«Նաիրի»  բժշկական  կենտրոնի  պլաստիկ և միկրովիրաբուժության  ծառայության ղեկավար, բ.գ.թ. Կարեն Պետրոսյան

Բժիշկ Պետրոսյան, լիպոսակցիան այսօր աշխարհում ամենամեծ տարածում ունեցող վիրահատական միջամտություններից է: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում: Այն տարածված միջամտություն է նաև մե՞ր երկրում:

Լիպոսակցիան վիրահատական մեթոդ է, որի շնորհիվ փոքր կտրվածքներով և հատուկ կանուլյաների միջոցով, նախնական հատուկ լուծույթի ներարկմամբ, կատարվում է  ճարպային բջիջների` ադիպոցիտների քայքայում և այդ զանգվածի  (լիպոասպիրատ) հեռացում ասպիրացիայի միջոցով:

Ճիշտ եք նկատել, որ սա աշխարհում ամենամեծ տարածում ունեցող վիրաբուժական միջամտություններից է: Օրինակ ԱՄՆ-ում 2012թ. կատարվել է ավելի քան 450.000  նման միջամտություն: Հայաստանը ևս չի կազմում բացառություն, և տարեցտարի այդ միջամտությունների թիվն աճում է:

Իսկ ճարպի քայքայման ի՞նչ եղանակներ գոյություն ունեն:

Ճարպի քայքայման ժամանակակից տարբեր եղանակներ կան՝ մեխանիկական` վիբրացիոն, ուլտրաձայնային, լազերային և այլն: Քայքայումից հետո ճարպային զանգվածն օրգանիզմից հեռացվում է ասպիրացիայի միջոցով:

Լիպոսակցիա իրականացնելու համար պարտադիր ճարպի մե՞ծ ծավալ է անհրաժեշտ, թե փոքր ճարպային կուտակումների դեպքում  ևս կարելի է կատարել լիպոսակցիա և ստանալ գեղեցիկ արդյունք:

Առհասարակ, լիպոսակցիա իրականացնել կարելի է ինչպես ճարպային փոքր կուտակումների դեպքում, օրինակ՝ դեմքի վրա, ծնկան շրջանում, այնպես նաև մեծ օջախներում՝ որովայնի առաջային պատի, իրանի «գալիֆեի» և ազդրերի շրջանում: Պետք է նշել, որ լիպոսակցիայի մեթոդը ցուցված է միայն լոկալ ճարպային կուտակումների դեպքում:

Եթե պացիենտի մոտ մաշկի էլաստիկությունը պահպանված է, մենք կարող ենք կանխատեսել, որ պրոցեդուրայից հետո տեղի կունենա մաշկի կրճատում և արդյունքը կլինի անհամեմատ ավելի լավ: Թույլ և կախված մաշկի պարագայում լիպոսակցիայի մեթոդը ամենաարդյունավետ համարել  չեմ կարող:

Հարգելի բժիշկ, տեղեկացնենք ընթերցողին, որ լիպոսակցիան, ամեն դեպքում, ուրվագծային պլաստիկա է, և սխալ է կարծել, որ սա միջոց է, ազատվելու ավելորդ կիլոգրամներից:

Այո, իհարկե: Շատ պացիենտներ կան, որ որպես  նիհարելու միջոց, սխալմամբ, ընտրում են լիպոսակցիան, սակայն պետք է ասեմ, որ սա սխալ պատկերացում է և լիպոսակցիայի մեթոդին պետք է դիմել միայն մարմնի ուրվագծերի որոշակի, լոկալ  թերությունները շտկելու համար:

Լիպոսակցիան ունի՞ տարիքային սահմանափակում, թե բոլոր տարիքի կանայք և տղամարդիկ կարող են դիմել այս խնդրով:

Ամենահաճախ դիմում են միջին տարիքի անձինք` 35-45 տարիքային խումբը, կանայք գերազանցում են տղամարդկանց 4:1 հարաբերությամբ: Տարեց մարդկանց դեպքում միայն լիպոսակցիան բավարար չէ լավ արդյունք ստանալու համար, քանի որ առկա է մաշկի  էլաստիկության և տուրգորի անկում, կախվածություն:

Լիպոսակցիան, արդեն հասկացանք, որ քիչ ինվազիվ վիրահատական միջամտություն է: Անձը ե՞րբ կարող է վերադառնալ իր նորմալ առօրյային, աշխատանքին:

Այո, այս վիրահատությունից հետո կարիք չի լինում հետվիրահատական հատուկ հիվանդանոցային խնամքի, ընդամենը 2-4 ժամ հետո կարելի է անցնել կյանքի բնականոն ռիթմին: Միայն անհրաժեշտ է կրել կոմպրեսիոն էլաստիկ ներքնազգեստ 1-2 ամիս տևողությամբ` միջամտության էֆեկտն ամրապնդելու նպատակով: Աշխարհում կա ձևավորված մշակույթ, երբ մարդիկ 6-12 ամիսը մեկ անգամ դիմում են իրենց պլաստիկ վիրաբույժին, կատարում փոքր ծավալի լիպոսակցիա, այս կերպ մշտապես պահպանելով գեղեցիկ արտաքինը և ստացված արդյունքը:

