Հազալու, փռշտալու կամ ծիծաղելու ժամանակ մեզի արտահոսքը խոսում է կոնքի հատակի մկանների ֆունկցիայի խանգարման մասին: Մեր հոդվածը կօգնի Ձեզ հասկանալ, թե ո՞րն է խնդիրը:
Անմիզապահությունը նկատվում է ոչ միայն տարեցների, այլ նաև երիտասարդ կանանց մոտ: Այն հանդիսանում է կոնքի հատակի մկանների ֆունկցիայի խանգարման ախտանիշ: Անմիզապահությունից բացի, նկատվում է նաև ցավ և մրմռոց: Կոնքի հատակի մկանների ֆունկցիայի արտահայտված խանգարումը կարող է հանգեցնել հեշտոցի և արգանդի արտանկմանը:
Ռիսկի խմբում են ոչ միայն նստակյաց ապրելակերպ վարող մարդիկ, այլև մարզիկները: Ամբողջ խնդիրն այն է, որ մենք չափազանց շատ ենք նստում: Իսկ Կեգելի վարժությունները, որոնք ավանդաբար համարվում էին փրկություն անմիզապահությունից, պարզվում է, կարող են այն հրահրել:
Ինչպե՞ս հասկանալ, որ ինդիրն անմիզապահությունն է
Բժշկին պետք է դիմել այն դեպքում, երբ Դուք զուգարան եք շտապում` ջուր խմելուց 10 րապե անց կամ եթե միզարձակումը խանգարում է Ձեզ առօրյա կյանքում:
Ո՞րն է անմիզապահության պատճառը
Անմիզապահություն կարող է առաջանալ երիտասարդ կնոջ մոտ երեխա ունենալուց հետո կամ էլ տարեց հասակում: Անմիզապահության պատճառը կոնքի հատակի մկանների թուլացումն է, որոնք արձագանքում են շարժումների քանակին և որակին: Կարևոր է նույնիսկ ոչ թե մեր նստելու փաստը, այլ այն, թե ինչպե՞ս ենք մենք նստում:
Ո՞վ է ավելի հաճախ տառապում անմիզապահությամբ
Կանանց մոտ անմիզապահությունը ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ: Հնարավոր է, որ դա պայմանավորված է այն փաստով, որ կանայք ավելի հաճախ են դիմում բժշկին: Բացի այդ, տղամարդկանց կոնքի հատակի մկաններն ավելի ուժեղ են:
Ո՞ր պահերին է արտահայտվում անմիզապահությունը
Անմիզապահությունն ամենից հաճախ արտահայտվում է ներորովայնային ճնշման կտրուկ բարձրացման պահին` ծիծաղելիս, փռշտալիս, հազալիս, կամ պառկած դիրքից նստած դիրք ընդունելիս:
Ինչու՞ է խնդիրը արդիական
Շարժումների ձևը մենք ժառանգում ենք այնպես, ինչպես և մնացած բաները: Մենք սովոր ենք պոչուկն առաջ մղել, ինչի արդյունքում մենք ողջ մարմնով թեքվում ենք առաջ` հետ ձգվելու փոխարեն: Արդյունքում, մեծանում է կոնքի հատակի մկանների ֆունկցիաների խանգարման հավանականությունը: Շատերը համոզված են, որ Կեգելի վարժությունները և ճիշտ սնունդը պաշտպանում են նման խանգարումներից, սակայն, դա այդքան էլ ճիշտ չէ:
Ի՞նչ է Կեգելի վարժությունը
Կա երեք հատված, որոնց մկաններն աշխատում են Կեգելի վարժությունների կատարման ժամանակ` միզածորանի հատվածը, հեշտոցի և ուղիղ աղու հատվածները:
Ինչպե՞ս ամրացնել կոնքի հատակի մկանները
Կոնքի հատակի մկաններն ամրացնելու համար պետք է ձգել դրանք: Մկանները ձգելու համար արտակարգ հարմար են խորը կքանիստերը: Ուստի Կեգելի վարժություններն անհրաժեշտ է կատարել կքանստած` միայն այսպես կհաջողվի միաժամանակ և՛ կրճատել, և՛ ձգել մկանները: Խորը կքանիստերը պետք է կատարել օրական 3 անգամ:
Էլ ինչպե՞ս կարելի է հաղթահարել անմիզապահությունը
. պակասեցնել կոֆեինի օգտագործումը, քանի որ այն գրգռում է միզապարկը,
. չսահմանափակել հեղուկի օգտագործումը,
. չկատարել` ներորովայնային ճնշումը բարձրացնող վարժություններ,
. ձգել ազդրերի հետին մակերեսը, եթե Դուք ստիպված եք երկար ժամանակ նստել,
. չկրել բարձր կրունկներ:
Թարգմանված նյութի աղբյուրը՝ Doctors.am