ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ն առաջին անգամ Հայաստանում մեկնարկում է կլինիկական օրդինատուրայի ընդունելություն՝ Մանկաբարձության, Գինեկոլոգիայի եւ Ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնում:

Ամբիոնի վարիչը բժշկական գիտությունների դոկտոր, «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ» Պտղաբերության կենտրոնի ղեկավար Էդուարդ Համբարձումյանն է: Վերջինը Doctors.am-ի հետ զրույցում նշեց, որ կլինիկական օրինատուրայի ուսումնական բազան լինելու են  «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ն եւ «ՖԵՐԹԻԼԻԹԻ ՍԵՆԹՐ»-ը:

«Ինչո՞ւ առաջացավ նման ծրագիր իրականացնելու անհրաժեշտությունը» հարցին բժիշկ Համբարձումյանը պատասխանեց.

«Ցավով պետք է նշեմ, որ տարիներ շարունակ դժգոհ ենք նորավարտ բժիշկների գիտելիքներից: Շատ մեծ ցանկություն ունենք մեր աշխատանքներում ներգրավել երիտասարդ կադրեր, սակայն փորձը ցույց է տալիս, որ նրանց պրակտիկ գիտելիքները բավարար չեն: Ոչ մի նոր ավարտած բժշկի դու չես կարող թույլ տալ ինքնուրույն ախտորոշում կամ որեւէ լուրջ միջամտություն կատարել: Ինչ վերաբերում է ժամանակակից վերարտադրողական բժշկությանը՝ ռեպրոդուկտոլոգիային, այստեղ տառացիորեն ամեն ինչ ստիպված ենք զրոյից սովորեցնել: Սա լուրջ խնդիր է: Ահա, թե ինչու մեզ մոտ առաջացավ վերոնշյալ մասնագիտությունների կլինիկական օրդինատուրայի ծրագրի գաղափարը:

Մեր նպատակն է ներդնել ամերիկյան եւ եվրոպական կրթական ծրագրերը, որոնք ընդունված են բոլոր քաղաքակիրթ եւ զարգացած երկրներում, ներդնել նույն ուսուցողական մեթոդները եւ բժիշկների հմտությունները գնահատելու սկզբունքները: Գիտեք, գաղափարը բարդ չէ, կիրառելն է դժվար, բայց ինչ-որ մի օր պետք էր սկսել այն:  Եվ մենք որոշեցիքն ցուցաբերել պարզ ամերիկյան պրագմատիզմ՝ «Եթե ոչ մենք, ապա ո՞վ, եթե ոչ հիմա, ապա ե՞րբ»:

Կլինիկական օրդինատուրան, որն իր բովանդակությամբ մոտ կլինի ռեզիդենտուրային, կտեւի 4 տարի՝ հնարավոր հավելումներով նեղ մասնագիտական ուղղություններով, ընդ որում՝ 4-րդ կուրսի բժիշկներին սովորեցնելու ենք ինքնուրույն մանկաբարձական եւ գինեկոլոգիական բարդ վիրահատություններ կատարել, իսկ ռեպրոդուկտոլոգիայի ճյուղում՝ ընդհուպ մինչեւ արտամարմնային բեղմնավորման միջոցների տիրապետում: 

Այդ նպատակով համագործակցելու ենք մեր արտասահմանյան կոլեգաների հետ, որոնք աշխարհի լավագույն համալսարաններում են՝ Գեւորգ Յաղչյան՝ Յելի համալսարան, Սամվել Բադալյան՝ Կոլումբիայի համալսարան, Վիգեն Սեպիլյան` Լոս Անջելեսի CHA Fertility Center-ի ղեկավար, Շանթ Շեխերդիմյան՝ Լոս Անջելեսի համալսարան, եւ, վերջապես, ես, որ Հարվարդի համալսարանում գիտական աշխատանքներ եմ իրականացրել: Իմ ամբողջ փորձը պետք է ներդնեմ, այդ թվում՝ գիտական փորձը: Գիտությամբ հետաքրքրվողները կկարողանան գիտական աշխատանքներ, փորձեր իրականացնել, որը մենք միայն կխրախուսենք»:

ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս. Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտ»-ում Մանկաբարձության, Գինեկոլոգիայի եւ Ռեպրոդուկտոլոգիայի ամբիոնում կլինիկական օրդինատուրայի ընդունելության դիմումները պետք է ներկայացնել ՀՀ ԱՆ ԱԱԻ ուսումնական բաժին, ամեն օր (բացի շաբաթ, կիրակի) ժամը 9.00 – 17.00-ն՝ Կոմիտաս 49/4 հասցեով: 
Դիմելու կարգին և այլ մանրամասների համար կարող եք զանգահարել 010 235310 հեռախոսահամարով։ 


Աղբյուրը՝ Doctors.am