Կարծում եմ, մարդկանց շատ հետաքրքրող հարց է, թե հեռացված ճարպը արդյո՞ք ունի վերականգնվելու հատկություն:

Պետք է ասեմ, որ ճարպային բջիջները հասուն մարդու մոտ չունեն բազմանալու հատկություն, բացառությամբ որոշ էնդոկրին խանգարումների և նորագոյացման պրոցեսների: Որոշակի պայմաններում, հնարավոր է, որ եղած բջիջների չափսերը մեծանա, այսինքն ենթարկվի հիպերտրոֆիայի: Ճիշտ ապրելակերպի, ռեժիմի, ֆիզիկական ակտիվության մակարդակը պահելու և, իհարկե, սննդին հետևելու դեպքում նույն հատվածում հետագա ճարպային կուտակումների հավանականությունը կարելի է բացառել:

Այսինքն, պետք չէ հույսը դնել միայն բժշկական միջամտության վրա, անձից ևս շատ բան է կախված:

Բնականաբար: Օրգանիզմ ընդունվող էներգիան պետք է ծախսվի՝ ճարպի կուտակումներից խուսափելու համար: Պացիենտին խորհրդատվության ժամանակ անպայման տեղեկացվում է այս ամենի մասին:

Լիպոսակցիայի ո՞ր մեթոդն եք կիրառում Դուք:

Մեր կլինիկայում մենք օգտագործում ենք ուլտրաձայնային լիպոսակցիայի մեթոդը, որն իրականացվում է 3-րդ սերնդի ժամանակակից սարքավորման միջոցով: Կանուլյաները լինում են տարբեր երկարության և հաստության (2-6 մմ)` կախված ճարպային կուտակման տեղակայման հատվածից, կառուցվածքից և այլն:

Ո՞րն է ուլտրաձայնային եղանակով կատարվող լիպոսակցիայի առավելությունը մյուս մեթոդների համեմատությամբ:

Ուլտրաձայնային տարբերակի դեպքում, ճարպային բջիջների քայքայման ժամանակ չեն վնասվում նյարդային վերջավորությունները և անոթները: Այս կերպ խուսափում ենք  հետագա բազմաթիվ բարդություններից` հեմատոմաներ, սերոմաներ, զգացողության խանգարումներ և այլն:

Հե՞շտ են արդյոք պացիենտները հանգում լիպոսակցիայի դիմելու որոշմանը:

Հայաստանում պացիենտների համար դյուրին չէ նման որոշում կայացնելը:  Այցելում են տարբեր բժիշկների, ստանում խորհրդատվություն, համացանցով ուսումնասիրում են իրենց հետաքրքրող հարցերը: Մեր կլինիկայում  այդպիսի խորհրդատվությունների ժամանակ պացիենտների հետ համատեղ որոշում ենք անցկացվող վիրահատության ծավալը և հաշվի առնում նրա ցանկությունները:  Հարկ է նշել, որ սա բավական արդյունավետ վիրահատություն է: Ունենք բավական մեծ փորձ և դրական արդյունքներ,  բարդությունները հասցված են նվազագույնի:

Մարմնի ո՞ր հատվածների դեպքում են մարդիկ առավել հաճախ դիմում լիպոսակցիայի:

Ամենահաճախ դիմում են ազդրերի կողմնային մակերեսի՝ «գալիֆեի» և որովայինի կողմնային հատվածներում՝ «ֆլանկերի» ճարպային կուտակումների խնդրով, երրորդ տեղում ազդրերի միջային մակերեսն է, քանի որ նշված զոնաներում լոկալ ճարպի անգամ քիչ կուտակումը բավական շուտ է նկատվում:

Վերջին շրջանում մեծ տարածում ունեն նաև ճարպային կուտակումների վերացման համար նախատեսված ոչ վիրահատական մեթոդները: Ո՞րն է լիպոսակցիայի առավելությունը:

Ինչպես ասել է դասականը` «գեղեցկությունը ավելին չէ, քան ենթամաշկային ճարպի համահունչ բաշխվածությունը»: Այո, ներկայումս ճարպային կուտակումները վերացնելու համար բավական մեծ տարածում ունեն նման ապարատային և ինյեկցիոն մեթոդները: Սակայն մենք` վիրաբույժներս, հակված ենք ճարպի հեռացման վիրահատական մեթոդին, քանի որ վիրաբուժական շտկումն ավելի ռադիկալ է և էֆեկտիվ: Վիրահատության միջոցով հեռացվում է ճարպի բավական մեծ ծավալ, որը  տեսանելի է պացիենտի համար:

Շնորհակալություն, բժիշկ, հետաքրքիր զրույցի համար:


Սկզբնաղբյուր՝ Doctors.am
Նյութը՝ Ամալյա Գրիգորյանի
08 փետրվարի, 2016