Մեկնարկել է ուսումնական տարին, իսկ դա նշանակում է, որ երեխաների մեծամասնությունը ճաշելու է դպրոցում:
Ինչպե՞ս կազմակերպել ընդմիջումը դպրոցում, ինչպե՞ս կազմել լանչ բոքսն այնպես, որ երեխան ստանա իր օրգանիզմին անհրաժեշտ վիտամիններն ու միկրոէլեմենտները:
Թեմայի հետ կապված Doctors.am-ը զրուցել է սննդաբան Լիդիա Այվազյանի հետ:
Ի՞նչ է պետք բացառել երեխայի սննդակարգից
Առաջին հերթին՝ չարիք դարձած խաչապուրիները, որոնք մեծ քանակությամբ մարգարին են պարունակում:
Հաջորդը՝ վերամշակված մսամթերքը: Դրանք են երշիկը, նրբերշիկը, որոնց վերամշակման ընթացքում օգտագործված նյութերը վնասակար են երեխայի առողջության համար: Ի դեպ, խոսքը ոչ միայն բուֆետից կամ խանութից գնված նրբերշիկով կամ երշիկով բուտերբրոտների մասին է, այլեւ տանը պատրաստված:
Եվ, վերջապես, քաղցր պարունակող մթերքը՝ շոկոլադներ, բիսկվիտներ, հյութեր, յոգուրտներ, որոնք շաքարի աղբյուր են: Պատկերացրեք՝ մայրիկներ կան, որոնք չիմանալով՝ այս ամբողջ դնում են մեկ լանչ բոքսի մեջ եւ երեխայի հետ ուղարկում դպրոց:
Երեխան աճող օրգանիզմ է եւ նրա ամեն սննդընդունումը պետք է լինի հագեցած եւ կալորիական, պարունակի վիտամիններ, սպիտակուցներ, ածխաջրեր, ճարպեր, քանի որ դա շատ կարեւոր է բոլոր օրգան համակարգերի աճի եւ զարգացման համար:
Պետք է հետեւել, որպեսզի երեխան գիշերը չուտի, մանավանդ՝ քնելուց առաջ: Ցանակալի է, որպեսզի երեխայի վերջին սննդընդունումը լինի քնելուց 3-4 ժամ առաջ, հակառակ դեպքում՝ երեխայի աղեստամոսքային տրակտն ամբողջ գիշեր ծանրաբեռնված աշխատում է, ինչի արդյունքում երեխան արթնանում է սրտխառնոցով եւ հրաժարվում նախաճաշից, ինչը եւս սխալ է:
Ցանկալի է, որպեսզի երեխայի նախաճաշը բաղկացած լինի սպիտակուցներից եւ բարդ ածխաջրերից, որոնք էներգիա են հաղորդում երկար ժամանակով, եւ երեխան դպրոցում առաջին երկու ժամերը քնած չի անցկացնում:
Ի դեպ, ցանկալի չէ երեխաներին անմիջապես դասերից հետո որեւէ պարապմունքի տանել, քանի որ նա առողջ ճաշելու հնարավորություն չի ունենա:
Իսկ ինչ վերաբերում է լանչ բոքսերին, ապա այստեղ առողջ սննդակարգի ջատագով մայրիկները պետք է աշխատեն ոչ միայն սեփական երեխաների հետ, այլեւ հորդորեն մյուս երեխաների մայրերին եւս իրենց երեխաների հետ լանչ բոսք ուղարկել դպրոց, քանի որ երբ դասարանից մեկ երեխա է տանում լանչ բոքս, դա ամոթ է, երեխան ընկճվում է, հրաժարվում է տանել, բայց երբ 30 երեխա է լանչ բոքսից օգտվում, դա արդեն ամոթ չէ:
Առողջ լանչ բոքսի օրինակ
- Ամբողջահատիկ ալյուրից պատրաստված հաց (երկար ածխաջուր է, ավելի երկար է պահում երեխայի ուշադրությունը եւ էներգիան)
- Անյուղ միս՝ օրինակ հավի կրծքամիս, կամ ոչ շատ աղի պանիր (սպիտակուցներ)
- Գույնզգույն բանջարեղեն՝ վարունգ, գազար/սահմանափակումներ չկան (վիտամինների, միկրոէլեմենտների, բջջանյութի աղբյուր)
- Մրգեր, ցանկալի է՝ սեզոնային, օրինակ՝ խնձոր, տանձ, բանան, հատապտուղներ
- Ընկուզեղեն (շատ մեծ էներգետիկ արժեք ունեն, պարունակում են միկրոէլեմենտներ եւ վիտամիններ):
- Եվ, իհարկե, չենք մոռանում ջրի մասին:
Աղբյուրը՝ Doctors.am
Զրուցեց Շուշան Շատիկյանը