Որեւէ մեկը չի ցանկանում միայնակ անցկացնել իր կյանքը, սակայն երբեմն հանգամանքները չեն դասավորվում այնպես, ինչպես ցանկանում ենք: Սակայն, պարզվում է, երկար ժամանակ միայնակ մնալը առողջական լուրջ խնդիրներ կարող է առաջացնել:

Եթե Դուք երկար ժամանակ միայնակ եք, Ձեր օրգանիզմն ավելի դժվարությամբ է պայքարում հիվանդությունների դեմ: 

Եթե Ձեր միայնությունը տեւում է երկար՝ հատկապես չորս եւ ավելի տարի, ապա հավանական է, որ Ձեր արյան ճնշումը կբարձրանա: Գիտնականները, որոնք ուսումնասիրել են այս փաստը, արձանագրել են, որ արյան ճնշման բարձրացումը պայմանավորված չի եղել այլ գործոններով՝ տարիք, սեռ, ժառանգականություն ու այլն:

Որքան շատ եք միայնակ եղել, այնքան մեծ է հավանականությունը, որ Դուք կունենաք առողջական խնդիրներ՝ ճարպակալում, արյան բարձր ճնշում, խոլեստերինի բարձր մակարդակ: Իսկ կանայք, որոնք երկար ժամանակ միայնակ են, առավել հակված են սիրտ-անոթային համակարգի խնդիրներ ունենալուն: 

Միայնությունը ազդում է ոչ միայն ֆիզիկական, այլեւ հոգեկան առողջության վրա: Երբ մարդը միայնակ է, սովորաբար բացասական մտքեր է ունենում կյանքի վերաբերյալ, ինչի արդյունքում ընկնում է դեպրեսիայի մեջ: Դեպրեսիան, իր հերթին, բերում է մեկուսացման, ինչի հետեւանքով մարդն էլ ավելի միայնակ է դառնում: Եթե այդ վիճակը շարունակվում է երկու շաբաթից ավելի եւ ուղեկցվում հուսահատությամբ, էներգիայի կորստով, քնի խանգարմամբ եւ ախորժակի փոփոխությամբ, անպայամն պետք է դիմել բժիշկի: 

Երբ Դուք միայնակ եք, ապա  ավեի շատ  եք հակված ավելորդ քաշ հավաքելուն, քանի որ ինքներդ Ձեզ հանգստացնելու համար կարող եք սովորականից շատ ուտել կամ դադարեցնել ֆիզիկական ակտիվությունը: Ավելորդ քաշը, իր հերթին, կարող է հանգեցնել ճարպակալման, շաքարային դիաբետի, սրտի հետ խնդիրների: 

Միայնակ մարդիկ դժվարությամբ են քնում, ինչի արդյունքում դժվարանում է կենտրոնացվածությունը, նաեւ առաջանում է վատ տրամադրություն: Ոչ լիարժեք քունը առաջացնում է մի շարք խնդիրներ, ինչպես օրինակ, դիաբետ, սիրտ-անոթային համակարգի խնդիրներ, արյան բարձր ճնշում, դեպրեսիա, ճարպակալում եւ այլն:


Աղբյուրը՝ WebMd.com