Աուտիզմի սպեկտրի խանգարման (ԱՍԽ) հիմնահարցերի լայնամասշտաբ իրազեկման, ինչպես նաև միջազգային ասպարեզում ՀՀ մասնագետների երկարամյա և իր 16 տարվա փորձառության ընթացքում արված դիտարկումներով ու գիտահետազոտական պաշարով կիսվելու մեծ ցանկությամբ մ.գ.թ. լոգոպեդ Քրիստինա Խառատյանը նախ 2023թ. հրատարակել է  անգլերեն՝ «Early Speech Therapy Intervention Model In Working With Children With Autism Spectrum Disor ders» գիրքը, ապա 2024 թ. արդենհայերեն`«Լոգոպեդական վաղ միջամտության մոդելը աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների հետ իրականացվող աշխատանքում» գիրքը, որպես խոսքի վաղ միջամտության ճանապարհային քարտեզ և ուղեցույց:

Այս գիրքը մանրամասնում է երեխայի վաղ միջամտության նշանակության հարցերն ու պայմանները՝ մասնավորապես անդրադառնալով աուտիզմի սպեկտրի խանգարում ունեցող երեխաների հաղորդակցման միջոցների ձևավորմանն ու զարգացմանը: Առաջարկվող լոգոպեդական մոդելի կիրառման միջոցով հեղինակը ուսումնասիրում է, թե ինչպես են այս միջամտությունները նպաստում ԱՍԽ ունեցող երեխաների սոցիալական հաղորդակցության հնարավորությունների և խոսքի զարգացմանը։

(Գրքից հատված հաջորդիվ…)

Լոգոպեդական վաղ միջամտության համակարգային մոդելի կիրառման առանձնահատկությունները

ԱՍԽ ունեցող երեխաների լոգոպեդական վաղ միջամտությանն ուղղված մեր կողմից առաջադրվող մոդելը ենթադրում է.

✔️ Վաղ միջամտության կազմակերպում:

✔️Համալիր մեթոդական միջամտություն՝ թիմային աշխատանքին զուգահեռ:

✔️Ծնողավարություն:

Վաղ միջամտության գրագետ կազմակերպման համար նախևառաջ պետք է հաշվի առնվեն երեխայի զարգացման կենսաբանական հիմքերը։ Երեխայի վաղ հասակի զարգացման խանգարումները, որոնք պետք է հաշվառվեն լոգոպեդի կողմից, ներառում են հետևյալ ոլորտների խանգարումները՝

  • Լսողություն
  • Տեսողություն
  • Հուզակամային ոլորտ
  • Շարժողական ոլորտ
  • Մտավոր ունակություններ
  • Խոսք

Լոգոպեդական վաղ (0-5 տարեկան երեխաներ) միջամտության իրականացման նպատակներն ու առանձնահատկություններն ընդգրկում են՝

Զարգացման հապաղումների վաղ բացահայտումը:

Խնդրի կառուցվածքի (առաջնային/երկրորդային) և արտահայտման աստիճանի սահմանազատումը:

✔️Հոգեբանական անհատական զարգացման առանձնահատկությունների հետազոտությունը:

✔️Հաղորդակցման և խոսքի զարգացման անհատական պլանի կազմումն ու ներդրումը ընտանիքում:

✔️ Զարգացման հեռանկարների հիմնավորումը:

✔️ Շտկողական-զարգացնող համալիր (կոմպլեքս) աշխատանքների կազմակերպումը,   իրականացումը։

Մասնագիտական գրականության ուսումնասիրությունները վկայում են նաև, որ ներկայումս լոգոպեդական միջամտության տարաբնույթ մեթոդներ և միջոցներ են կիրառվում, որոնք ուղղված են ԱՍԽ ունեցող երեխաների հոգեկան գործընթացների, հաղորդակցման, հուզակամային ոլորտի և անձի զարգացմանը: Տարեցտարի ավելանում է նման մեթոդների թիվը, ընդ որում, յուրաքանչյուր հետազոտող առաջարկում է իր մոտեցումը, շատ մասնագետներ էլ կիսվում են սեփական փորձով, կոնկրետ դեպքերով, որոնք ևս նպաստում են փորձի փոխանցման գործընթացին:

