Տեղեկատվական դարաշրջանում կրթության բնույթի մեջ կատարվող արմատական փոփոխությունները սերտորեն առնչվում են տեղեկատվության և հաղորդակցության արդի միջոցների զարգացմանն ու տարածմանը։ 
Այս ամենից չի կարող անմասն մնալ  երեխան: Քանի որ մեր ուսումնասիրության առանցքը հենց երեխան և տեխնոլոգիաներն են, նախ առանձնացնենք՝ ի՞նչ հետազոտություններ են արվել և արվում այս դաշտում` պարզաբանելու տեխնոլոգիաների դրական և բացասական ազդեցությունը հատկապես երեխաների կյանքի և առողջության վրա:
Ներկայիս պայմաններում շատ  ծնողներ երեխաներին զբաղեցնելու  և շեղելու համար օգտագործում են գաջեթները, քանի որ դա իսկապես աշխատում է: Գաջեթները կլանում են երեխաների ուշադրությունն այնպես, ինչպես գրեթե ուրիշ ոչ մի այլ բան՝ թույլ տալով ծնողներին մի փոքր շունչ քաշել: 
Սակայն ինչպե՞ս են ազդում գաջեթները երեխայի ուղեղի աշխատանքի, խոսքի ձևավորման և, ընդհանրապես, նրա զարգացման վրա, որքա՞ն ժամանակ կարող է երեխան օգտվել դրանցից: Հատուկ անդրադարձ կատարենք տեխնոլոգիաների ազդեցությանը երեխայի խոսքի զարգացման վրա:
Լինելով մտածողության և մարդու գիտակցական գործունեության հիմնական մեխանիզմ՝ խոսքը մարդու բարձրագույն հոգեկան ֆունկցիան է, որն առանցքային տեղ է գրավում բարձրագույն կոգնիտիվ ֆունկցիաների համակարգում: 
Այն ամենաերկարատև ձևավորվող հմտություններից է, հետևապես վաղ տարիքում բարձր տեխնոլոգիաների  օգտագործումը, ըստ մասնագետների, կարող է բացասաբար անդրադառնալ այս հմտության զարգացման վրա կամ նույնիսկ զրոյական դարձնել բանավոր հաղորդակցման պահանջմունքը, ինչը խոսքի զարգացման համար հիմնական պայմաններից  մեկն է:
Այս հանգամանքը կարող եմ փաստել նաև ինքս՝ լինելով լոգոպեդ և մեկ տասնյակից ավելի լոգոպեդական մասնագիտական գործունեություն ծավալելով ՀՀ-ում գործող  մանկական վերականգնողական առաջատար կենտրոններից՝«ԱրԲեՍ» ԱԿ-ում, որտեղ նույնպես՝տեխնոլոգիաների արագ զարգացմանը զուգահեռ  տարեց տարի նկատելի է հաղորդակցման և խոսքի զարգացման դժվարությունների աճի տենդենց, այսպես օրինակ՝ 2020 թվականի մայիս-հոկտեմբեր ժամանակահատվածում հավաքագրած մեր տվյալների հիման վրա`լոգոպեդին դիմող յուրաքանչյուր 10 երեխայից առնվազն հինգն ունեն խոսքի զարգացման հապաղում, ինչը շատ բարձր ցուցանիշ է:


Երեխան խոսել սովորում է առաջին հերթին ծնողներից: Սակայն, ցավոք, մերօրյա ծնողները, շատ զբաղված լինելով, քիչ են խոսում երեխայի հետ:
Բացի այս, միացրած հեռուստացույցի առկայությամբ տանը ծնողների շփումը սահմանափակ է, նրանք ավելի քիչ են ժամանակ տրամադրում երեխաներին, ինչի հետևանքով հապաղում է երեխայի խոսքի զարգացումը: 
Երեխայի կոգնիտիվ զարգացման կարևորագույն նախադրյալներից է կայուն ուշադրությունը: Կենտրոնացման հմտությունը սկսում է զարգանալ ամենափոքր տարիքից, ուստի, ուղեղի զարգացման և նորմալ աճի համար արտաքին աշխարհից ճիշտ ազդակներ է պետք ստանալ: 
