Ս.Վ.Մալայանի Անվան Ակնաբուժական կենտրոնը ներկայացնում է կերարինգ վիրահատությունը, որն արվում է կեռատոկոնուս հիվանդության դեպքում:

Հիվանդին տեղային անզգայացում է արվում, եւ ընդամենը 15 րոպե հետո նա կարող է աշխարհը տեսնել այլ ձեւով՝ բառի ամենաիսկական իմաստով: Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի էսքիմեր-լազերային վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ելենա Մալայանը նշում է, որ կեռատոկոնուս հիվանդության դեպքում հիվանդն աշխարհը տեսնում է կարծես ծուռ հայելու միջից: Այն ուղղելու տարբերակը բժիշկները գտել են: Այսօր աշխարհը կիրառում է կերարինգ կոչվող վիրահատությունը: Ելենա Մալայանը հպարտանում է՝ իր ավելի քան 50 հիվանդները, որոնք տարիներ առաջ լավ տեսնելու մասին նույնիսկ երազել չէին կարող, այսօր դեն են նետել ակնոցը: Կերարինգը ակնաբուժության մեջ հեղափոխական վիրահատություն է, քանի որ հիվանդն ամբողջ կյանքում այլեւս ակնոց դնելու կարիք չի ունենում:

«Այն շտկող մեթոդ է եւ արդեն 4 տարի է՝ կատարվում է Հայաստանում: Բացի այն, որ այս վիրահատությունը կանխում է կեռատոկոնուս հիվանդության զարգացումը, այն նաեւ օգնում է ազատվել ակնոցից: Սա շատ կարեւոր է, քանի որ կեռատոկոնուսի դեպքում հնարավոր չէ կատարել լազերային վիրահատություն: Այսինքն, մի կողմից օգնում է կանխել հիվանդության զարգացումը, մյուս կողմից՝ լավացնում տեսողությունը», - ասում է բժիշկը:

Կեռատոկոնուսը գրեթե մշտապես ուղեկցվում է կարճատեսությամբ կամ աստիգմատիզմով: Սակայն այս հիվանդներին կատարել լազերային վիրահատություն, որպեսզի տեսողական այս խնդիրները շտկվեն, արգելվում է: Ստացվում է, որ նրանք դատապարտված էին մշտապես ակնոց կրել: Սակայն կերարինգ կոչվող վիրահատությունը նրանց օգնում է աշխարհը տեսնել առանց ապակու:

«Կերարինգը՝ հատուկ օղակների տեղադրումը, մեծ քայլ է կեռատոկոնուսի բուժման մեջ: Սակայն պետք է նշեմ, որ այն շատ անհատական մոտեցում պահանջող վիրահատություն է, քանի որ արվում է կեռատոկոնուսով ոչ բոլոր հիվանդներին: Կան ե՛ւ տարիքային սահմանափակումներ, ե՛ւ հիվանդության ծանրության աստիճաններ: Բացի այդ, լինում են դեպքեր, երբ նույն մարդու երկու աչքերը թեեւ ունեն միեւնույն խնդիրը, սակայն կերարինգ արվում է մի աչքին, մյուսին ցանկալի չէ», - պատմում է Ելենա Մալայանը:

Բժիշկը խոստովանում է՝ այս հիվանդության դեպքում նման վիրահատությունն այսօր աշխարհում կիրառելի ամենաարդյունավետ մեթոդն է:

Այն շատ կանխատեսելի վիրահատություն է, քանի որ բացառապես բոլոր դեպքերում մենք գիտենք, թե ինչպես է լինելու ելքը, քանի տոկոսով է վերականգնվելու տեսողությունը, քանի տոկոսով կնահանջի հիվանդությունը: Օղակը պատրաստված է կոշտ նյութից, որը տեղադրվում է եղջերաթաղանթի շերտի մեջ: Հենց այն հատվածում, որտեղ հիվանդությունն ավելի զարգացած է:

Կեռատոկոնուսի դեպքում աչքի առաջին թաղանթը՝ եղջերաթաղանթը կորություն է ստանում: Օղակը տեղադրվում է ամենակորացած հատվածում ու ստիպում, որ այն տափակի եւ միաժամանակ պաշտպանում է բարակող հյուսվածքը:

«Կերարինգի գլխավոր առավելությունն այն է, որ այն եկավ հանելու ակնոցը հիվանդի աչքերից: Հիմա մենք լուրջ զարգացում ունենք կեռատոկոնուսի բուժման առումով: Տարիներ առաջ, երբ մենք ախտորոշում էինք այս հիվանդությունը, պարզապես անզոր էինք: Կար միայն մեկ տարբերակ՝ հսկել հիվանդին, իսկ բարդացած դեպքերում կատարել եղջերաթաղանթի փոխպատվաստում, որը բարդ գործողություն է և Հայաստանում կատարվում է միայն մեր կենտրոնում: Երբ դեռ ներդրված չէր կերարինգը, 9 տարի առաջ մենք սկսեցինք կիրառել մեկ այլ մեթոդ, որն օգնեց կանխել հիվանդությունը: Այն կոչվում է քրոսլինքինգ», - պատմում է բժիշկը:

Ելենա Մալայանը հպարտանում է՝ հենց այս միջամտությունների շնորհիվ է, որ վերջին տարիներին եղջերաթաղանթի փոխպատվաստման դեպքերը պակասել են, քանի որ հիվանդությունն իր գագաթնակետին չի հասնում:

«Սրանք այսօր աշխարհին ընդունելի բուժման տարբերակներն են, ու մեր կենտրոնում մենք դրանք իրականացնում ենք ժամանակակից բժշկությանն ընդունելի չափանիշներով։ Կեռատոկոնուսը դեռեւս այլ բուժում չունի ոչ մի երկրում։ Իսկ այս երկու միջամտությունները մեզ բուժական մեծ հնարավորություններ են տալիս», - ասում է Ելենա Մալայանը:

Վիրահատությունից րոպեներ անց հիվանդի համար սկսվում է այլ կյանք: Հաջորդ օրն արդեն նա կարող է անցնել իր սովորական կյանքի ռիթմին՝ ընդմիշտ մոռանալով աշխարհին թեք նայելու մասին:


Աղբյուրը՝ Ս.Վ.Մալայանի Անվան Ակնաբուժական կենտրոն