Թեև յուրաքանչյուր ոք, իմանալով իր օրգանիզմում ուռուցքի առկայության մասին, ցնցում է ապրում, սակայն անհատական ռեակցիաները կարող են տարբեր լինել: Ձեր զգացմունքներն ու ռեակցիաները չեն կարող լինել ճիշտ կամ սխալ: Այնուամենայնիվ, գոյություն ունեն բազմաթիվ նմանատիպ հույզեր և ռեակցիաներ, որոնք բնորոշ են մարդկանց, երբ նրանք տեղեկանում են ուռուցքի գոյության մասին, ինչպես նաև բուժման ընթացքում և դրանից հետո: Դրանք են՝
- վախ,
- չարություն,
- դեպրեսիա,
- շփոթմունք,
- մենություն,
- արտասվելու ցանկություն,
- ախորժակի փոփոխություն,
- ուշադրության կենտրոնացման դժվարություններ,
- բարդություններ որոշումներ կայացնելիս,
- դյուրագրգռություն,
- իրականության զգացողության կորուստ,
- իրադարձության ընթացքի նկատմամբ կորստի զգացում,
- անտրամաբանական մտքեր,
- թույլ սեռական ձգողություն կամ դրա բացակայություն:
Հնարավոր է՝ դուք զգաք այս ռեակցիաներից որևէ մեկը կամ բոլորը: Նման զգացմունքները գալիս և գնում են: Ձեր հուզական վերելքներն ու անկումները կախված են բազմաթիվ հանգամանքներից՝ բուժման փուլից, ինքնազգացողությունից, ինչպես նաև ձեզ առաջարկվող օգնության և աջակցության առկայությունից կամ բացակայությունից: Ինչ զգացմունքներ էլ որ ունենաք, կարևոր է հարգել սեփական փոփոխվող հույզերը և գիտակցել, որ դրանք բնական են: Նաև շատ կարևոր է կարողանալ արտահայտել սեփական զգացմույնքները՝ դրանք հոգու խորքում թաքցնելու փոխարեն:
Որոշ հետազոտություններ վկայում են, որ սեփական զայրույթն ու տխրությունն արտահայտող հիվանդների բուժումն ավելի մեծ հաջողությամբ է ընթանում, քան այն հիվանդներինը, որոնք ճնշում են իրենց հույզերը:
Լուրջ տրավմայի ժամանակ հոգու տոկունությունը պահպանելու ձգտումը կենսական մեծ ուժ է պահանջում, որն ավելի նպաստավոր է ուղղել ապաքինմանն ու վերականգմանը:
Խոսե՛ք ձեր խնդիրների մասին
Սեփական վիշտը կիսելու ունակությունը կարևոր քայլ է վերահսկողության զգացողության և ակտիվ դիրքորոշման ձեռքբերման ճանապարհին: Եթե դժվարանում եք խոսել, ապա փորձեք գրել ձեր խնդիրների մասին: Ուռուցքային հիվանդություններից բուժվող բազմաթիվ մարդիկ փաստում են, որ սեփական վիշտն արտահայատելն ու այն հաղթահարելն ավելի դյուրին է այն մարդկանց շրջապատում, որոնք հասկանում են հիվանդի ապրումները:
Օգնություն հայցեք ընտանիքից, ընկերներից, այն մարդկանցից, որոնք բուժվել և ապաքինվել են ուռուցքից, աջակցության խմբերից և համապատասխան մասնագետներից:
Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ American Society of Clinical Oncology