Տարբեր մարդկանց մոտ միգրենի նախանշանները կարող են տարբերվել, բայց կան նախանշաններ, որոնք ավելի հաճախ են պատահում, քան մյուսները:  Միգրենի նոպային կարող են նախորդել՝
 
Տրամադրության տատանումներ

Որոշ մարդիկ միգրենը սկսվելուց ժամեր կամ օրեր առաջ դառնում են առավել դյուրագրգիռ և դեպրեսիվ: Մարդիկ էլ կան, որ հակառակ դրան, միգրենից ժամեր առաջ երջանկության ու էյֆորիայի զգացումներ են ունենում:

Մարսողական խնդիրներ

Նախամիգրենային շրջանում հնարավոր է, որ մարսողական համակարգի հետ կապված խնդիրներ լինեն՝ ցավ ստամոքսում, փորկապություն կամ լուծ: Համապատասխան դեղորայքն իհարկե կարող է վերացնել դրանք, բայց դա միգրենը չի կանխարգելի:


Զգայնություն լույսի կամ ձայների նկատմամբ

Սրանք միգրենի սկսվելու ամենատարածված նշաններից են, և հաճախ կարող են շարունակվել նաև միգրենի նոպայի ընթացքում և դրանից հետո: Վառ լույսը կամ բարձր աղմուկը կարող են նույնիսկ նպաստել երկրորդ նոպայի առաջացմանը՝ նախորդից կարճ ժամանակ հետո:


Տեսողական խնդիրներ

Միգրենի սկսվելուց առաջ հնարավոր է՝ տեսողությունը դառնա աղոտ, հայտնվեն խամրած կետեր կամ թարթող լույս: Այս խնդիրները կարող են գնալով ավելի սրվել, բայց սովորաբար դրանք մեկ ժամից ավել չեն տևում:


Քնկոտություն և հոգնածություն

Հնարավոր է, որ միգրենից առաջ անսովոր հոգնածության զգացում լինի: Շատ կարճ կամ շատ երկարատև քունը կօգնի առույգանալ:Պետք է ուշադրություն դարձնել, թե քնի արդյունքում ախտանիշներն ինչպես են փոփոխվում: Հնարավոր է՝ քունը կանխի միգրենի առաջացումը:

Ի՞նչ անել

Ցավազրկողներ: Անհրաժեշտ է ցավազրկող միջոցներն ընդունել հնարավորինս շուտ՝ այն ժամանակ, երբ զգացվում են միգրենի առաջին նշանները: Բայց չպետք է մոռանալ, որ ցավազրկողների չափազանց շատ կամ շատ հաճախ ընդունումը կարող է ստամոքսի խոցի պատճառ դառնալ:


Քիչ քանակությամբ կոֆեին: Միգրենի վաղ շրջանում քիչ քանակությամբ սուրճը կարող է մեղմել ցավը: Այն ունակ է նաև ուժեղացնելու այնպիսի ցավազրկողների ազդեցությունը, ինչպիսիք են՝ ասպիրինը, ացետամինոֆենը և իբուպրոֆենը: Շատ կարևոր է չչարաշահել սուրճը. կոֆեինի մեծ քանակությունը կարող է խթանել միգրենի առաջացումը:


Մեդիտացիա: Ցանկալի է օրվա մեջ 10 րոպե տրամադրել մեդիտացիային: Շնչել խորը և դանդաղ, փորձել թուլացնել մարմնի յուրաքանչյուր մկանը: Դա իհարկե յուրաքանչյուր ժամանակ էլ կարող է օգտակար լինել, բայց մեդիտացիան հատկապես անհրաժեշտ է այն ժամանակ, երբ նկատելի են միգրենի նախանշանները:


Խուսափում ցավի հարուցիչ սննդամթերքներից: Հնեցված պանիրը, մրգերի որոշ տեսակներ, ընկույզը, ալկոհոլային խմիչքները, մարինացված և ֆերմենտացված մթերքները, հավելումները, ինչպիսիք են նիտրատը, որոշ մարդկանց մոտ կարող են միգրենային նոպա առաջացնել: Պետք է խուսափել նմանօրինակ մթերքների չարաշահումից:


Մութ սենյակում պառկելը: Մութ սենյակում պառկելը կարող է օգտակար լինել երկու առումով. այն ոչ միայն կհանգստացնի և կթուլացնի նյարդերը,  այլ նաև հեռու կպահի ցավն ավելի ուժեղացնող վառ լույսից:


Թարգմանված նյութի սկզբնաղբյուրը՝ Webmd
Աղբյուրը՝ Doctors.am