Ժառանգական անգիոայտուցը հազվադեպ հանդիպող հիվանդություն է, որը դրսևորվում է մարմնի տարբեր մասերում առաջացող այտուցներով եւ որովայնային ցավերով: Հանդիպում է 10.000-50.000 բնակչից մեկի մոտ:
Հիվանդության վերաբերյալ մանրամասներ է ներկայացնում ալերգոլոգ Արմինե Հակոբյանը:
Որո՞նք են հիվանդության առանձնահատկությունները
Ժառանգական անգիոայտուցի ժամանակ առաջանում են ցավով ուղեկցվող այտուցներ դեմքի, վերջույթների, սեռական օրգանների շրջանում, որովայնային հատվածում եւ ստամոքս-աղիքային համակարգում՝ զուգակցվելով որովայնային ցավերով եւ փորլուծությամբ: Եթե այտուցը տեղակայվում է կոկորդի շրջանում, այն կարող է լինել մահացու:
Կարևոր է իմանալ, որ այտուցները չունեն ալերգիկ բնույթ, կապված չեն ալերգիայի դրսևորման հետ, բացակայում է քորը եւ կարող են պահպանվել մինչեւ 5 օր:
Ինչպիսի՞ն է հիվանդների տեղեկացվածությունը հիվանդության վերաբերյալ
Հիվանդության ախտորոշումը տարբեր երկրներում տևում է տարիներ, քանի որ շատ հաճախ այդ հիվանդությունը շփոթում են ալերգիկ կամ ստամոքս-աղիքային հիվանդությունների հետ, իսկ Հայաստանում՝ նաև պարբերական (Երևանյան) հիվանդության հետ: Սովորաբար մինչ ճիշտ ախտորոշումը հիվանդը այցելում է մի շարք բժիշկների, կարող է ենթարկվել անհարկի վիրահատությունների: Այդ ամենը կարող է տևել տարիներ:
ՀՕՖ բժշկական շրջանավարտների ասոցիացիան մեկնարկել է մի ծրագիր՝ «Իրազեկ առողջապահություն», որի նպատակն է բարձրացնել տեղեկացվածության մակարդակը հասարակության և բժշկական հանրության շրջանում: Դրա արդյունքում հնարավոր կլինի ստեղծել այնպիսի միջավայր, որտեղ նման հիվանդների վաղ և ավելի ճշգրիտ ախտորոշումը և վարումը կդառնա հնարավոր, ինչը կօգնի բարելավել հիվանդների կյանքի որակը: Ծրագրի մյուս նպատակն է ստեղծել նման հիվանդությունով տառապող հիվանդների բազա՝ բացահայտելով նոր ընտանիքներ:
Ի՞նչ խնդիրների հետ են առնչվում հիվանդները Հայաստանում
Ինչպես աշխարհի շատ տարբեր երկրներում, Հայաստանում ևս կան մի շարք խնդիրներ, ինչի արդյունքում այս հիվանդների ախտորոշումը և բուժումը կատարվում է ոչ լիարժեք: Դրանցից են տեղեկատվության և դեղորայքի պակասը:
Ժառանգական անգիոայտուց Հայաստան/HAE Armenia նախաձեռնող խմբի ջանքերով ստեղծվել են մի շարք կապեր միջազգային գործընկերների հետ, որոնց հետ միասին մենք այսօր փորձում ենք գտնել ուղիներ՝ բարելավելու նման հիվանդների կյանքը: Հուսով եմ մոտ ապագայում կունենանք նման ժառանգական այտուցով հիվանդների կենտրոնացված ախտորոշում և բուժում:
Աղբյուրը՝ Doctors.am