«Էմիլ Գաբրիելյան» հիմնադրամի ստեղծման նախաձեռնող խումբը քննարկեց կազմակերպական մի շարք հարցեր։
 
Մասնակիցները` բարձր գնահատելով ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանի նախաձեռնությամբ դեռ անցած տարի ականավոր բժիշկ-գիտնական, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին նախարար (1975-1989թթ.), Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի հիշատակին նվիրված միջոցառումների կազմակերպումը` ողջունեցին նրա անվան հիմնադրամի, առողջապահության ոլորտում ամենամյա մրցանակներ շնորհելու առաջարկը ևս։ 
 
«Էմիլ Գաբրիելյանն այն գործիչն է, որ մշտապես համախմբել է բոլորին։ Նա այստեղ ևս կարող է կատարել իր այդ առաքելությունը»,-նշեց նախարարը` կարևորելով հետագայում ըստ առանձին ոլորտների վաստակաշատ անվանի բժիշկների մեծարման, նրանց անվան հավերժացման, այդ թվում անվանական մրցանակներ շնորհելու գաղափարը։ 
 
«Էմիլ Գաբրիելյան» հիմնադրամի ստեղծումը և համանուն մրցանակների սահմանում հենց միտված է բժիշկների խրախուսմանը, բժշկական կազմակերպությունների ու բժշկական օգնության որակի բարելավմանը։ 
 
Էմիլ Գաբրիելյանի ընտանիքը շնորհակալություն է հայտնել նախարարին և նախաձեռնող խմբին հիմնադրամի ստեղծման կապակցությամբ և իր աջակցությունն առաջարկել։ 
 
Նախաձեռնող խմբի անդամները ևս աջակցության պատրաստակամություն հայտնեցին։ Նրանք հանդես եկան տարբեր առաջարկներով։ 
 
Հաջորդ հանդիպման ժամանակ կհաստատվի Հոգաբարձուների խորհրդի կազմը։ Կքննարկվեն հիմնադրամի կանոնակարգը, առողջապահական գործին նվիրվածության և արհեստավարժության համար մրցանակներ շնորհելու չափորոշիչները, ինչպես նաև հայտերի ընդունման ժամկետներն ու պայմանները:
 
 
 

Աղբյուրը` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