Մեզի գույնը կարող է օգնել ախտորոշել բազմաթիվ հիվանդություններ: Առողջ մարդն օրվա ընթացքում արտադրում է 1-2 լիտր մեզ: Սակայն դրա ծավալը կախված է ընդունած հեղուկի քանակից, ինչպես նաև այլ գործոններից: Մեզի գույնը տատանվում է թեթևակի դեղինից մինչև խիստ շագանակագույն: Մասնագետները փաստում են, որ մեզի գույնը կախված է օրգանիզմում ջրի մակարդակից: Որքան շատ է մարդը խմում, այդքան ավելի բաց է մեզի գույնը:
Մեզի "ամենաառողջ" գույնը ծղոտի բաց գույնն է կամ թափանցիկ դեղինը: Առավոտյան բացարձակ նորմալ է, եթե մեզն ավելի մուգ է, քանի որ գիշերվա ընթացքում մենք հեղուկ չենք ընդունում: Կարմրավուն կամ վարդագույն մեզը ճակնդեղ կամ հապալաս ուտելու հետևանք է: Որոշ դեղամիջոցներ` ռիֆամպիցինը, ամիտրիպտիլինը, ինդոմետացինը, նույնպես կարող են փոխել մեզի գույնը:
Սակայն եթե գույնը փոխվում է ինքն իրեն, դա խնդրի նշան է: Նարնջագույն մեզը կարող է խոսել սաստիկ ջրազրկման մասին, երիկամներում քարերի կամ միզուղիներում վարակի առկայության մասին: Եթե կա վարակ, ապա միզարտադրությունն ուղեկցվում է ցավով կամ այրոցով:
Շագանակագույն կամ վարդագույն մեզը լյարդը ստուգելու անհրաժեշտության նշան է: Լյարդի հիվանդության մյուս նշաններից են որովայնի փքվածությունը, սրտխառնոցը, հոգնածությունը, արյունահոսությունների կամ կապտուկների հեշտ առաջացումը: Մեզի կարմրավուն գույնը, որը կոլա է հիշեցնում, խոսում է մեզում արյան առկայության մասին: Սովորաբար դա լինում է միզապարկի, երիկամների, շագանակագեղձի կամ միզածորանի քաղցկեղի դեպքում: Կոլա հիշեցնող գույնը նաև լինում է հեպատիտի, ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի կամ լեղածորանի բլոկադայի դեպքում: Եվս մեկ հնարավոր պատճառ դեղնուկի հետ կապված՝ բիլիրուբինի բարձր մակարդակը:
Աղբյուրը՝ Doctors.am