Այդ գործընթացում առավել արդյունավետ ընկալումն ապահովվում է բոլոր 5 զգայարանների համալիր աշխատանքի շնորհիվ, ինչն իրականանում է բնական միջավայրում երեխայի զանազան պրպտողական զբաղմունքների և խաղի ժամանակ, իսկ տեխնոլոգիաների միջոցով ուսուցման ժամանակ բոլորովին այլ պատկեր է: Օրինակ, երբ երեխան կերակրվում է էկրանի առաջ, ընկալման համար ունենում ենք ուտելիքից տարբեր տեսողական պատկեր, լսողական ազդակ, որ կապ չունի ուտելու պրոցեսի հետ, երեխան այդ պահին շոշափում է սպասքը և այդ ընթացքում մայրիկի միջամտությամբ բերանում է հայտնվում  սնունդը, ինչը փաստորեն բացարձակ կապ չուներ մյուս զգայարաններից ստացված ինֆորմացիայի հետ: Արդյունքում ունենում ենք խեղաթյուրված ընկալման պատկեր, ինչը չի կարող բացասաբար չանդրադառնալ երեխայի նորմալ զարգացման վրա: 
Բժշկական տեսանկյունից հարցի քննարկումը հարկ է սկսել երեխայի ուղեղի վրա գաջեթների ազդեցության ուսումնասիրություններից: Այստեղ նույնպես գիտնականները դեռևս բոլոր հարցերի պատասխանները չունեն, սակայն արդեն իսկ հետազոտվածը կօգնի ծնողներին և մանկավարժական ոլորտի մասնագետներին հասկանալ, թե որքան կարևոր է էկրանից զատ այլ զբաղմունքներ տրամադրել երեխաներին: 
Հենց վերջիններիս շնորհիվ է, որ երեխան սովորում է ու զարգացնում իր սոցիալական ու իմացական հմտությունները, ինչպես նաև դառնում է առավել կենսուրախ: Վերջին տարիներին աճել է այնպիսի մանկական հիվանդությունների թիվը, ինչպիսիք են նևրոզները, անքնությունը, գլխացավը, հոգնածությունը, լարվածությունը, անկառավարելի շարժումները, գիշերային վախերը: Ըստ հոգեբանների վերլուծության, սա պայմանավորված է ինֆորմացիայի չափազանց մեծ ծավալով` ինտերնետի և համակարգչային խաղերի տարածմամբ: 
Ֆիզիկական առողջության տեսանկյունից գիտնականները պարզել են, որ նստակյաց կյանքը հանգեցնում է մի շարք լուրջ հիվանդությունների առաջացմանը (երիկամների հիվանդություն, շաքարախտ, սրտամկանի ինֆարկտ, ճարպակալում և քաղցկեղ), ինչպես նաև ՝ կեցվածքի փոփոխության` ողնաշարի ծռումներ, կուզ, իսկ կարճատեսությունը և տեսողության հետ կապված այլ խնդիրները համատարած բնույթ են կրում:

Ապացուցվել է նաև, որ համացանցից կախվածությունը թուլացնում է  աճող օրգանիզմի դիմադրողականությունը: Այս, ինչպես նաև առկա խնդիրների տարածման կանխարգելման նպատակով Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը չի խրախուսում  մինչև երկու տարեկան երեխաների՝ գաջեթների օգտագործումը, իսկ 2-4 տարեկան երեխաներին խորհուրդ է տրվում  էկրանի առջև անցկացնել մեկ ժամից ոչ ավել։
Ամերիկյան մանկաբույժների ակադեմիայի բժիշկներն արգելում են  մինչև 3 տարեկան երեխաների կողմից որևէ սարքի կիրառումը, քանզի արագորեն փոփոխվող տեսողական նկարները դիտող երեխայի ուղեղի ճակատային մասերում զարգանում է նյարդային կապերի դեֆիցիտ, որոնք պատասխանատու են հույզերի կարգավորման համար, արդյունքում  առաջանում են հուզական ինքնակառավարման դժվարություններ, սկսում են նկատվել զայրույթի բռնկումներ և անվերահսկելի վարք: 
