Այս խաղը մեծ տարածում ունի ամբողջ աշխարհում. Նրա համար չկան մշակութային և լեզվական խոչընդոտներ: Ինչու՞: Թերևս, որովհետև այն հանդիսանում է ուսուցման և կյանք ներխուժելու համար հզոր գործիք, կարծում է BBC Future-ի մշտական թղթակիցը:

Դեմքը փակում եք ձեռքերով, ու հետո դանդաղորեն հեռացնում մի ձեռքը և ծիկրակում եք, ինչպես դարպասից կնայեիք: Երեխան ծիծաղում է, և դուք էլ՝ ի պատասխան ծիծաղում եք: Եվ դա կրկնում եք նորից ու նորից:
«Կու-կու» խաղը չի հնանում և մոդայից դուրս չի գալիս: Իմ փոքրահասակ դուստրը կարող է ժամերով խաղալ այդ խաղը: Ես էլ երեխա ժամանակ խաղում էի այն («Դու շատ էիր ծիծաղում» - հիշում է մայրս), և այսպես սերնդե սերունդ խաղում են այն:  Նորածինները միմյանցից տարբերվում են անձնական որակներով և գեների հավաքածուով, մենք ծնվում և մեծանում ենք բոլորովին տարբեր պայմաններում: Ուրեմն, ինչու՞ են ամբողջ աշխարհի երեխաներն այսքան սիրում միևնույն խաղը:
Փոքր երեխաները գիրք չեն կարդում, իսկ նրանց շփումը բավականին սահմանափակ է: Այդ իսկ պատճառով «կու-կու» խաղի արտասովոր տարածվածությունը և սիրվածությունը, թերևս, խոսում է այն մասին, որ այն կապված է մարդկային մտածողության ինչ-ինչ հիմքային գործընթացների հետ: Այն պարզապես զվարճանք չէ: Այն ուսումնասիրելով՝ մենք ավելի լավ ենք հասկանում մեծահասակ մարդում մտքի կառուցվածքը: Սկսելով զբաղվել այս հարցով՝ հետազոտողները սկզբում ենթադրել են, որ երեխաները սիրում են խաղալ «կու-կու», քանի որ նրանք ամեն անգամ զարմանում են, երբ անհետացած իրերը (կամ ամենամոտ մարդու դեմքը)  կրկին հայտնվում է տեսադաշտում: Մեծահասակի համար կարծես թե դրանում որևէ ծիծաղելի բան չկա, սակայն պետք է հիշել, որ փոքրիկ երեխան շատ բաներ չի ընկալում որպես այդպիսին: Նորածինը ոչինչ չի հասկանում շրջապատող աշխարհի մասին, այլ լոկ աստիճանաբար սովորում է հասկանալ, թե ինչ է կատարվում իր շրջապատում: Մեծահասակը գիտի, որ եթե լսվում է մարդու ձայնը, ապա այդ մարդը ինչ-որ տեղ մոտակայքում է, իսկ բազմոցի տակ գլորված գնդակն անհետ չի կորում:  Եկեք մտածենք, թե ինչպես են մեզ մոտ ձևավորվում գիտելիքներն այդ բաների մասին:
Շվեյցարացի հոգեբան Ժան Պիաժեն այդ սկզբունքն անվանել է «առարկաների մշտականություն» և եզրակացրել, որ երեխաները դրան հասնում են իրենց կյանքի առաջին երկու տարիների ընթացքում: Եվ հենց այդ տարիքում են նրանք հատկապես սիրում «կու-կու» խաղը: Եթե  խաղին նայենք այդ տեսանկյունից, ապա հասկանալի է դառնում, որ դա սոսկ զվարճանք չէ, այլ  աշխարհընկալման կարևորագույն սկզբունքներից մեկը. այն, որ առարկաները կարող են գոյություն ունենալ նաև այն ժամանակ, երբ մենք դրանց չենք տեսնում: Հնարավոր է, որ էվոլյուցիայի արդյունքում մեր երեխաները ստացել են «կու-կու» խաղի նկատմանմբ «ներկառուցված» հակվածություն, քանի որ այն օգտակար է մտածողության զարգացման համար: Սակայն, ես կարծում եմ, որ նրա հանրաճանաչութան պատճառները դրանով չեն սահմանափակվում:
 
Անակնկալ:
 
Այս խաղի հիմնական սկզբունքը նույնն է, ինչ-որ լավ կատակներում՝ անակնկալը պետք է լինի այդաստիճան անսպասելի: Հետազոտողներ Ջերոդ Պերոտը և Հենրի Գլեյթմանը ցուցադրել են  դա վեց, յոթ և ուտ ամսեկան փոքրիկների մասնակցությամբ մի շարք զվարճալի փորձերով: Երեխաների հետ հիմնականում խաղացել են ավանդական «կու-կու» խաղը, սակայն երբեմն թաքնված մեծահասակը հայտնվել է մեկ այլ տեղումը, կամ նրա փոխարեն հայտնվել է մեկ այլ մարդ: Այս խաղերի տեսագրությունները հետագայում ցույց են տրվել անկախ հետազոտողների, որոնք գնահատել են, թե ինչքան ուրախ է եղել երեխաների համար:
 
Պարզվել է, որ «խաբեությունների շարքի» ընթացքում, երբ անակնկալի տարրը բարձրացվում է, երեխաները սկսում են ավելի քիչ ժպտալ և ծիծաղել: Բացի այդ ավանդական և խաբուսիկ «կու-կու» խաղի ընկալման տարբերությունը տարիքի հետ դարձել է առավել արտահայտված  (փորձարկվող ութ ամսական երեխաներին «ստերը» ավելի ու ավելի քիչ են դուր եկել): Գիտնականները եզրակացրել են, որ այս խաղի կարևոր բաղադրիչը՝ արդյունքի կանխատեսելիությունն է: Մեծանալով՝ երեխան կարողանում է ավելի լավ կանխատեսել ելքը, իսկ երբ տեղի է ունենում ինչ-որ անսպասելի բան, ապա երեխայի համար դա այնքան էլ զվարճալի չէ:
 
«Կու-կու» խաղի հանրաճանաչության գաղտնիքներից մեկն էլ այն է, որ, ինչքան էլ որ զարմանալի չէ, սակայն այդ խաղը բազմաբնույթ է: Երեխան մեծանում է, և դաստիարակը փոփոխում է խաղի բնույթը զարգացմանը համապատասխան՝ մեծահասակը և երեխան խաղում են այդ խաղի նորանոր տարատեսակները: Սկզբում մեծահասակը պարզապես ձայնի միջոցով հաղորդում է իր մոտենալու մասին, իսկ հետո մտնում երեխայի մերձակա տեսադաշտ, իսկ ավելի ուշ երեխաների դուր է գալիս նայել, թե ինչպես է մեծը թաքնվում և կրկին հայտնվում, իսկ մեկ տարեկանից հետո, շատ երեխաներ արդեն պատրաստ են խաղալ պահմտոցի:   
 
Այս խաղը շարունակում է ուրախացնել երեխային. նրա մոտ հեշտորեն պահպանվում է հավասարակշռությունը աշխարհի մասին գիտելիքների ստացման, վերահսկման և անակնկալի միջև:  Իսկ մեզ՝ մեծահասակներին այնքան է դուր  գալիս մանկական ծիծաղը, որ մենք ինքներս էլ ուրախ ենք խաղալ. կու՛-կու՛:
 
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ doctors.am
Նյութը՝ bbc.co.uk