Ցավ մեջքի շրջանում, անհարմարության զգացողություն ֆիզիկական վարժություններ կատարելիս, հագուստի ընտրության դժվարություն...
Մեծ կուրծքը միշտ չէ, որ լավ է: Երբեմն սա դառնում է ամենօրյա խնդիր, և այս դեպքում կրծքի վիրահատական փոքրացումը կօգնի ազատվել այս անհարմարություններից և ստեղծել մարմնի առավել ներդաշնակ ուրվագիծ:
Ինչպես մայրության, այնպես էլ որպես սեքսուալության խորհրդանիշ, կանացի կուրծքը միշտ ուշադրության առարկա է եղել: Այստեղից էլ սկիզբ են առնում բոլոր բարդույթները, երբ կուրծքը չի համապատասխանում գեղեցկության ընդունված չափանիշներին: Իսկ չափից ավելի մեծ ծավալ ունեցող կուրծքը բացի հոգեբանական դիսկոմֆորտից, դառնում է նաև իսկապես լուրջ առողջական խնդիր:
Կրծքի հիպերտրոֆիան մեծ տարածում ունեցող երևույթ է: Այն կարող է զարգանալ ինչպես դեռահասության տարիքում, այնպես էլ հղիությունից հետո, ավելորդ քաշի դեպքում, դաշտանադադարից հետո…
Կրծքի ծավալի փոքրացումը կամ ռեդուկցիոն պլաստիկան ուղղված է կրճատել կրծքի չափից ավելի ծանր ծավալը,ուղղել կրծքի կախվածությունը (պտոզ) և, անհրաժեշտության դեպքում վերականգնել համաչափությունը:
Կրծքի փոքրացման ցուցումներն են
Ցուցումները կարող ենք դասակարգել հետևյալ կերպ՝ բժշկական, ֆիզիկական, հոգեբանական և էսթետիկ:
Բժշկական ցուցումներ
- Ցավ մեջքի, պարանոցի հատվածում, ծանրության զգացողություն ուսերին` կրծկալի գոտիների հատվածում
- Ողնաշարի հնարավոր դեֆորմացիա. սկոլիոզ՝ կրծքի քաշի պատճառով, լորդոզ՝ կրծքի անհամաչափության պատճառով
- Փափկեցումներ, շփաբորբեր և սնկային հիվանդություններ ստորկրծքային ծալքում վատ կեցվածք
Ֆիզիկական ցուցումներ
- Անհարմարության զգացողություն սպորտով զբաղվելու ընթացքում , և որպես հետևանք՝ ակտիվության նվազում
- Հագուստի ընտրության դժվարություն
Հոգեբանական ցուցումներ
- Շրջապատող մարդկանց հայացքները՝ հատկապես դեռահասության տարիքում
- Ազդեցությունը ինքնագնահատականի վրա
- Անհարմարավետություն լողափին
- Ինտիմ մտերմության դժվարություններ
Էսթետիկ ցուցումներ
- Կրծքի՝ չափից ավել կախվածություն (պտոզ)
- Կրծքի ներդաշնակ տեսքի խախտումներ
Երբ սա դառնում է ամենօրյա խնդիր՝ կրծքի վիրաբուժական փոքրացումը կօգնի ազատվել այս անհարմարություններից և ստեղծել մարմնի առավել ներդաշնակ ուրվագիծ:
Վերը թվարկված ցուցումներին համապատասխան կրծքի փոքրացման վիրահատությունները Ֆրանսիայում իրականացվում են բժշկական ապահովագրության շրջանակում, այսինքն ֆինանսավորվում են
պետության կողմից, եթե ամեն կրծքից հեռացվում է ավելի քան 300 գրամ:
Վիրահատությունն իրականացվում է ընդհանուր անզգայացման պայմաններում:
Վիրահատության էությունն այն է, որ կրծքից հեռացվում են կրծքագեղձի ավելորդ հյուսվածքները և ավելորդ մաշկը: Կրծքի ծավալը պահպանվում է՝ կախված պացիենտի ցանկությունից և մարմնի ընդհանուր ներդաշնակությունից: Կրծքագեղձը բարձրացվում է և դրան տրվում է ցանկալի տեսքը: Եթե երկու կրծքերը նույն չափը կամ տեսքը չունեն՝ վիրահատության ընթացքում իրականացվում է նաև սիմետրիզացիա (համաչափեցում):
Ապաքինումը տեղի է ունենում վիրահատությունից հետո 2-3 շաբաթվա ընթացքում:
Միջամտության համար նվազագույն տարիքը 16-18 տարեկանն է՝ կրծքագեղձի ամբողջական ձևավորումից հետո: Առավելագույն տարիքայս վիրահատության համար չենք սահմանում, եթե պացիենտը չունի
առողջական հակացուցումներ:
Կրծքի փոքրացման վիրահատության նպատակը
- Կրծքի ծավալի կրճատում՝ պացիենտի ցանկության համապատասխան
- Պտոզի վերացում՝ կրծքի և պտուկի բարձրացմամբ
- Հնարավոր անհամաչափությունների կորեկցիա