Ակադեմիան մշակել է բարձր տեխնոլգիաների օգտագործման համար տարիքային սահմանափակումներ      ( 3-5 տարեկան՝ օրական մինչև 1 ժամ, 6-18 տարեկան երեխաներ`օրական 2 ժամ):
Ամփոփելով վերը նշվածը՝եզրակացնում ենք, որ երեխաների առողջության հետագա վնասների կանխարգելումն ու տեխնոլոգիանրի օգտագործումն  հօգուտ երեխաների հնարավոր է միայն տեխնոլոգիաների և երեխայի կապը ճիշտ կազմակերպելու պայմաններում, ինչն իր հերթին հնարավոր է, եթե հիշենք, որ մինչև 3 տարեկանը զարգացող ուղեղը բացարձակապես կարիք չունի թվային սարքերի, իսկ առաջնորդվելով նյարդաֆիզիոլոգների և բժիշկների խորհուրդներով, 3 տարեկանից բարձր երեխաներին գաջեթները կարելի է տալ միայն խիստ սահմանափակ ժամանակով։
Հարկավոր է հստակ սահմանել գաջեթի օգտագործման կանոնները և ժամանակը երեխայի համար՝ կոնֆլիկտային իրավիճակների կանխարգելման նպատակով։ Բացի այդ, հարկավոր է խրախուսել իրական կյանքը`բակում խաղալը, սովորական խաղալիքներով խաղը, հարազատների հետ զբոսնելը, մայրիկի հետ ճաշ պատրաստելը, սպորտը, նկարչությունը, երաժշտությունն ու բեմական գործունեությունը: Խորհուրդ է տրվում ավելի շատ շփվել երեխայի հետ, քննարկել գրքեր և այն ամենն, ինչ շրջապատում է իրեն, ինչի մասին երազում կամ մտածում է երեխան։ Խրախուսելի է երեխայի մասնակցությունն այնպիսի նախագծերի, որտեղ ներգրավվելու են բոլոր հինգ զգայարանները ՝ շոշափողական, տեսողական, լսողական, հոտառական և համային: Նման գործունեության օրինակ կարող է լինել ապլիկացիոն աշխատանքը, կարկանդակների համատեղ թխումը, նվերի պատրաստումը և այլն:
Հարկ եմ համարում կարևորել այն փաստը, որ պետք է խուսափել մեղքի զգացումից՝ երեխայից գաջեթը վերցնելու կապակցությամբ, շատ դեպքերում անհրաժեշտ է դիմակայել երեխաների քմահաճույքներին, քանի որ նրանց անհրաժեշտ է իմաստուն, սիրող և վճռական մեծահասակ: Ձանձրացող երեխայի համար միշտ հնարավոր է գտնել օգտակար խաղ կամ գործունեություն: Անհրաժեշտ է վճռական լինել նաև, եթե դեռահասը փորձում է համոզել, որ հեռախոսը նրա միակ «շտապ օգնությունն է» այդ պահին։ 
Պետք չէ հուսահատվել, եթե չստացվի անմիջապես հաղթահարել երեխայի կախվածությունը գաջեթներից: Հաջողության գրավականն այս հարցում հետևողականությունն ու համառոթյունն են հօգուտ երեխայի: 
Ամփոփելով այս նյութը ցանկանում եմ մեջբերել ամերիկացի գյուտարար Apple-ի հիմնադիր, նախագահ ու գործադիր տնօրեն Ստիվ Ջոբսի խոսքերը .«Հեռուստատեսությունը ձանձրացնում է և սպանում է  շատ ժամանակ: Անջատե՛ք այն և կփրկե՛ք ձեր ուղեղի մի քանի բջիջ: Այնուամենայնիվ, զգու՛յշ եղեք, կարող եք բթանալ նաև  համակարգչի պատճառով»:

Նյութն ամբողջությամբ հրապարակված է՝ «Տեխնոլոգիաները և երեխան բժշկամանկավարժական տեսանկյունից» հոդվածում և տեղ է գտել  «Մեդիատեխնոլոգիաները տարրական դպրոցի մանկավարժական գործընթացում» մանկավարժների և ծնողների համար նախատեսված ուսումնամեթոդական ձեռնարկում: 

Հեղինակ՝ լոգոպեդ Քրիստինա Խառատյան