Ձեր տեսողությունը՝ մեր առաջնահերթությունն է

Երևանում բացվել է բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր , ՀՀ վաստակավոր բժիշկ՝ Ալեքսանդր Մալայանի անվան տեսողության վերականգնման կենտրոնը: Պրոֆեսոր Ա.Մալայանը Հայաստանում աչքի միկրովիրաբուժության հիմնադիրն է։ Նա իր մասնագիտական ազգանպաստ ճանապարհը սկսել է 1972 թվականից:

Որոշ ժամանակ լինելով հոր՝ ականավոր ակնաբան Սերգեյ Մալայանի գործընկերը, Ալեքսանդր Մալայանը ստեղծել է հայկական ակնաբուժության ավանդական դպրոցը, որի սաներն արդեն տասնամյակներ շարունակում են իր ուղին:

1978-ին ՀԽՍՀ առողջապահության նախարարության որոշմամբ, Հանրապետական ակնաբուժական կլինիկայի բազայի հիման վրա, Ա. Մալայանը կազմակերպել է այդ ժամանակի համար նորարար վիրաբուժական հանրապետական կենտրոնը, որն առ այսօր սպասարկում է և՛ Հայաստանի Հանրապետության, և՛ արտերկրից ժամանող հազարավոր այցելուների: Հոր՝ Ս.Վ. Մալայանի անունը կրող ակնաբուժական կենտրոնը, Ալեքսանդր Մալայանը տնօրինել է 28 տարի:

Հայաստանի Հանրապետության վաստակավոր բժիշկ Ա.Մալայանը 1984-2018 թթ․ եղել է ՀՀ առողջապահության նախարարության գլխավոր ակնաբույժը:

1984-1988թթ. Հայաստանում առաջին անգամ նա է կլինիկական պրակտիկայում ներդրել տեսողության վերականգնման միկրովիրաբուժական հիմնական մեթոդները՝ կատարակտայի հեռացում արհեստական ոսպնյակի տեղադրմամբ, կատարակտայի հեռացումը ուլտրաձայնային մեթոդով-Ֆակոէմուլսիֆիկացիա, ներթափանցող եղջերաթաղանթի փոխպատվաստում (կերատոպլաստիկա), վիտրեկտոմիա և այլն:

1992-2022 թթ. ԵՊԲՀ «Աչքի հիվանդություններ» ամբիոնի վարիչն էր:

1996 թվականից՝ Հայ-ամերիկյան մարդասիրական ծրագրի բժշկական տնօրենն է, իսկ 1992-ից մինչև 2020 թվականը եղել է Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի հիմնադիր տնօրենը։ 2012-2021թթ. նախագահել է Հայաստանի ակնաբույժների ասոցիացիան: 2006-ին պարգևատրվել է Մխիթար Հերացու անվան ոսկե մեդալով, 2012-ին «Հանուն խաղաղ  Կովկասի» անվան ոսկե մեդալով:

Ալեքսանդր Մալայանը հեղինակ է 150-ից ավել գիտական աշխատությունների, 10 ռացիոնալիզատորական առաջարկությունների, 4 դասագրքերի, ինչպես նաև հայերեն լեզվով ակնաբուժության դասագրքի՝ «Անհետաձգելի ակնաբուժական օգնություն»: Համահեղինակ է «Ռազմադաշտային ակնաբուժություն», «Նեյրոօթալմոլգիա», «Comprehensive Eye examination» ուսումնական ձեռնարկների:

Հեղինակել է 5 մեթոդական հանձնարարականներ և 1 մենագրություն՝ «Տեսողական օրգանի վնասվածքները երկրային աղետների ժամանակ» թեմայով:

Ա.Մալայանի անմիջական ղեկավարությամբ պաշտպանվել են դոկտորական 4 աշխատանքներ և թեկնածուական 11 թեզեր:

Նոր ակնաբուժական կենտրոնի հիմնադրման գաղափարը եղել է Ալեքսանդր Մալայանի դստեր, հոր երկարամյա տարիների գործընկեր՝ Զառա Մալայանի վաղեմի ցանկությունը: Այն դարձել է իրականություն՝ մանրակրկիտ ուսումնասիրության, նվիրումի և աշխատանքային փորձի արդյունքում:

Նորաբաց կենտրոնը կրում է պրոֆեսոր Ալեքսանդր Մալայանի անունը և չի հանդիսանում Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի մասնաճյուղը: Զառա Մալայանը շուրջ 16 տարի եղել է Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի փոխտնօրենը՝ մինչև 2020թ. և ղեկավարել է կենտրոնի հանրության հետ կապերը, կազմակերպել արտաքին շուկաների և մարդկային ռեսուրսների հարցերը, եղել է կազմակերպչական որոշումների կենտրոնում: Տարիներ շարունակ լինելով ակնաբուժական կլինիկայի հիմնախնդիրներին քաջատեղյակ՝ 2023թ. Զ.Մալայանը իրագործեց իր նախագիծը, որը յուրովի հարգանքի դրսևորում է հոր՝ Ա.Մալայանի ականաբուժության ոլորտում ստեղծած արժեքների գնահատման և պահպանման հանդեպ:

Այս նորաբաց կենտրոնում շարունակվելու են Ա.Մալայանի հիմնադրած ակնաբուժական մասնագիտական ավանդույթները և կենտրոնը աշխատելու է նրա բժշկական համոզմունքներին հավատարիմ, որն է անմնացորդ նվիրում աշխատանքին և պատասխանատվության խորը գիտակցում:

Կենտրոնի հիմնական գործառույթն է՝ տեսողության բարձրակարգ ախտորոշիչ, բուժական և էսթետիկ ծառայությունների տրամադրումը, որով կարելի է ժամանակին կանխել վաղ փուլում գտնվող տեսողական բազմաթիվ խնդիրներ:

Երիտասարդ բարձրակարգ մասնագետների կողքին, ովքեր ավարտել են Սերգեյ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի օրդինատուրան՝ նորաբաց կենտրոնում կաշխատեն նաև փորձառու բժիշկներ:

Կենտրոնը կառաջարկի բարձրակարգ հետազոտական, առայժմ ոչ բարդ վիրահատական ծառայություններ, որոնք կիրականացվեն ժամանակակից տեխնիկայով հագեցած կլինիկայում, կիրականացվեն տեսողության բուժմանը և վերականգնմանն ուղղված բազմատեսակ ծառայություններ:

Հասցե՝ Ձորափի 4/3

Հեռախոսահամար՝

+374 99 58 38 00

+374 94 58 38 02