- Ներդաշնակ, կլորավուն ֆորմայի մոդելավորում՝ իհարկե պացիետի կառուցվածքին և արտաքին տեսքին համապատասխան
Հաճախ տրվող հարցեր
Կարելի՞ է արդյոք կատարել կրծքի փոքրացում առանց վիրահատության:
Արդյունքի հասնելու համար պետք է կրճատել ոչ միայն ծավալը, այլ նաև բարձրացնել կախված կուրծքը՝ կյորավուն և համաչափ տեսք ստանալու համար: Սա հնարավոր է անել միայն վիրաբուժական ճանապարհով: Ոչ մի «ձգող-ամրացնող» քսուք թույլ չի տա ո՛չ կրճատել կրծքի ծավալը, ո՛չ մեղմացնել մեջքի ցավը:
Վիրահատությունը տևում է միջինում 1,5-2 ժամ: Վիրահատությունից առաջ պացիենտը պետք է անցնի կրծքի էխոգրաֆիա և մամոգրաֆիա:
Վիրահատությունից հետո որքա՛ն ժամանակ պետք է անցկացնել հիվանդանոցում:
Այս վիրահատությունը կարող է իրականացվել նաև ամբուլատոր եղանակով, այսինքն, պացիենտը վիրահատվում է առավոտյան, և դուրս գրվում արդեն երեկոյան: Որոշ դեպքերում միայն, հնարավոր է
անհրաժեշտություն՝ հիվանդանոցում 1 օր անցկացնելու:
Ցավո՞տ է արդյոք հետվիրահատական ընթացքը:
Կրծքի փոքրացումը համարվում է քիչ ցավոտ վիրահատություն: Միջամտությունը կատարվում է ընդհանուր անզգայացման պայմաններում, պացիենտը չի զգում որևէ ցավ, իսկ հետվիրահատական շրջանում կիրառում է սովորական անալգետիկներ (Պարացետամոլ), որոնք բավարար են ցավը մեղմելու համար:
Որքա՞ն ժամանակ անց կարելի է վերադառնալ աշխատանքին, անցնել սովորական առօրյային:
Եթե պացիենտը աշխատում է գրասենյակում, առանց ֆիզիկական ծանրաբեռնվածության, ապա աշխատանքի կարելի է անցնել արդեն 10 օրից: Եթե աշխատանքը կապված է ֆիզիկական ակտիվության
հետ, ցանկալի է սպասել 3-4 շաբաթ:
Ո՞ր հատվածում են գտնվում հետվիրահատական սպիները, կտրվածքի հետքերը:
Սովորաբար կտրվածքներն ունենում են շրջված T-անման տեսք, տեղակայված են լինում հարպտկային շրջանում, հետզհետե դրանք դառնում են ավելի ու ավելի աննկատ, քանի որ գտնվում են մուգ և բաց
մաշկի սահմանին: Կտրվածքները կարող են լինել նաև ուղղահայաց և հորիզոնական (թաքնված ստորկրծքային հատվածում):
Թույլ արտահայտված հիպերտրոֆիայի դեպքում կտրվածք կարելի է կատարել միայն հարպտկային և ուղղահայաց տարբերակով:
Որո՞նք են կրծքի փոքրացման ռիսկերը, եթե կան այդպիսիք:
Սա հաճախ կիրառելի, վստահելի վիրահատություն է, Ֆրանսիայում, օրինակ՝ ամենատարածվածներից մեկը: Սակայն, ինչպես ցանկացած վիրահատական միջամտություն, այս դեպքում ևս, վտանգները հազվադեպ են, սակայն՝ հնարավոր:
Հավաստագրված, բարձր որակավորում ունեցող պլաստիկ վիրաբույժին դիմելը Ձեզ համար կարող է լինել երաշխիք և ապահովագրել՝ սահմանափակելով ռիսկերի, հնարավոր բարդությունների հավանականությունը, կամ, անհրաժեշտության դեպքում, դրանց գրագետ շտկումը:
Տվյալ վիրահատության համար ցանկալի է դիմել հավաստագրված պլաստիկ, ռեկոնստրուկտիվ և էսթետիկ վիրաբույժի, ով ունի այս վիրահատության բավարար փորձ, սա առաջին գրավականն է հետագա բարդությունների բացառման և էսթետիկ լավ արդյունքի:
Որքա՞ն արժե վիրահատությունը:
Վիրահատության արժեքը կախված է հիպերտրոֆիայի աստիճանից և կատարվելիք աշխատանքի ծավալից: Այդ պատճառով արժեքը կարող է տատանվել 650.000-1.000.000 դրամի սահմաններում:
Որպես եզրափակում, ցանկանում եմ նշել, որ կրծքի փոքրացումը համարվում է հուսալի միջամտություն որը տալիս է ոչ միայն էսթետիկ, այլ նաև ֆունկցիոնալ և հոգեբանական կատարյալ արդյունք: Ինչպես ցանկացած վիրահատություն, այն ևս զերծ չէ ռիսկերից, սակայն դրանք հազվադեպ են, երբ իրականացվում է պրոֆեսիոնալ կերպով:
Հեղինակ՝ Բորիս Միրզոյան, պլաստիկ և ռեկոնստրուկտիվ վիրաբույժ
Հոդվածի թարգմանությունը և խմբագրումը՝ Doctors.am
27 Հոկտեմբերի, 2015