Երևանի պետական բժշկական համալսարանը (ԵՊԲՀ) ՀՀ բարձրագույն բժշկական հաստատություններից է։ Հիմնադրվել է 1919թ.: Տվել է ավելի քան 31 հազար շրջանավարտ։ Կրում է միջնադարի բժիշկ Մխիթար Հերացու անունը։
Կրթություն
Բժշկական համալսարանում գործում են 98 ամբիոն, 6 ֆակուլտետ և ֆակուլտետի կարգավիճակով` օտարերկրացիների ուսուցման դեկանատը, որը հիմնվել է 1957-ին` սփյուռքահայերի ընդունելության նպատակով, ապա 1985-ից սկսվել է օտարազգի ուսանողների ուսուցում։
Համալսարանի բաղադրիչն է Երևանի պետական բժշկական քոլեջը, որտեղ կրթությունը կատարվում է 2 տարով` քույրական գործ, մանկաբարձություն, դեղագործություն, ատամնատեխնիկական գործ մասնագիտություններով։ Քոլեջը ղեկավարվում է տնօրենի կողմից։
Բացարձակ գերազանցություն, գիտական աշխատանքներ ունեցող համալսարանի ուսանողներն ստանում են անվանական կրթաթոշակներ։ Առաջադրման պայմաններից են օտար լեզվի տիրապետումն ու հասարակական ակտիվությունը։ Տրվում են տարբեր հիմնադրամների և Մխիթար Հերացու անվան, Ռուբեն Յոլյանի, Վահան Արծրունու, Լևոն Հովհաննիսյանի, Ռուբեն Սևակի անվան կրթաթոշակներ։
Ֆակուլտետներ
ԵՊԲՀ Ընդհանուր բժշկություն ֆակուլտետը կազմվել է 1999-2000 ուսումնական տարում բուժական, մանկաբուժական և բժշկական կանխարգելման ֆակուլտետները միավորումից։
1961թ.-ին Երևանի պետական բժշկական ինստիտուտում հիմնադրվել է ստոմատոլոգիական ֆակուլտետը: 1966-1967 ուստարում ֆակուլտետը տվել է առաջին 47 շրջանավատը։ Ֆակուլտետում սովորում է ավելի քան 800 ուսանող։
Դեղագիտական ֆակուլտետը ստեղծվել է 1972-ին։ Առաջին շրջանավարտները տվել է 1975-ին։
ԵՊԲՀ ռազմաբժշկական ֆակուլտետն ստեղծվել է ՀՀ կառավարության 1994թ. մայիսի 19-ի որոշմամբ։
2011թ. հիմնադրվել է Հանրային առողջության ֆակուլտետը:
Բժիշկների, ստոմատոլոգների և դեղագետների պատրաստումն իրականացնում է 2005թ. մասնագիտական ուսուցման ֆակուլտետի վրա հիմնված Հետբուհական և շարունակական կրթության ֆակուլտետը: