Միջմիզուկային լազերային մասնահատման վիրահատության ընթացքը մեկնաբանում է բ.գ.թ. դոցենտ, Իզմիրլյան բժշկական կենտրոնի Ուրոլոգիական կլինիկայի ղեկավար Արթուր Գրաբսկին:

Բժիշկ Գրաբսկի, ներկայացրեք խնդրեմ, ի՞նչ վիրահատության եք պատրաստվում: Ի՞նչ խնդիր ունի հիվանդը:

Հիվանդն այս պահին պատրաստված է վիրահատության՝ շագանակագեղձի բարորակ գերաճի խնդրով: Հիվանդությունը հանդիպում է հիմնականում 50-ից բարձր տարիքային խմբի տղամարդկանց մոտ և դրսևորվում հատկապես միզարձակման խանգարումներով:

Ի՞նչ եղանակով է վիրահատությունն իրականացվում:

Վիրահատությունը կատարվում է ոլորտում առկա ժամանակակից մեթոդներից մեկով՝ միջմիզուկային լազերային մասնահատման միջոցով (THUVARP): Նմանատիպ վիրահատություններից, որոնք իրականացվում են հոսանքային տեխնոլոգիայով, սա տարբերվում է նրանով, որ իրականացվում է լազերային գործիքով: Սարքավորումն այս պահին միակն է Հայաստանում: Այս տեխնոլոգիան Իզմիրլյան ԲԿ-ում կիրառվում է 2012 թվականից:

Ի՞նչ առանձնահատկություն ունի աշխատանքն այս սարքով:

Այն ունի մի շարք առավելություններ, որոնցից կառանձնացնեմ հատկապես բուժման առավել մեծ արդյունավետությունը, արյան կորստի անհամեմատ կրճատումը: Վիրահատական այս միջամտությունից հետո հիվանդը շատ արագ է ապաքինվում՝ նույնիսկ 1 օր հետո կարող է անցնել իր առօրյային:

 

RevoLix-ը բավական թանկարժեք սարքավորում է, և կենտրոնում հայտնվել է մեր սփյուռքահայ բարեկամ, բժիշկ Կարո Դերձակյանի շնորհիվ:

 

Այս ցուցումով վիրահատություններն Իզմիրլյան բժշկական կենտրոնում իրականացվում են միայն լազերայի՞ն տարբերակով:

Այո, 90 % դեպքերում նմանատիպ վիրահատություններն իրականացնում ենք լազերային եղանակով, սակայն մյուս տեխնոլոգիաները ևս առկա են՝ մոնոպոլյար ՏՈՒՌ, բիպոլյար և լազերային:

 

Երկա՞ր վիրահատություն է սպասվում:

Վիրահատությունը կտևի մոտ 1 ժամ: 

Doctors.am-ը մաղթում է հաջող վիրահատական ընթացք:  

 


Հեղինակ՝ Ամալյա Գրիգորյան
Լուսանկարները՝ Լուսինե Գրիգորյանի
Սկզբնաղբյուր՝ Doctors.am
13 Փետրվարի, 2015