Շուրջ երկու տասնամյակ, մեր կողմից իրականացվող գործնական լոգոպեդական աշխատանքի պայմաններում, կարելի է հաստատել, որ աուտիզմի հաղթահարման գործընթացում լայն կիրառություն գտած գրեթե յուրաքանչյուր մեթոդ լավագույն արդյունավետությունն ապահովում է անհատական մոտեցման և համակարգային միջոցների համադրման շնորհիվ։

Այսպես՝ ԱՍԽ դրսևորման և, ընդհանուր առմամբ, ԱՍԽ ունեցող երեխաների հետ տարվող լոգոպեդական աշխատանքում հիմնականում առաջնահերթ կարևորություն են ունենում վարքաբանական մոտեցումները՝ անցանկալի վարքագծի շտկման նկատառումներով, իսկ այնուհետև նոր միայն կարևորվում է ընդհանուր ընկալման և հուզակամային ոլորտների վրա ներազդող մեթոդների կիրառումը, իսկ հաջորդիվ` հաղորդակցման և խոսքի զարգացման մեթոդների կիրառումը ։

ԱՍԽ ունեցող երեխաների հետ աշխատելիս առանձնացվում է հոգեբանամանկավարժական մեթոդների երկու խումբ՝ հիմնական և օժանդակ ։

Հիմնական մեթոդները հնարավորություն են տալիս երեխային տիրապետելու կենցաղային, հաղորդակցման, աշխատանքային, ուսումնական, մասնագիտական հմտությունների:

Օժանդակ մեթոդները ապահովում են մանկավարժական պայմաններ հիմնական մեթոդների իրականացման համար (երաժշտաթերապիա, արտթերապիա, հիպոթերապիա, դելֆինաթերապիա, լող և այլն) ։

Լոգոպեդական սկրինինգի և վաղ ախտորոշման վերջնական նպատակը կայանում է ԱՍԽ ունեցող երեխաներին հիմնարար և գիտականորեն ճիշտ մասնագիտական մոտեցում ցուցաբերելու մեջ, ինչը կխթանի աջակցության կարիք ունեցող երեխաների զարգացմանը մասնագիտական միջամտության արդյունքների բարելավմանը ։

ԱՍԽ դրսևորման վաղ նախանշաններըհաճախ ի հայտ են գալիս 18 ամսականումկամ ավելի շուտ: Որպես ԱՍԽ առկայության տագնապի ազդանշան լոգոպեդական տեսանկյունից կարող են առանձնացվել հետևյալ խնդիրները՝

✔️Խոսքի հապաղում կամ բացակայություն:

✔️Խոսքի կրկնման հակում:

✔️Տեսողական շփման՝ հայացքի կենտրոնացման խնդիր կամ բացակայություն:

✔️Այլ երեխաների հանդեպ հետաքրքրության բացակայություն:

✔️Իրավիճակային կամ դերային խաղի բացակայություն:

✔️Առարկայի որեւէ մասի վրա ֆիքսված ուշադրություն:

✔️Սեփական անվանը թերի արձագանքում:

✔️Վարքի կրկնօրինակման բարդություն:

✔️Կրկնվող միօրինակ շարժումներ, օրինակ՝ ծափեր:

✔️Միասնական ուշադրության դրսեւորման խանգարումներ ։

Առաջադրվող մոդելի հաջորդ կարեւոր առանձնահատկությունը ծնողավարության կազմակերպման հայեցակարգն է։ Այն նաև հիմք է հանդիսանում երեխայի հետագա ինտեգրման համար՝ թե՛ նախադպրոցական, թե՛ դպրոցական ուսումնական հաստատություններ: Պարապմունքների ընթացքում ծնողները սովորում են երեխայի հետ աշխատելու տարրական հնարքներ, որոնք կիրառում են նաև տանը ողջ օրվա ընթացքում: Ծնողների ներգրավումը լոգոպեդական աշխատանքներում իրականացվում է ոչ միայն տեսականորեն՝ պարապմունքից հետո ծնողին պատմելով, թե ինչ է արել երեխան և ինչ հաջողություններ է գրանցել այս կամ այն ոլորտում, այլև՝ գործնականում։

https://kristinakharatyan.com/