Լեղաքարային հիվանդությունը (cholelithiasis) բնութագրվում է լեղապարկում կամ ավելի հազվադեպ լեղածորաններում քարերի առաջացմամբ:
Ընդհանուր եւ լապարոսկոպիկ վիրաբույժ Արամ Սեդրակյանը ներկայացնում է լեղաքարային հիվանդության առաջացման պատճառներն ու ախտանիշները:
Լեղաքարային հիվանդությունը 80 տոկոս դեպքերում հանդիպում է կանանց մոտ եւ պայմանավորված է հղիության ժամանակ արգանդի՝ ներորովայնային ճնշման բարձրացմամբ եւ հետագայում լեղապարկի ճնշմամբ:
Լեղապարկում առաջանում է լեղու կանգ, որն ինֆեկցվում է եւ բերում ավազահատիկների, թանձր լեղու առաջացման, ինչի հետեւանքով ձեւավորվում են քարեր:
Լեղաքարային հիվանդության հետեւանքով առաջանում է լեղապարկի բորբոքում՝ խոլեցիստիտ, որն ուղեկցվում է հետեւյալ ախտանիշներով՝
- ցավեր աջ թուլակողի շրջանում
- ցավեր էպիգաստրալ շրջանում
- փքվածություն
- սրտխառնոց, փսխում
- բերանում դառնության զգացողութոյւն
Մարդկանց շրջանում տարածված կարծիք կա, թե քարերը լեղապարկում լինում են, այսպես ասած, լավ եւ վատ: Ըստ այդմ՝ փոքր քարերը համարվում են «լավ», մինչդեռ դրանք ավելի շատ են բարդություններ առաջացնում, քան մեծ քարերը:
Փոքր քարերը լեղապարկի ծորանով անցնելով, հայտվում են ընդհանուր լեղածորանում, որը բերում է լեղու ճանապարհի փակման, խցանման, արդյունքում՝ լեղին արտադրվում է լյարդի կողմից, բայց չի անցնում 12-մատնյա աղիք, այլ լցվում է արյան մեջ: Այս վիճակը կոչվում է խոլեդոխոլիթիազ՝ լեղածորանի խցանում քարով, որն էլ բերում է արյան մեջ բիլիռուբինի եւ լյարդի մնացած ֆերմետների մակարդակի բարձրացման:
Հիվանդությունն արտահայտվում է՝
- սուր նոպայաձեւ ցավերից հետ առաջացած մաշկի եւ սկլերաների դեղնությամբ
- մաշկի քորով
- մեզի գույնի մգացումով
- անգույն կղանքով:
Քարերը կարող են փակել նաեւ ենթաստամոքսային գեղձի ծորանը՝ առաջացնելով սուր բորբոքում՝ սուր պանկրեատիտ, ինչը շատ վտանգավոր է:
Այս խնդրի բուժումը վիրահատական է: Լապարոսկոպիկ եղանակով լեղապարկը հեռացվում է քարերի հետ միասին:
Ինչպես արդեն նշեցի, սուր պանկրեատիտը լեղաքարային հիվանդության բարդությունն է: Դրա զարգացումը պայմանավորված է թանձր լեղու, սլաջի եւ քարերի անցումով լեղապարկից դեպի ընդհանուր լեղածորան, որոնք մեխանիկորեն խցանում են այն, ինչի հետեւանքով խանգարվում է լեղու եւ ենթաստամոքսային հյութի արտահոսքը։
Հիվանդության հիմնական կլինիկական ախտանիշներն են՝
• էպիգաստրալ շրջանում հանկարծակի առաջացող սուր ցավեր
• հաճախակի փսխումներ
• ջերմության բարձրացում
• կղանքի եւ գազերի բացակայություն
Հիվանդության սկզբնական շրջանում բուժումը դեղորայքային է, սակայն դրա անարդյունավետության դեպքում ցուցված է վիրահատական միջամտություն:
Աղբյուրը՝ Doctors.am