Տարբեր երկրներում մարդիկ ընտրում են ինքնասպանության տարբեր գործիքներ: Օրինակ ԱՄՆ-ում սուիցիդ առավել հաճախ իրականացնում են հրազենի միջոցով, ինչը վարլուծաբանները կապում են այդ երկրում զենքի ազատ վաճառքի հետ, գյուղական համայնքներում գերակշռում են թունաքիմիկատների միջոցով իրականացվող ինքնասպանությունները և այլն:
Սեպտեմբերի 10-ին աշխարհը պայքարում է ինքնասպանությունների դեմ: Ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալների՝ տարեցտարի նկատվում է ինքնասպանությունների աճ և երիտասարդացում՝ տարեկան միջինում 800 հազար դեպք (ամեն քառասուն վայրկյանը մեկ ինքնասպանություն կամ ինքնասպանության փորձ), սակայն հայաստանյան վիճակագրությունն առավել հուսադրող է:
Որպես ինքնասպանության հիմնական դրդապատճառ ՀՀ ԱՆ գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանն առանձնացնում է մարդկանց միջանձնային հարաբերությունները.
Հնարավո՞ր է արդյոք կանխարգելել ինքնասպանությունները:
- Միանշանակ, հնարավոր է: Սա ոչ թե անհատի, այլ հասարակության խնդիրն է: Ամբողջ հասարակության կողմից պետք է աշխատանք տարվի այս ուղղությամբ:
Մարդկային հարաբերությունները, դրանց խարխլումը ինքնասպանության դրդող ամենատարածված պատճառն է: Մեր օրերում մարդիկ իրենց միայնակ են զգում, և սա բերում է դեպրեսիվ վիճակների, հասարակությունից անջատման: Ինքնասպանության կանխարգելման հարցում շատ մեծ դեր ունի ընտանիքը: Եթե ընտանիքում տիրում է սիրո, ուշադրության, հարգանքի մթնոլորտ, մարդիկ շատ շուտ են նկատում իրենց հարազատի սուիցիդալ հակումները, ավելի զգոն են դառնում, դիմում են հոգեբանի օգնությանը: Իհարկե, այս հարցում կարևոր դեր ունեն նաև ընկերները, կոլեգաները… Անտարբերությունը կարող է լուրջ հետևանքներ ունենալ.- ասում է Ս. Թորոսյանը:
Երիտասարդների շրջանում ինքնասպանությունների ցուցանիշներն առավել քան մտահոգիչ են: 19-20 տարեկան անձանց կողմից ինքնասպանությունները մահացությունների տեսանկյունից երկրորդ տեղում են և զիջում են միայն ճանապարհային պատահարների հետևանքով մահացությունների թվին:
Հոգեբան Կամո Վարդանյանի խոսքով՝ մարդիկ ինքնասպանության մեջ տեսնում են բարդ իրադրությունից դուրս գալու ելքը.
- Ինքնասպանությունները հասարակությանն ուղեկցող երևույթներ են: Իհարկե դարերի ընթացքում փոխվել է ինքնասպանությունների բնույթը՝ սկզբում դրանք կրում էին ծիսական բնույթ, հետագայում դրանց պատճառները ավելացել են, խճճվել, և այսօր Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առանձնացնում է ինքնասպանությունների 83 պատճառ, թեև շուրջ 20 տարի այս հարցն ուսումնասիրելով կարող եմ ասել, որ պատճառները շատ ավելի շատ են:
Ինքնասպանությունը հիմնականում կախված չէ մարդու կամքից: Մարդն ինքնասպանություն իրականացնում է երեք հիմնական հոգեվիճակներում՝ հարաբերական հանգստի, ախտաբանական և սահմանային: Վերջինն ամենամեծ տարածումն ունի և ապացույցն է այն փաստի, որ մարդը դիմում է ինքնասպանության հիմնականում առողջ վիճակում:
Ինչպե՞ս կարելի է հասկանալ, որ մարդն ունի սուիցիդալ մտքեր, հակումներ:
-Անձը չի կայացնում ինքնասպանություն կատարելու ակնթարթային որոշում: Սա երկար ընթացք է, երբ նա պայքար է մղում այդ մտքի դեմ: Եվ հենց այս ընթացքում ուշադիր լինելու դեպքում հնարավոր է կանխարգելել այս ցավալի երևույթը: Օրինակ՝ շատերը, սուիցիդալ մտքեր ունենալու դեպքում սկսում են մեկուսանալ հարազատներից, հրաժարվել նախկինում սիրելի, անբաժան իրերից , նվիրել դրանք ուրիշներին և այլն:
Այսօր ԱՀԿ-ն ևս հետևողական է, որ ուսուցիչները, սերվիսի աշխատողները, հատուկ ծառայությունների աշխատակիցները տեղեկացված լինեն հնարավոր ինքնասպանությունը կանխարգելելու միջոցների մասին, – ասում է հոգեբան Կամո Վարդանյանը:
Ըստ վիճակագրական տվյալների՝ ինքնասպանությունների առավել հաճախ դիմում են երբեք չամուսնացած, ընտանիք չունեցող մարդիկ: Այս փաստը ևս մեկ անգամ ապացուցում է, որ երբեմն ընկերական մեկ խորհուրդը, հանդիպումը կարող է փոխել մարդու տրամադրվածությունը սուիցիդ իրականացնելու վերաբերյալ:
Ինքնասպանությունը կանխել հնարավոր է:
Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Աղբյուրը՝ Doctors.am