Որքան կարճահասակ է տղամարդը, այնքան երկար է նրա կյանքը: Այսպիսի կապ հայտնաբերել են հետազոտության հեղինակները՝ հետազոտելով ավելի քան ութ հազար ճապոնական ծագում ունեցող Հավայան կղզիների բնակիչների տվյալներ, ում առողջությանը հետևել են համարյա 50 տարի: Աշխատությունը, որ հաստատել է նաև FOXO3 գենի կետային մուտացիայի կարևոր դերը կյանքի տևողության հարցում, հրատարակվել է PLOS ONE ամսագրում:
1965 թվականին սկսված հետազոտությանը  մասնակցել են 1900-1919 թվականներին ծնված Գոնոլուլուի 8003 ճապոնացի բնակիչներ: Նրանց ապրելակերպի և առողջական վիճակի հետազոտությունները շարունակվում են գրեթե կես դար: Մասնակիցներից մոտ 1200-ը ապրել է 90-100 տարի, իսկ 250-ը՝ մինչ օրս կենդանի է:
Հավայի նահանգի համալսարանի պրոֆեսոր Բրեդլի Վիլկոքսի ղեկավարությամբ գիտնականները կատարել են  այդ երկարատև մասշտաբային հետազոտության ընթացքում ստացված տվյալների վերլուծություն՝ հասակի, կյանքի տևողության և FOXO3 գենի ներհատուկ փոփոխությունների միջև կապը ստուգելու նպատակով:  Ավելի վաղ հաստատվել էր, որ մեկ նուկլեոիդի պոլիմորֆիզմի (կետային մուտացիայի հետևանքով առաջացած ԴՆԹ-ի հաջորդականության փոփոխությունը մեկ նուկլեոիդի չափով) առկայությունը ինսուլինի նյութափոխանակության կանոնավորման ու չարորակ ուռուցքների աճը ճնշող գենում կապված է նաև երկարակեցության գենի հետ:
Արդյունքում հայտնաբերվեց դրական կապ մասնակիցների հասակի և ընդհանուր մահացության միջև:  Վիլկոքսի մեկնաբանմամբ՝ բոլոր մասնակիցներին բաժանել էին երկու խմբի. առաջին խմբում այն տղամարդիկ էին, ում հասակը միջին տարիքում եղել է 1 մետր 60 սանտիմետր կամ ավելի պակաս, իսկ երկրորդ խմբում՝ այդ ցուցանիշից բարձր հասակ ունեցողները: Ավելի մեծ թվով երկարակյացներ առաջին խմբից էին: Բացի այդ, այս խմբի անդամների մոտ հաճախ էր հանդիպում FOXO3 գենի մուտացիայի առկայությունը, առավել քիչ՝ ուռուցքաբանական հիվանդություններ և քաղցած ժամանակ ինսուլինի ցածր մակարդակ արյան մեջ: Վիլկոքսն ընդգծել է, որ առաջին անգամ հնարավոր եղավ հետևել մարդու մարմնի չափերի, FOXO3 գենի «երկարակեցության» ալելի և կյանքի տևողության միջև կապին:
Նախկինում նման կախվածություն հայտնաբերվել էր միայն կենդանի մոդելի վրա: Այնուամենայնիվ, Վիլկոքսը նշեց, որ երկարակեցության համար առաջնային է ոչ թե հասակը և «ճիշտ» FOXO3 գենի առկայությունը, այլ այն ապրելակերպը, որ վարում է անհատը:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ dailymail.co.uk