Բուժաշխատողներին նվիրված միջոցառուման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն ավանդույթի համաձայն առանձնահատուկ շնորհավորեց բոլոր այն բուժաշխատողներին, ովքեր մասնագիտական տոնը կանցկացնեն վիրահատարաններում, վերակենդանացման բաժանմունքներում` հիվանդի մահճակալի կողքին, շտապ օգնության մեքենաներում։ Մեծ  երախտիքով հիշատակեց նաև այն բուժաշխատողներին, ովքեր մասնագիտական ու մարդկային բարձր մղումներով նվիրվեցին ապրիլյան քառօրյա պատերազմում վիրավորված զինվորների ու կամավորների  հիվանդանոցային և վերականգնողական բուժման գործին։

Մասնագիտական տոնն այս տարի նշանավորվեց «Էմիլ Գաբրիելյան» մրցանակների հանձնմամբ: Ականավոր բժիշկ-գիտնական, պետական և հասարակական գործիչ, ՀՀ առողջապահության նախկին երկարամյա նախարար, Դեղերի և բժշկական տեխնոլոգիաների գործակալության հիմնադիր, ակադեմիկոս Էմիլ Գաբրիելյանի ընտանիքի աջակցությամբ և համանուն հիմնադրամի կողմից սահմանված «Տարվա բազմապրոֆիլ բժշկական կենտրոն» «Էմիլ Գաբրիելյան» մրցանակը շնորհվեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին։ Բազմապրոֆիլ այս հիվանդանոցը կազմակերպվել է 1977 թվականին` այն ժամանակվա նախարար Էմիլ Գաբրիելյանի անմիջական նախաձեռնությամբ և ջանքերով։ Ժամանակակից սարքավորումներով  հագեցած բժշկական այս կենտրոնում տարեկան բուժում է ստանում  47 հազար մարդ։ Ամենադժվար պահերին, մեծ թե փոքր աղետների ու պատահարների դեպքում կենտրոնի արհեստավարժ մասնագետները գիշեր ու զօր պայքարում են տուժածների կյանքի ու առողջության համար։

Գրող, հրապարակախոս Զորի Բալայանը, որ ապրիլյան քառօրյա պատերազմի  ժամանակ վիրավորված զինվորների բուժման ականատեսն է եղել առաջին իսկ օրից` «Էմիլ Գաբրիելյան» հատուկ մրցանակը հանձնեց  ՀՀ ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալին։ Նա իր ելույթում  ընդգծեց, որ շարք վերադարձած զինծառայողները վկայում են ռազմական բժիշկների սխրագործության մասին:

     

     

     

«Միջազգային ճանաչման համար» հատուկ մրցանակների արժանացան ՀՀ ԱՆ «ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնը» և Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտը` հունիսի 7-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին նվիրված բարձր մակարդակի հանդիպման ժամանակ առողջապահական մեր համակարգին մորից երեխային ՄԻԱՎ-ի փոխանցման վերացումը փաստող հավաստագիր ստանալու գործում ունեցած մեծ ավանդի համար։

 «Տարվա  ուսանող»  անվանակարգում մրցանակը հանձնվեց Երևանաի Մ.Հերացու անվան պետական բժշկական համալսարանի դեղագիտական ֆակուլտետի ուսանողուհի Լիլիթ Թադևոսյանին։

Մրցանակ ստացած «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի տնօրեն Արա Մինասյանը կոլեկտիվի անունից  հայտարարեց,  որ իրենք ինչպես Հիմնադրամի կողմից հատկացված դրամական պարգևը, այնպես էլ 1 մլն դրամ կփոխանցեն վիրավոր զինվորների  բուժմանը։ Այս նախաձեռնությանը հետևեցին Վերարտադրողական առողջության, պերինատալոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտի, ինչպես նաև ՁԻԱՀ-ի կանխարգելման կենտրոնի տնօրեններ Ռազմիկ Աբրահամյանը և Սամվել Գրիգուրյանը։  

«Էմիլ Գաբրիելյան» հիմնադրամի տնօրեն Լիլիթ Ղազարյանը կոչ արեց աջակցել այս նախաձեռնությանը և շարունակել արժանապատվորեն կյանքի կոչել համաշխարհային ճանաչում ունեցող  ուսուցչի   արժեքավոր մտահաղացումներն ու խորիմաստ գաղափարները` ի նպաստ առողջապահության ոլորտի զարգացման և կատարելագործման։

Միջոցառման ընթացքում ցուցադրվեցին առողջապահական համակարգի գործունեության մասին պատմող տեսանյութեր: Բուժաշխատողների համար ելույթ ունեցավ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը (գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր` ՀՀ վաստակավոր արտիստ Սերգեյ Սմբատյան):

ՀՀ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